ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին, որտեղ ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիան ու դրա հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը Հայաստանում։ Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ «․․․ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս»։
Ներկայացնելով ադրբեջանական հարձակումներն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակը տարածաշրջանում, վարչապետն անդրադարձավ նաև արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի մշակութային ժառանգության պահպանության վտանգներին և խնդիրներին, մասնավորապես նշելով․ «Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգևոր-սոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ մեր կառավարության օրակարգում։ ․․․Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով»։