2023 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ բացվեց «Հավերժի վավերագրություն․ Արցախ» լուսանկարչական ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրությունը բաղկացած է ավելի քան 50 վավերագրական և գեղարվեստական լուսանկարներից, որոնք ընտրվել են նախօրոք հայտարարված մրցույթի բազմաթիվ հայտերից։ Բացմանը ելույթներով հանդես եկան ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, մրցույթի մասնագիտական խորհրդի անդամ, ԳԱԹ գիտքարտուղար Մարինե Հարոյանը։ «Հավերժի վավերագրություն. Արցախ» խորագրով լուսանկարչական մրցույթն ու դրա արդյունքում կազմակերպված համանուն ցուցադրությունն իրականացվել է «Հավերժի վավերագրողները. Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» ցուցադրության շրջանակում և նպատակ ունի մեկ անգամ ևս ներկայացնելու Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը՝ այցելուի ուշադրությունը սևեռելով դրա պահպանության հրատապության վրա: Ցուցադրությունը բաց կլինի այցելուների համար շուրջ մեկ ամիս։