Գյուրջուլուի իսլամական դամբարանը

Տեղադրությունը

Դամբարանը (նկ. 1, 2) գտնվում է օկուպացված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Գյուրջուլու գյուղի հարավային եզրին՝ երբեմնի Նովլու բնակավայրից եկող ճանապարհի աջ կողմում ծովի մակերևույթից 958 մետր բարձրության վրա (Կարապետյան 1999, 189), նախալեռնային գոտում:

Նկ. 1 Դամբարանի ընդհանուր տեսքը, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Նկ. 2 Դամբարանի ընդհանուր տեսքը, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Պատմական ակնարկ

Դամբարանի մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Դամբարանի վրա չկա և ոչ մի արձանագրություն՝ թեև մուտքի բարավորը կարծես նախատեսված լիներ արձանագրության համար: Առհասարակ, իսլամական դամբարաններից շատերն արձանագրություններ,չունեն ուստի տեղեկությունները թերի են ոչ միայն կառուցող ճարտարապետների, այլև պատվիրատուների մասին (Հովսեփյան 2025, 24-30): Հիմք ընդունելով դամբարանի ճարտարապետական, կառուցողական առանձնահատկությունները (ութանիստ ծավալ, վրանաձև ծածկ, ստորգետնյա թաղման խցի բացակայություն, պարզ տապանաքարեր, մուտքի սլաքաձև ձևավրում) այն բնորոշ է 15-17-րդ դարերի դամբարաններին, թեև ճարտարապետության տեսաբան Ա. Սալամզադեն այն թվագրում է 17-18-րդ դարերով (Саламзаде 1964, 37, 52-53):

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Գյուրջուլուի դամբարանը կառուցված է սրբատաշ դեղնավուն քարով, կրաշաղախով: Դամբարանն՝ ի տարբերություն 13-14-րդ դարերի իսլամական դամբաարնների, չունի առանձին ստորգետնյա թաղման խուց, թաղումն արված է աղոթասրահում: Դամբարանն ունի ութանիստ ծավալ (նկ. 3, 4): Նիստերն ավարտվում են շթաքարային առանձին գոտիով, որն ապահովում է անցումը տասնվեցակող վեղարին (նկ. 5, Саламзаде 1964, 52-53): Խորաքանդակ շրջանակի մեջ վերցված ուղղանկյուն մուտքը բացվում է հյուսիսային նիստում (նկ. 6): Ներքուստ դամբարանն ունի կիսագնդաձև գմբեթ, որի կողպեքի քարը խաչաձև է: Դամբարանի ներսում՝ հարավային կողմում գտնվում է մեհրաբը: Դամբարանի շուրջը գտնվում են գերեզմանաքարեր, որոնք, չունեն արձանագրություններ, սակայն իրենց ընդհանուր տեսքը և ձևը նման է հայկական միջնադարյան տապանաքարերին (Կարապետյան 1999, 189): Դամբարանի ծածկի լիցքի մեջ տեղադրված են կճուճներ, կարասների բեկորներ (նկ. 7): Դամբարանն ունի մեկ լուսամուտ (նկ. 8):

Նկ. 3 Դամբարանի ութանիստ ծավալը, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Նկ. 6 Դամբարանի մուտքը, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Նկ. 4 Դամբարանի ութանիստ ծավալը, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Նկ. 7 Դամբարանի թմբուկի լիցքի մեջ տեղադրված կճուճներն ու կարասները, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Նկ. 5 Դամբարանի քանդակազարդ գոտին, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Նկ. 8 Դամբարանի միակ լուսամուտը, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Դամբարանն ունի գերազանդ պահպանություն և կարիք ունի միայն թեթև նորոգման՝ պայմանավորված երեսպատման որոշ քարերի բացակայությամբ (նկ. 9): Խորհրդային տարիներին շրջակա ադրբեջանական գյուղերի բնակիչները շինության վրա թողել են տասնյակ ադրբեջաներեն գրություններ, որոնք արված են ներկով և փորագրությամբ: Դամբարանն Արցախյան պատերազմների ժամանակ չի տուժել:

Նկ. 9 Դամբարանի վնասված հատվածները, լուս.՝ Լ. Հովհաննիսյանի:

Գրականություն

  1. Կարապետյան 1999 - Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան:
  2. Հովսեփյան 2025 - Հովսեփյան Ռ., Արցախի իսլամական հուշարձանները պատմաժամանակային համատեքստում, Հուշարձան, Երևան, հմր. 2, էջ 22-39:
  3. Саламзаде 1964 - Саламзаде А., Архитектура Азербайджана XVI-XIX веков, Баку.
Գյուրջուլուի իսլամական դամբարանը
Գյուրջուլուի իսլամական դամբարանը
Գյուրջուլուի իսլամական դամբարանը
Արցախ