Աղդամի մզկիթը

Տեղադրությունը

Աղդամի մզկիթը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ասկերան քաղաքի Ակնա թաղամասում, համաձայն Խորհրդային Ադրբեջանի վարչատարածքային բաժանման՝ Աղդամի շրջանի շրջկենտրոն հանդիսացող Աղդամ քաղաքի տարածքում՝ նրա կենտրոնում (նկ. 1, 2):

Նկ. 1 Մզկիթի ընդհանուր տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի

Նկ. 2 Մզկիթի ընդհանուր տեսքը, լուս. Հ. Պետրոսյանի

Պատմական ակնարկ

Աղդամի մզկիթը կառուցվել է 1868-1870 թվականներին ճարտարապետ Քերբալա Սեֆիխան Ղաբաղիի նախագծով: Այն եղել է Աղդամի գլխավոր կամ ջումա մզկիթը:

Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն

Մզկիթը մեծ, ուղղանկյուն շինություն է: Առջևում գտնվում է լայն կամարակապ բացվածքով նախասրահը, որի երկու կողմերում գտնվում են առաջին և երկրորդ հարկերի սրահների լայն, կամարակապ պատուհանները: Այն ներքուստ երկհարկ է: Մզկիթը կառուցված է տեղական սպիտակ կրաքարից, պատերը շարված են հասարակ ու կոպտատաշ քարերով, իսկ կրաշաղախի հմտորեն արված ծեփը զգալիորեն հարթեցնում է արտաքին պատերը: Ներսից մզկիթի պատերը եղել են սվաղված: Մզկիթն ունի մեծ պատուհաններ, որոնց շրջանակները և կամարունքերը շարված են սրբատաշ քարերով:

Մզկիթի մուտքի վերևում տեսանելի են կապույտ ներկով արված և շրջանակի մեջ վերցված արաբերեն գրություններ, որոնք Ղուրանից են: Կենտրոնական գրությունը հետևյալն է. «Չկա ուրիշ աստվածություն բացի Ալլահից, Մուհամմեդը նրա առաքյալն է, Ալին Ալլահի օգնականը» (Нейматова 2011, 206): Գլխավոր մուտքի ամբողջ ճակատը ներկված է կապույտ գույնով։ Կենտրոնական մուտքի դռան աջ և ձախ կողմերում կան դեպի երկու փոքր սենյակներ տանող երկու դռներ:

Ընդարձակ դահլիճի երկայնքով, երկու կողմից ձգվում են կամարակապ սյուները, որոնք իրենց վրա կրում են տանիքի ողջ ծանրությունը: Ձևավորված սլաքաձև կամարներն ու թաղերն իրականացված են աղյուսով և կենտրոնում պսակվում են աղյուսաշեն գմբեթներով (նկ. 3, 4): Սյուները սրբատաշ քարից են, ութանկյուն են և ուղղակի նմանություն ունեն Շուշիի Վերին և Ներքին մզկիթների, Շուշիի Սաաթլի մզկիթի, Ֆիզուլու, Աբդալի, Հորադիսի մզկիթներին: Սյուները ձևավորում են եռանավ ներքին տարածությունը, իսկ երկայնական պատերի որմնամույթերի հետ միասին կրում են երկրորդ հարկի սրահների ծանրությունը: Շինության ներսում՝ հարավային պատի կենտրոնում է գտնվում միհրաբը (Фатуллаев 1986, 261-266): Միհրաբի մոտ կա մեկ այլ արաբերեն արձանագրություն, համաձայն որի՝ մզկիթի ներքին տարածության և միհրաբի զարդարումը կատարել է վարպետ Մուհամմեդ Նաղաշ Թավրիզին 1913 թվականին (https://qarabag.com/djumamechetagdama/

Նկ. 3 Մզկիթի աղյուսե գմբեթները, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 4 Մզկիթի տանիքը, լուս. Հ. Պետրոսյանի։

Մզկիթն ունի երկու մինարեթ, որոնք կառուցված են թրծած աղյուսից գլխավոր ճակատի անկյուններում (նկ. 5-8): Մինարեթների պատերում աղյուսի շարվածքով ստացվել են երկրաչափական հարդարանքներ: Մինարեթների վերևի հատվածը, որը նախատեսված է աղոթքի հրավիրելու համար, փայտից է, թիթեղյա տանիքով: Մինարեթներ կարելի է բարձրանալ ներքին աղյուսե աստիճաններով: Դեպի մինարեթներ տանում են երկու առանձին մուտքեր: Մինարեթների վրա կան աղյուսի վրա սպիտակ ներկով արված արաբատառ գրություններ, որոնք Ղուրանից մեջբերումներ են:

Նկ. 5 Մզկիթի մինարեն, լուս, Հ. Պետրոսյանի։

Նկ. 6 Մզկիթի մինարեն, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 7 Մզկիթի մինարեն, լուս. Հ. Պետրոսյանի։

Նկ. 8 Մզկիթի մինարեն, լուս. Հ. Պետրոսյանի։

Աղդամի մզկիթը նման է Արցախի տարածքում հատկապես 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցված մզկիթներին, որոնց բնորոշ է ընդարձակ սյունազարդ եռանավ դահլիճը, սրա առջև գտնվող եռակամար սրահը, ութանկյուն սյուները: Ուշագրավ է, որ նման մզկիթների ոճը ձևավորվել և իր տեսքն է ստացել Շուշի քաղաքում և առաջին ու լավագույն օրինակները հենց այս քաղաքից են: Այս տեսակի մզկիթները բացառապես ներկայացված են Քերբալա Սեֆիխան Ղարաբաղիի և նրա հետևորդների կողմից նախագծված մզկիթներով: Շ. Ֆաթուլաևը, խոսելով Ադրբեջանի տարածքի մզկիթաշինության մասին, Ղարաբաղին բնորոշ մզկիթաշինությունը ներկայացնում է միայն Քերբալա Սեֆիխանի նախագծած մզկիթներով (Фатуллаев 1986, 237, 259):

Վիճակը պատերազմից առաջ և հետո

Մզկիթի շենքը 1970-1980-ական թվականներին վերանորոգվել է, վերակառուցվել՝ մասնավորապես մարմարով երեսպատվել են նրա արտաքին ճակատները (նկ. 9): Մզկիթը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ չի տուժել, հիմնական ծավալը կանգուն էր գրեթե առանց փոփոխությունների: Արցախի Հանրապետության Մշակույթի նախարարության ցուցումով մզկիթում տեղադրվել էր երկաթե ցանցկեն դուռ՝ մզկիթի տարածքի առավել ապահով պահպանման համար: Դուռը տեղադրվել էր առաջին հերթին շրջակա տարածքներում թափառող կենդանիների մուտքը արգելելու և մզկիթի ներսույթը չապականելու համար: Նախքան դա մզկիթի ներսը մաքրվել է: Մզկիթի բոլոր արաբատառ արձանագրությունները տեղում են, չեն եղծվել և ջնջվել: Անվնաս էին մինարեթները, նրանց փայտե պատշգամբները, երկաթե տանիքը և մահիկները, ներկագիր արձանագրությունները: Անվնաս է մզկիթի միհրաբը: Մզկիթի ներսի որոշ պատերի վրա կան միտումնավոր արված գրություններ:

2020 թվականի դեկտեմբերին Աղդամ մզկիթն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, սկսած 2022 թվականից մզկիթի շենքը վերանորոգվում է Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի կողմից:

Նկ. 9 Մզկիթի երեսպատված ճակատներից, լուս. Հ. Պետրոսյանի։

Գրականություն

  1. Нейматова 2011 - Нейматова М., Корпус эпиграфических памятников Азербайджана, том V, Баку․
  2. Фатуллаев 1986 - Фатуллаев Ш., Градостроительство и архитектура Азербайджана XIX-начала XX века, Москва․
  3. Джума мечеть Агдама, https://qarabag.com/djumamechetagdama/․
Աղդամի մզկիթը
Աղդամի մզկիթը
Աղդամի մզկիթը
Արցախ