Թալիշի հուշահամալիրը

Տեղադրությունը

Թալիշի Հայրենական և Ազատագրական պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում (նկ. 1, 2)։

Գյուղը 2020 թվականին օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

Նկ. 1 Թալիշի հուշահամալիրը, լուս.՝ Ս. Ասրիյանի։

Նկ. 2 Թալիշի հուշահամալիրը, լուս.՝ Ս. Ասրիյանի։

Պատմական ակնարկ

Հուշահամալիրը կառուցվել է դեռևս 1968 թվականին կառուցված Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի տարածքում (Բալայան 2020, 291), որպես գոյություն ունեցող համալիրի շարունակություն։ Հայրենական պատերազմին նվիրված հուշահամալիրը բաղկացած է եղել զինվորի քանդակից և հուշապատից։ 1992 թվականին Ադրբեջանական տիրապետության ժամանակ զինվորի արձանը տանկով տապալվել է, մնացել է միայն հուշապատը (նկ. 3)։ Թալիշի ազատագրումից հետո հուշապատի ձախ կողմում հուղարկավորվել են չորս ազատամարտիկներ։ Հետագայում բարերար, ծնունդով թալիշեցի Բորիս Սաղաթելյանի առաջարկով և ֆինանսավորմամբ հուշահամալիրին կցվել է նաև Ազատագրական պատերազմի զոհերին նվիրված հուշարձանախումբը՝ արծիվների քանդակը, Ազատագրական պատերազմի զոհերի նկարներով հուշապատը և խաչքարերը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2007 թվականին, իսկ հուշահամալիրի պաշտոնական բացումը իրականացվել է 2009 թվականի սեպտեմբերի 5-ին (նկ. 4)։

Նկ. 3 Թալիշի հուշահամալիրը մինչև 2009 թվականի հավելումները, լուս.՝ Ս. Ասրիյանի։

Նկ. 4 Հուշահամալիրի բացումը, 2009 թ., լուս.՝ Ս. Ասրիյանի։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Հուշահամալիրը կազմված է 3 մասից՝ կենտրոնում հակադեմ դիրքով և միմյանցից վահանով բաժանվող արծիվների քանդակներից, հուշապատերից և խաչքարերից (հուշահամալիրի երկարություն 48 մետր է, լայնություն՝ 38 մետր, տեղեկությունը ըստ ԼՂՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարանի, նկ. 5)։ Արծվաքանդակներից ձախ կառուցված պատի վրա (հուշապատը գոյություն է ունեցել մինչև հուշահամալիրի կառուցումը) փորագրված են Հայրենական պատերազմում զոհված թալիշեցիների անունները, իսկ աջ կողմում Ազատագրական պատերազմում զոհված թալիշեցիների նկարները և անունները։ Ավելի ձախ տեղադրված է 1992 թվականին Թալիշի բնակիչների բռնատեղահանման ընթացքում սպանված 24 զոհերի անունները կրող խաչքարախումբը (նկ. 6)։ Ամբողջ հուշահամալիրը երեսպատված է տուֆի սալիկներով։

Նկ. 5 Հուշահամալիրի նախագիծը, լուս.՝ Ս. Ասրիյանի։

Նկ. 6 Խաչքարախումբ հուշահամալիրի տարածքում, լուս.՝ Ս. Ասրիյանի։

Քառօրյա պատերազմից հետո Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ 2017 թվականին հուշահամալիրի մուտքի երկու կողմերում տեղադրվում է երկու հուշարձան-խաչքար՝ մեկը նվիրված Քառօրյա պատերազմի զոհերին, մյուսը Թալիշի «վերածննդին» (աշխատանքների հեղինակը խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանն է, նկ. 7, 8)։ «Վերածնունդ» հուշարձանի տեղադրությունից հետո հուշահամալիրը ստացել է «Վրածնված Թալիշ» անվանումը։

Նկ. 7 Հուշահամալիրի մուտքի դիմացի խաչքար-հուշարձանը, լուս.՝ Վ. Համբարձումյանի։

Նկ. 8 Հուշահամալիրի մուտքի դիմացի խաչքար-հուշարձանը, լուս.՝ Artsakhpress.am կայքի։

Վիճակը պատերազմի ընթացքում և հետո

Հուշահամալիրը 2020 թվականի ադրբեջանական օկուպացիայից հետո՝ ավերվել է, իսկ հետագայում հիմնահատակ ոչնչացվել (մանրամասն տես՝ «Վերածնված Թալիշ» հուշարձանի ավերումը

Գրականություն

  1. Բալայան 2020 - Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր, Երևան:
Թալիշի հուշահամալիրը
Թալիշի հուշահամալիրը
Մարտակերտի շրջան
Արցախ