Շուշի քաղաքի պատմության թանգարան
Պատմությունը
Շուշի քաղաքի պատմության թանգարանը տեղակայված էր քաղաքի «Ձորի թաղ» կոչվող թաղամասի կենտրոնում՝ ցարական բանակի փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին (Գրամով) պատկանող առանձնատան շենքում՝ Մեսրոպ Մաշտոցի փ․ 32 հասցեում (նկ. 1)։ Շինությունը 19-րդ դարի սկզբին պատկանել է փոխգնդապետ Եսայի Ղարամյանցին (Գրամով)։ 1918 թվականին Ղարամյանների գերդասատանին պատկանող այդ շենքը զավթել է հայատյաց բժիշկ Մեհմանդարովը։ 1921-1971/72 թվականներին շենքը ծառայել է որպես ծննդատուն, 1973 թվականից մինչև 1992 թվականը շենքում գործել է «Արևելյան գորգերի թանգարանը»։ 1992 թվականի մայիսի 28-ին այստեղ բացվել է «Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը», որը 2014 թվականից վերանվանվել է «Շուշի քաղաքի պատմության թանգարան»։
Թանգարանն ուներ հարուստ ցուցադրություն. նախասրահում ցուցադրվում էին երկրագործական և տնտեսական կյանքը, կենցաղը ներկայացնող գործիքներ և հարմարանքներ՝ լուծ, կամն, գութան, բահեր, գերանդիներ, եղան, խնոցի, օրորոց և այլն (նկ․ 2-5): Բուն ցուցադրությունն սկսվում էր երկրորդ հարկում և ներկայացնում էր Շուշիի և շրջակայքի հնագիտական պեղումներից գտնված առակաները՝ մ․ թ․ ա․ II հազարամյակից մինչև ուշ միջնադար (Պետրոսյան, Սաֆարյան 2007) (նկ․ 6-11)։ Ընդարձակ հատված նվիրված էր Շուշիի կենցաղին․ ներկայացված էին կահույք, խոհանոցային զանազան իրեր (նկ․ 12), երաժշտական գործիքներ, գորգեր և կարպետներ (նկ․ 13)։ Ցուցասրահի առանձին հատվածում ներկայացված էր 19-րդ դարի Շուշիի բարեկեցիկ ընտանիքի բնակարանի ներքնատեսքը (նկ․ 14)։
Հավաքածուն
Թանգարանի հավաքածուն բաղկացած էր շուրջ 5000 ցուցանմուշից։ Դրանք ներկայացնում էին Շուշիում պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական իրեր, 18-20-րդ դարերին վերաբերող ազգագրական բնույթի առարկաներ, ինչպես նաև գրքեր, հրատարակություններ, լուսանկարներ, դրամագիտական հավաքածուներ և այլ վավերագրեր։
19-րդ դարի կենցաղի առարկաները լուսաբանում էին Հարավային Կովկասի կարևոր մշակութային կենտրոնի՝ Շուշի քաղաքի բնակիչների կյանքը։ (Դանիելյան, Գասպարյան 2022, 190): Ցուցասրահների պատերին տեղադրված լուսանկարների և վահանակների հավաքածուն շոշափելի են դարձնում այդ դարաշրջաններիի բնակավայրի առօրյա կյանքը։
Առանձին վահանակների միջոցով ներկայացվում էր Արցախյան առաջին պատերազմի, Ապրիլյան քառօրյա պատերազմի պատմությունը՝ զենքերի, տարաբնույթ վնասազերծված ականների և այլ մասունքների միջոցով։ Առանձին վահանակ էր տրամադրված 1992 թվականի մայիսի 8-9-ը Շուշիի ազատագրման պատմությանը։ Այս թեմայի շրջանակներում ներկայացվում էր «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության մանրակերտը (նկ․ 15):
Գործունեությունը պատերազմից առաջ
Շուշի քաղաքի պատմության թանգարանը Շուշիում քաղաքում բացված առաջին մշակութային կառույցներից մեկն էր։ Այն զբաղվում էր ոչ միայն ցուցադրական և կրթական, այլ նաև հավաքչական և հետազոտական գործունեությամբ։ Տարիներ շարունակ այստեղ էին հավաքվում Շուշի քաղաքի ճարտարապետական կառույցներին, հայտնի հասարակական գործիչներին և քաղաքային կյանքին վերաբերող տեղեկությունները և վավերագրերը։
Վերջին տարիներին թանգարանում կազմակերպվում էին նաև Թանգարանների միջազգային օրվան, Եվրոպական մշակութային ժառանգության օրվան և մասնագիտական այլ օրերին նվիրված միջոցառումներ և այցելություններ։
Վիճակը պատերազմից հետո
44-օրյա պատերազմի ընթացքում թանգարանի ամբողջ ցուցադրությունը և ֆոնդերում պահվող առարկաները մնացել են ադրբեջանական վերհսկողության տակ։
Շուշիի բռնազավթումից հետո ոչինչ հայտնի չէ հավաքածուի գտնվելու վայրի, պահպանման պայմանների և վիճակի վերաբերյալ։ Հայկական ժառանգության բռնայուրացման ադրբեջանական քաղաքականությունը հանրահայտ իրողություն է։ Հետևաբար թանգարանի հավաքածուի պահպանությունը և ֆիզիկական գոյությունը լուրջ վտանգի մեջ է։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Գրականություն
- Դանիելյան, Գասպարյան 2022 – Դանիելյան Ե., Գասպարյան Լ., Շուշի քաղաքի թանգարանները, Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, Երևան, 189-190:
- Պետրոսյան, Սաֆարյան 2007 – Պետրոսյան Հ․, Սաֆարյան Վ․, Միջնադարյան Շուշին ըստ հնագիտական պեղումների // Շուշին հայոց քաղաքակրթության օրրան, Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր,Երևան, էջ 268-272: