Մոխրաթաղի Մելիք Իսրայելյանների ապարանքը

Տեղադրությունը

Մելիք-Իսրայելյանների ապարանքը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից արևմուտք, Թարթառ գետի աջ ափի մի դժվարամատչելի անտառապատ լեռնահարթակի վրա՝ Իննը մաս անապատի արևմտյան կողմում, հին Մոխրաթաղ գյուղատեղիի տարածքում։ Ապարանքի տեղադրության ամենակարևոր նախապայմանը բնական պաշտպանվածությունն է։ Ներկայումս այն օկուպացված է Ադրբեջանի կողմից (նկ. 1):

Նկ․ 1 Մելիք- Իսրայելյանների ապարանքի ընդհանուր տեսքը, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Պատմական համառոտ ակնարկ

Հին Մոխրաթաղ գյուղը Ջրաբերդի մելիքության կենտրոններից էր և Ջրաբերդ ամրոցի և Քաղաքատեղ բերդավանի հետ միասին Մելիք Իսրայելյանների նստավայրերից մեկը (Ղուլյան 2001, 63)։ 19-րդ դարի վերջերին այստեղ եղել և ապարանքի ավերակները նկարագրել է Մակար եպիսկոպոս Բարխուտարեանցը (Բարխուտարեանց 1895, 217, 218)։ Նա հրատարակել է նաև շինարարական՝ 1771 թվականին վերաբերող արձանագրությունը, որն ըստ հետազոտողի գտնվել է «արևելեան կողմից հաշուելով չորրորդ սենեակի»՝ այսինքին գլխատան մուտքի բարավորին․ «Որ ղորմութեամբն ամենազօրին Աստուծոյ բազում ժամանակ է յոյժ տաքնապի շինեալ զտունս, իսկ բարերարին Աստուծոյ տուաւ ինձ կարողութիւն եւ զօրութիւն Սուրբ Հոգոյն՝ հանգուցեալ Մէլիք Իսրայէլի որդի ես Մէլիք Յադամս շինեցի զգեղեցիկ կամարօք եւ գեղեցկանկար տունս եւ սարայիս բազմահանճար զորդեակն իմ Մէժլումին․․․․ Աստուծոյ․ աստուածայնով բարեաւ վայելեսցէ հանդերձ մեօք․ :ՌՄԻ:» (Բարխուտարեանց 1895, 218)։ Արձանագրությունից պարզ է դառնում, որ համալիրը կառուցել է Մելիք Ադամը, ով ժամանակակիցների վկայությամբ քաջարի իշխան էր և 18-րդ դարի երկրորդ կեսին Արցախի միասնականության և ազատագրական պայքարի առաջամարտիկներից (Լեո 1973, 343)։ Ինչպես նշված է արձանագրության մեջ, այս համալիրը կառուցվել է «տագնապալի»՝ անհանգիստ ժամանակներում և ազատագրական պայքարի հենակետ ամրոցներից մեկն էր Ջրաբերդի, Քաղաքատեղ բերդավանի հետ միասին, որտեղ վտանգի դեպքում ապաստան էր գտնում երկրամասի բնակչությունը։ Հատկանշական է, որ 1805 թ․ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ապարանք-ամրոցը պատսպարել է նաև ռուսական զորաջոկատին (Потто 1901, 208-216)։

Ճարտարապետական - հորինվածքային քննություն

Ապարանքն առաջին՝ դեռևս 1901 թվականին մոտավոր չափագրել ու տեղահանույթը ներկայացրել է ռուսական բանակի պահեստային գումարտակի պորուչիկ Գորշկովը (Потто 1901, 202, 214; նկ. 2): Հետագայում Ա. Ղուլյանը ճշգրտումներ է մտցրել չափագրություններում, ըստ որի համալիրն ունի տասնչորս տարբեր նշանակության սենյակներ և հինգ նախասրահներ (Ղուլյան 2001, 66, 67; նկ. 3)։ Բարխուդարյանցը ապարանքի նկարագրության մեջ նշում էր տասներեք կառույցների մասին (Բարխուտարեանց 1895, 217,218)։

Նկ․ 2 Ապարանքի հատակագիծն ըստ Գորշկովի, լուս․՝ Ա․ Ղուլյանի «Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները» գրքից։

Նկ․ 3 Ապարանքի հատակագիծը, չափագրությունը՝ Ա․Ղուլյանի։

Պալատ-ամրոցն ընդգրկում է մոտ 0,2 հա (36,0 x 51,0 մետր) կառուցապատված տարածք՝ շրջապատված է պարիսպներով: Համալիրը հատակագծում ունի չորս անկյուններում կիսագլանային բրգաձև ելուստներով անկանոն շեղանկյան տեսք: Ապարանքը մուտքեր ունի արևելյան և հյուսիսային կողմերից: Արևելյան մուտքից հյուսիս կցված է հիմնական ծավալից մի փոքր դուրս եկած, երկարավուն եռամաս շինություն: Ապարանքի գլխավոր մուտքը հյուսիսայինն է, որն այս ճակատի ձախ եզրում է և դեպի բակ է բացվում բուրգին կից թաղածածկ սենյակի միջով: Արխիվային նյութերում երևում է այդ մուտքի հարդարանքը, որն ունի դարաշրջանին բնորոշ լուծում. մուտքային բացվածքի բարավորը եզերված է որմնամույթերին «նստած» որմնակամարով (նկ. 4): Ապարանքի ամրաշինական համակարգը խստորեն ենթարկված է պաշտպանական խնդիրների լուծմանը: Մուտքերը, նկատի ունենալով վերոնշյալ հանգամանքները փոքր են ու դժվարանց (հյուսիսայինը՝ պահակակետով, արևելյանը՝ կից աշտարակաձև շենքով): Պարսպապատերը բարձր են, ունեն հարթ տանիքներ, որոնք ծառայել են նաև որպես պաշտպանական հարթակներ: Այդ հարթակներին մոտենալու համար ներքին կառուցապատման սենյակաշարքերի եզրերում ազատ տարածք է թողնված:

Նկ․ 4 Մելիքական ապարանքի գլխատան ներքնատեսքը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Համալիրի ներքին կառուցապատումն իրականացվել է հիմնականում պարիսպներին կից (բացի արևմտյան կողմի, որտեղ պարսպի և կառուցապատման միջև ազատ տարածք է թողնված, նկ. 3): Համակառույցի հորինվածքային դոմինանտը ներքին բակն է (չափը՝ 16,0 x 41,0 մետր), որի շուրջը խմբվել են բնակելի և տնտեսական սենյակները: Արևմտյան շարքի սենյակները ետնամասով խորանում են լանջի մեջ և խմբավորված են երեք` տարբեր չափերի նախասրահների շուրջը: Վերջիններս թաղածածկ սենյակներ են և տեղադրված են մի գծի վրա։ Եզրային կողմի նախասրահներից մուտքեր են բացվում դեպի երեքական տարբեր չափերի սենյակներ, որոնցից պահպանվել են միայն ծածկի մնացորդներ և հիմնականում մասամբ հողածածկ պատեր։ Այս նախասրահները, հավանաբար, ունեցել են մույթավոր-կամարակապ ճակատներ և նույնպես թաղածածկ են եղել։ Այսպիսի լուծում ունի նաև Արցախի մեկ այլ` Հոռեկավանի երկրորդ ապարանքի դահլիճի նախասրահը (Ղուլյան 2001, 59)։ Այս հատվածի հորինվածքի դոմինանտը գլխատունն է, որը նաև համեմատաբար լավ պահպանված կառույցն է (նկ․ 4)։ Այն տեղադրված է բակահայաց ճակատի առանցքով և ունի ութանկյուն հիմքով «կեղծ գմբեթի» ծածկ։ Անցումը դեպի երդիկով պսակվող գմբեթին իրականացված է տրոմպների միջոցով (նկ․ 5)։ Համեմատաբար լավ պահպանվածություն ունեն նաև գլխատան երկու կողմերում գտնվող դահլիճները։ Սրանց ինտերիերի կարևոր տարրերն են պատերի մեջ պահպանված զույգ կամարախորշերով օջախ բուխարին և որմնախորշը։

Ապարանքի հարավային թևի սենյակները բակի լայնական կողմում են՝ կցված այս կողմի պարսպապատին (նկ. 3)։ Սենյակների այս խումբը կազմված է նեղ նախասրահի երկու կողմերին կից միանման, թաղածածկ դահլիճներից և կրկնահարկ ու նույնպես թաղածածկ դահլիճից։ Վերջինիս առաջին հարկը բակից ցածր է, իսկ երկրորդ հարկը, ինչպես վկայում են պահպանված ավերակները, թաղածածկը եզերող կամարային ճակատով բաց վերնասրահ է եղել։ Այս շինությունը աղերսներ ունի Տողի ապարանքի ընդունարանի հետ («Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոց-թանգարանը

Նկ․ 5 Գլխատան երդիկով ավարտվող առաստաղը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Դահլիճների ներքին պատերում համաչափ դասավորված խորշեր և բուխարիներ կան, իսկ արտաքին պատերի մեջ բացված են դեպի բակը նայող՝ մեկական, նեղ պատուհաններ։

Ապարանքի արևմտյան հատվածը ներառում է բակի նկատմամբ երկայնական կողմով դրված, կենտրոնական, հավանաբար, կամարակապ սրահը և դրա երկու կողմերում դրված, եզրային թաղածածկ դահլիճները։ Սրահի և հյուսիսային դահլիճի հաստ պատի մեջ ներկառուցված են դեպի տանիք՝ պաշտպանական հարթակ տանող աստիճաններ։ Դահլիճների ներքին պատերում բուխարիներ և կամարակապ խորշեր կան, իսկ արտաքին պատերում մեկական նեղ պատուհաններ (ինչը հազվադեպ երևույթ է նմանատիպ հուշարձաններում, նկ․ 6)։ Այս հատվածի շինությունների հորինվածքը, չափերը և բնակելի մասերից առանձնացված լինելու հանգամանքը խոսում է այն մասին, որ դրանք նախատեսված են եղել հասարակական գործառույթի՝ դատավարություններ, հանդիսություններ, ընդունելություններ կազմակերպելու համար։

Իսրայելյանների մելիքական ապարանքի ընդհանուր կառուցապատման մեջ նկատվում է նաև, որ բնակելի և տնտեսական սենյակները խմբված են նախասրահների շուրջը և բաց մուտքերով անջատ բնակելի հարկաբաժիններ են կազմում։ Տնտեսական սենյակներում պատերի մեջ բուխարիներ չկան։

Ապարանքը կառուցված է սպիտակ կրաքարի կոպտատաշ շարվածքով։ Սրբատաշ քարով են շարված պատասխանատու հանգույցները՝ տրոմպները, կամարների, խորշերի և բուխարիների եզրամասերը, պատերի անկյունները (նկ․ 7)։ Պահպանված բեկորները ցուցում են, որ սրբատաշ են եղել նաև նախասրահների սյունակամարները, իսկ սենյակների պատերին մնացած կրաշաղախով սվաղի հատվածները վկայում են դրանց ներքուստ սվաղված լինելու մասին։ Պատերի հաստությունը հիմնականում 1,0 մետր է, ծածկաթաղերը շարված են ճեղքված քարերով։

Նկ․ 6 Ապարանքի արևելյան պատի արտաքին ճակատը, լուս․՝ Հ․Պետրոսյանի։

Նկ․ 7 Սենյակի ավերված անկյունը՝ պատի հաստության ցուցումով, լուս․՝ Հ․ Պետրոսյանի։

Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և հետո

Անտառապատ տարածքում գտնվելու, բարձր խոնավությամբ ու առատ բուսականությամբ շրջապատված լինելու հանգամանքը շատ վնաս է հասցրել Իսրայելյանների պալատ-ամրոցին։ Շինությունների մի մասը շատ ավերակ վիճակում է, մյուսներն էլ՝ վթարային և վտանգված ու ամրացման և պահպանության անհրաժեշտություն ունեն։ Պատերազմի ընթացքում դրանք որևէ փոփոխության չեն ենթարկվել։ Այսօր համալիրը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Գրականություն

  1. Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
  2. Բարխուտարեանց 1895 - Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց 1895, Արցախ, տպարան «Արօր», Բագու։
  3. Լեո 1973 - Հայոց պատմություն, հ․ 3, գ․ 2, Երևան։
  4. Потто 1901 - Потто В., Утверждение русского владычества на Кавказе, т. I, Тифлис.
  5. Տողի մելիքական ապարանքը, https://monumentwatch.org/hy/monument/%d5%bf%d5%b8%d5%b2%d5%ab-%d5%b4%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d6%84%d5%a8/։
Մոխրաթաղի Մելիք Իսրայելյանների ապարանքը
Մոխրաթաղի Մելիք Իսրայելյանների ապարանքը
Մոխրաթաղի Մելիք Իսրայելյանների ապարանքը
Արցախ