Դադիվանքը, Հասան Վախթանգյանի արձանագրությունը, Արզուխաթունի կառուցած կաթողիկեն, Վախթանգյան Հասան և Գրիգոր իշխանները

Շատ ենք խոսում մեր մշակութային ժառանգության մասին, նրա կոնկրետ նյութականացված կառույցների մասին: Եվ համարյա չենք խոսում դրանք ստեղծողների մասին: Բայց այդ զարմանահրաշ կառույցները, քանդակները, պատկերներն ու արձանագրությունները արդյունք են տիտանական ջանքերի` նախ քաղաքական-ռազմական, ապա նոր միայն տնտեսական և մշակութային: Չես զսպել թշնամուն, ժողովրդիդ արժանի խաղաղություն չես պարգևել` հազիվ թե արարվեն մշակութային գլուխգործոցներ:

Առինքնող Դադիվանքը` այն ինչն այսօր տեսնում ենք, հիանում ու ուղբում` դաժան պատերազմներով վաստակած հարյուրամյա խաղաղության արդյունք է: 

Բերեմ միայն երկու վավերագիր.

Առաջինը հատված է Խաչենի ավագ իշխան Հասան Վախթանգյանի 1182 թ. հայտնի խաչքարի արձանագրությունից, ուր ներկայցվում է երկրամասի ազատագրման ամփոփ նկարագրությունը. «Ես Հասան որդի Վախտանգա, տէր Հաթերքո և Հանդաբերդոյ, Խաչինաբերդո և Հաւախաղացին կացի յաւագութեան ամս :Խ: Շատ պատերազմաւ եւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնականութեամբն Աստուծոյ»: Չլինեին այս երկարատև պատերազմներն ու հաղթանակաները` չէին լինի Դադիվանքի կառույցների մի զգալի մասը:

Երկրորդը, նույն Հասան Վախթանգյանի որդի Վախթանգի կնոջ՜ Արզուխաթունի արձանագրությունից է. չլիներ համառ կռիվը, որին զոհ գնացին հայ իշխանները, բայց պահեցին անկախությունը, չէր լինի և Դադիվանքի հրաշք կաթողիկեն. «Անդրանիկն իմ Հասան սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս եւ զկնի երից ամսոց եւ կրտսեր որդին իմ Գրիգոր տէրն կոչեցեալ զպարտ բնութեանս հատուցանելով վճարեաց ի կենցաղս եւ փոխեցան աո Ք[րիստո]ս, սուգ անմխիթար թողլով թշուառացելո մաւրս իւրեանց»:

Չկա հաղթանակ` չկա արարում: 

Մենք, որ այսօր այդքան մտահոգ ենք մեր ժառանգության կորուստով, գոնե պարտավոր ենք հասկանալ, որ առանց հաղթանակի ժառանգություն չի ստեղծվում: Եվ ընդհակառակը` պարտությամբ ժառանգությունը միայն կորուսվում է: 

Նկարներում` Դադիվանքը, Հասան Վախթանգյանի արձանագրությոընը, Արզուխաթունի կառուցած կաթողիկեն, Վախթանգյան Հասան և Գրիգոր իշխանները: