Վերին Ղլիջբաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին

Տեղադրությունը

Սբ․ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ասկերանի շրջանում, Վերին  Ղլիջբաղ գյուղատեղիում (նկ․ 1)։ 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից։

Նկ․ 1 Եկեղեցին հարավից, 2021 թ., լուս․ Մ․ Վանյանի։

Պատմական ակնարկ

Վերին Ղլիջբաղ գյուղատեղին գտնվում է Խնապատ գյուղից հյուսիս-արևմուտք։  Ըստ Մ․ Բարխուդարյանի «Ղլիջբաղի բնակիչք բնիկ են» (Բարխուտարեանց 1895, 106):  Գյուղի բնակիչները խորհրդային իշխանության տարիներին տեղափոխվել են նախալեռնային գոտի՝ ներկայիս Ղլիջբաղի տարածք, որն անվանել են Ներքին Ղլիջբաղ։

Ճարտարապետա - հորինվածքային քննություն

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Այն արևելյան կողմում եզրափակվում է կիսաշրջան խորանով, երկու կողմերում ունենալով  ավանդատներ (նկ․2)։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են երկու պատրհաններ։ Բեմը ներկայումս չի պահպանվել։ Գլանաձև թաղը հենվում է երկու զույգ պատկից սյուներից բարձրացող կամարների վրա (նկ․3)։ Տանիքն արտաքուստ հողածածկ է։

Եկեղեցին զուրկ է հարդարանքից, բացառությամբ ներսում պատերին ագուցված մի քանի պարզունակ խաչքարերի (նկ․ 4, 5)։ Կառուցված է տեղական կոպտատաշ կրաքարով, պատերի անկյունները, շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը սրբատաշ են։ Միակ մուտքը հարավից է (նկ․ 6): Եկեղեցու բարավորի վրա պահպանվել է կառուցման թվականը՝ «1861 ամ[ի]» (նկ․ 7)։

Նկ․ 3 Եկեղեցին ներսից, 2021 թ., լուս․ Մ․ Վանյանի։

Նկ․ 5 Եկեղեցու ներսում ագուցված խաչքարեր, 2021 թ., լուս․ Մ․ Վանյանի։

Նկ․ 2 Եկեղեցին ներսից, 2021 թ., լուս․ Գ․ Բուդաղյանի։

Նկ․ 4 Եկեղեցու ներսում ագուցված խաչքարեր, 2021 թ., լուս․ Մ․ Վանյանի։

Նկ․ 6 Եկեղեցու մուտքը, 2021 թ., լուս․ Մ․ Վանյանի։

Նկ․ 7 Եկեղեցու բարավորը, 2021 թ., լուս․ Մ․ Վանյանի։

Լուսավորվում է արևմտյան և արևելյան կողմերից բացվող չորս փոքր և հարավային կողմում բացվող երկու մեծ լուսամուտներով։ Այս վերջին երկուսը մեծացվել են հետագա ժամանակներում, ամենայն հավանականությամբ, երբ եկեղեցին օգտագործվում էր տնտեսական նպատակներով։

Եկեղեցու շուրջը տարածվում է հին գերեզմանատունը (նկ․ 8, 9)։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Եկեղեցին գտնվում էր բավարար վիճակում։ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ չի տուժել։ Ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Նկ․ 8 Գերեզմանոցը, 2021 թ., լուս․ Մ․ Վանյանի։

Նկ․ 9 Գերեզմանոցը, 2021 թ․, լուս․ Մ․ Վանյանի։

Գրականություն

1․ Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու։

2․ Սարգսյան Ս․ Արցախի բնակավայրերը, Երևան, 2018։

Վերին Ղլիջբաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Վերին Ղլիջբաղի Սբ․ Աստվածածին եկեղեցին
Ասկերանի շրջան
Արցախ