Խադարի վանքը․ ընդհանուր տեղեկություններ

Տեղադրությունը

Խադարի վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափի մի դժվարամատչելի անտառապատ լեռնահարթակի վրա, որի ստորոտով հոսում է գետը։ Արցախյան երկրորդ պատերազմից առաջ վանքն Արցախի Հանրապետության Նոր Շահումյանի շրջանի կազմում էր։ Ներկայումս վանքն օկուպացված է Ադրբեջանի կողմից (նկ. 1):

Նկ. 1 Խադարի վանքի ընդհանուր տեսքը հարավ-արևմուտքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Պատմական ակնարկ

Խադարի վանքը Արցախի նշանավոր կրոնական, կրթական և մշակութային կենտրոններից է։ Վանքի անունն, ըստ ավանդության, ծագել է Թադևոս առաքյալի Խադ աշակերտի անունից, ով Արցախում քրիստոնեություն տարածող առաջին քարոզիչներից էր (Շահխաթունեանց 1842, 163)։ Արձանագրություններում և պատմական հիշատակություններում վանքն անվանվում է Խադավանք կամ Խադարի վանք, որը ժողովրդական արտասանությամբ վերածվել է Խաթրավանքի։ Վանքն ամբողջացել է տարբեր ժամանակներում կառուցված և վերակառուցված մի շարք շինությունների ստեղծման արդյունքում։

Խաթրավանքում կառույցների ժամանակագրական հաջորդականությունը պարզելու համար կարևոր կռվան են ինչպես առկա կառույցների Ճարտարապետա-շինարարական առանձնահատկությունները, այնպես էլ բավական առատ պահպանված շինարարական արձանագրությունները։ Վանքում շատ են նաև խաչքարերը, որոնք ավելի վաղ թվագրություն ունեն քան վանքի ճարտարապետական կառույցները, ինչը հուշում է, որ վանքի տեղում ավելի վաղ միջնադարյան գերեզմանոց է եղել (Կարապետյան 2012, 13)։ Այդ գերեզմանոցին պատկանող շատ խաչքարեր հետագայում ագուցվել են վանքի շինությունների պատերի մեջ (նկ. 2)։

Տեղանքի բարդ ռելիեֆի և զգալի թեքության պատճառով կառուցապատումն իրականացվել է տարբեր բարձրության հարթակների վրա: Հրվանդանի գագաթին տեղակայված են Սբ. Աստվածածին եկեղեցին, գավիթն ու մատուռները, զանգակատունը, դարպասը, խցերը, բնակելի ավելի մեծ չափերի մեկ կառույց: Ամենացածր հարթակի վրա տեղադրված է աշխարհիկ նշանակության մեկ այլ կառույց, որը, ենթադրաբար, վանքի գրատունն է եղել (Հասրաթյան 1992, 68; նկ․ 3):

Նկ․ 2 Խաչքարերի վերաօգտագործումը եկեղեցական հմալիրի արևելայան պատի մեջ, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Նկ․ 3 Խադարի վանքի ընդհանուր տեքսը հյուսիս-արևելքից, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Խադարի վանքի հիմնադրման և գործունեության ավելի վաղ շրջանի մասին տեղեկություններ չկան: 12-րդ դարում այն արդեն Ծար իշխանության հոգևոր կենտրոնն էր և տապանատունը։ Վանքի պատերի մեջ տեղադրված խաչքարերով ու վիմագրերով կարելի է բացել գավառի պատմության ու մշակույթի այնպիսի շերտեր, որոնց մասին ուրիշ աղբյուրներ գոյություն չունեն։ Վանքի հնագույն, այսօր պահպանված, կառույցը հուշարձանախմբի հյուսիսային մատուռն է (նկ. 4)։ Այդ մասին վկայում է շինարարական արձանագրությունը, որը տեղադրված է մատուռի հարավային պատին։ Արձանագրության համաձայն հնագույն կառույցն հիմնադրել է Դեսումի դուստր Սեդան՝ 1182 թվականին (Կարապետյան 2012, 15)։ Վանքի վերստին շենացումը սկսվել է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Այդ վերակառուցումը կապված է այդ ժամանակի կրոնական խոշոր գործիչ Հովհաննես Խաչենեցու անվան հետ։ Վերջինս եղել է ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի որդիների՝ Իվանեի և Զաքարեի դաստիարակը (Գանձակեցի 1961, 171), ապա՝ Սանահինի և Հաղպատի վանքերի վանահայրը (Ուլուբաբյան 1974, 45-46)։ Հաղպատը թողնելով և վերադառնակով Խաչեն, նա վերականգում է Խադարի վանքը և կառուցում համալիրի հարավային եկեղեցին), ինչի մասին վկայում է եկեղեցու արևելյան ճակատի շինարարական արձանագրությունը ․ «Ի :ՈԾԳ: թուիս (1204 թ.), ես Տ[է]ր Յոհանէս շինեցի զեկեղ/եցիս և ժողովեցի զխաչ և զգիրք, որ ի սմա…» (ԴՀՎ 5, 121, արձանագրության քննությունը կապված նրանում հիշատակվող «խաչս և գիրքս» արտահայտության հետ տե՛ս «Խադարի վանքի հայտնի արձանագրությունը» բաժնում):

Նկ․ 4 Խաթրավանքի գլխավոր հատակագիծը՝ վերակառուցումների և շինարարական փուլերի նշումով, չափագրությունը՝ Ս․ Կարապետյանի, Է․ Աբրահամյանի, մշակումը՝ Ա․ Հակոբյանի։

Վանքը մի քանի անգամ մեծ նորոգումների ու կառուցումների է ենթարկվել։ 1225 թվականին Զաքարյան Զաքարեի և Իվանեի քույր, իշխանուհի Դոփը արդեն գոյություն ունեցող՝ 1182 և 1204 թվականներին կառուցված մատուռ-եկեղեցիների միջև եղած տարածության վրա կառուցւոմ է գավիթ, իսկ վերջինիս արևելյան կողմում՝ մատուռ որի արևելյան խորանը փաստորեն դառնում է գավիթ-եկեղեցու գլխավոր խորանը: Այս մասին վկայում է մատուռի հյուսիսային պատի արտաքին ճակատին արված արձանագրությունը. «Թո[ւին] :ՈՀԴ: ես Դոփս,/ դուստր Ս[ար]գսի, քոյր Զաքարէի եւ Իւանէի [շ]/ինեցի գգաւիթս/ եկեղեցոյս եւ զմատուռս…» (ԴՀՎ 5, 127):

Այսպիսով, Խադարի վանքի ներկայիս հուշարձանախումբը ձևավորվել և ամբողջացել է 1182-1239 թվականներին (Կարապետյան 2012, 20)։ Հետագայում իրականացվել են վերակառուցումներ։ Վանքի շինությունները նորոգվել են իշխան Հասան Բ -ի , Գրիգոր Բ-ի ու նրա կին Ասփայի կողմից 13-րդ դարի վերջին և 14-ի սկզբին: 17-րդ դարում ևս Խադարի վանքի վարդապետներ Հովհաննեսի, Աթանասի, Բարսեղի և Ղազարի նախաձեռնությամբ նորոգումներ են կատարվել (ԴՀՎ 5, 126-127): Խադարի վանքի վանքի ժամանակակից համալիրը ներկայանում է որպես մի քանի շինարարական փուլերի արդյունք (նկ․ 4)։ Համալիրի շատ շինություններ գտնվում են բուսածածկույթների տակ, այդ իսկ պատճառով հուշարձանախմբի ավարտուն կազմի մասին վերջնական պատկերացում կարող են տալ պեղման և մաքրման հետագա աշխատանքները, որոնց իրականացումը ներկայումս հաստատված իրավիճակով պայմանավորված, անհնար է։

Գրականություն

  1. Գանձակեցի 1961 - Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Հայկական ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան:
  2. ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, կազմող Բարխուդարյան Ս․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982:
  3. Կարապետյան 2012 - Կարապետյան Ս․, Նոր տվյալներ Խաթրավանքի հիմնադրման և շինարարական ընթացքի մասին, Վարձք, թիվ 7, էջ 13-21։
  4. Հասրաթյան 1992 - Հասրաթյան Մ․, Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը, Հայաստանի ԳԱ հրատ․, Երևան։
  5. Մաթևոսյան 1984 - Մաթևոսյան Ա․, Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ, ԺԳ դար, Երևան։
  6. Շահխաթունեանց 1842 - Շահխաթունեանց Յ․, Ստորագրութիւն Կաթողիկե Էջմիածնի և հինգ գաւառացն Այրարատայ, հ․ Ա, Էջմիածին։
  7. Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան։
Խադարի վանքը․ ընդհանուր տեղեկություններ
Խադարի վանքը․ ընդհանուր տեղեկություններ
Մարտակերտի շրջան
Արցախ