Ականաբերդի մելիքական ապարանքը
Տեղադրությունը
Ականաբերդը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի հովտում։ Պատմականորեն այն Արցախի Խաչեն կամ Հաթերք գավառում էր, համանուն գյուղի հարավ-արևելյան կողմում, Բալի լեռան ստորոտում (Հակոբյան և այլք 1986, 130)։ Ականաբերդի հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան կողմերը եզերված են խոր ձորերով, որոնք բնական պատնեշ են հանդիսացել, իսկ մյուս կողմերը պարսպապատ են։ Բերդը գտնվում է Ականա գետակի ձախ ափին, որի շնորհիվ ապահովված է սառնորակ ջրով։
Պատմական ակնարկ
Ականան (նաև՝ Ականա քաղաք, Ականա ավան, Ականակերտ) որպես բերդաքաղաք հիշատակվում է Կիրակոս Գանձակեցու կողմից և տեղայնացվում Արցախ աշխարհի Մեծկվենք (հետագայում՝ Խաչեն) գավառում (Գանձակեցի 1961, 359)։ Բերդի մասին հիշատակություններ են պահպանվել նաև 12-17-րդ դարերի աղբյուրներում։ Գեղարդավանքի արձանագրություններից մեկում խոսվում է այն մասին, որ Զաքարյան եղբայրները սելջուկ-թուրքերից ազատագրել են Ականան, որն ըստ ուսումնասիրողների տեղի է ունեցել 1206 թվականին (Օրբելյան 1986, 44)։ Այս շրջանում բերդը պատկանում էր Հաթերքի Վախտանգյան իշխաններին, հետո այն անցնում է Իվանե Զաքարյանին ենթակա Ծարի տերերին (Ուլուբաբյան 1976, 334)։ Մեկ այլ հիշատակության մեջ, Խաչենի իշխան Հասան Ջալալը ետ է ստացել Ականան Բաթու խանից և որը մինչ այդ խլված է եղել նրանից վրացիների և թուրքերի կողմից (Ուլուբաբյան 1976, 190-191)։ Հասան Ջալալը նորոգել է բերդը և երկար ժամանակ իշխել այստեղ։
Ըստ 13-րդ դարի վերջի և 15-րդ դարի արձանագրությունների, Ականաբերդը պատկանում էր Դոփյաններին (Բարխուտարեանց, 405-408)։ Հետագայում Ականաբերդը դարձել է Դոփյան տոհմաճյուղերից մեկի մելիքական աթոռանիստը մինչև պարսկա-թուրքական պատերազմների հետևանքով երկրամասի հիմնովին ավերումն ու ամայացումը։ Ա․Ղուլյանը կարծում է, որ Ականաբերդի ապարանքը 15-րդ դարում կամ 16-րդ դարի առաջին կեսում կառուցել են Դոփյան իշխանական տնից ճյուղավորված մելիքական տոհմերից մեկի ժառանգները՝ դարձնելով այն իրենց նստոցը (Ղուլյան 2001, 16)։
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Ականաբերդի ապարանքի պահպանված հատվածը հատակագծում արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն է (արտաքին չափերը՝13,0 x 24,0 մետր)։ Վերջինս բաղկացած է հյուսիսային կողմի չորս իրար կից և միաշարք սենյակներով կիսագետնափոր դահլիճից և հարավային ճակատի երկայնքով ձգվող նախասրահ-միջանցքից (նկ. 1)։
Ապարանքի միակ արտաքին մուտքը նախասրահի արևմտյան կողմից է։ Հյուսիսային սենյակների մուտքերը բացվում են դեպի նախասրահ-միջանցք։ Հյուսիսային կողմի եզրային սենյակները նեղ ձգված են, իսկ միջին երկու դահլիճներն՝ ավելի ընդարձակ ու միաչափ և մուտքերով կապված ինչպես միմյանց, այնպես էլ՝ արևմտյան սենյակի հետ։ Դահլիճի հյուսիսային պատերի կենտրոնական մասերում կան մեկական փոքր որմնախորշեր, որոնք, հավանաբար, ծառայել են տնտեսական նպատակների համար։ Ապարանքի հարավային պատն ամրացված է երկու եզրային և երկու միջին՝ կիսագլանաձև փոքր ու հոծ ելուստներով (նկ. 2)։ Այս պատի մեջ նկատելի են ճեղքաձև պատուհանների հետքեր։ Պատերի պահպանվածությունը 0,5-2,0 մետրի սահմաններում է։ Դրանք ունեն 0,8 մետր հաստություն և շարված են կոպտատաշ որձաքարով (նկ. 3)։
Ապարանքի կառույցների ծածկերը չեն պահպանվել։ Ս. Բարխուդարյանն ապարանքի ավերակները նկարագրելիս նշում է, որ «դահլիճները թաղածածկ են․․․լուսավորությունն ստացվել է ծածկի կենտրոնից»։ Այս տեղեկությունն, անշուշտ ունի փաստական հիմք և վկայում է սենյակների քարաշեն ծածկերի մասին։ Ա. Ղուլյանի վերակազմությամբ եզրային դահլիճներն ու նախասրահը ծածկված են եղել գլանաձև թաղով, իսկ քառակուսի հիմք ունեցողները՝ երդիկով պսակվող գմբեթաձև ծածկով (նկ. 4, Ղուլյան 2001, 16)։ Այս ենթադրությունը հավանական է թվում, քանի որ Արցախի և Սյունիքի աշխարհիկ, քառակուսի հիմք ունեցող շինություններում լայնորեն տարածված են եղել քարաշեն գմբեթաձև ծածկերը (նկ․ 5)։ Դրանք լուծված են կամ գոցվող թաղի ձևով, կամ էլ ունեցել են անկյունային տրոմպների վրա բարձրացող ութանիստ-բրգաձև և կիսագնդային գմբեթաձև տեսք (Պապուխյան 1978, 332 )։
Ականաբերդի ապարանքի պարզ և միաժամանակ կուռ հատակագծով և տեղանքով թելադրված ծավալատարածական հորինվածքի արդյունքում ստեղծվել է մի տիպ, որը համարվում է ուշմիջնադարյան մելիքական ապարանքների առաջնեկներից մեկն ու նախատիպը։ Այն ունի անխաթար պահպանված հատակագիծ, օժտված է պաշտպանական կառույցին բնորոշ գծերով և կարևոր դեր է խաղացել Հաթերք գավառի ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործում։
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Մակար եպիսկոպոս Բարխուտարեանց, Արցախ, տպարան «Արօր», Բագու։
- Հակոբյան և այք 1986 - Հակոբյան Թ․, Մելիք-Բախշյան Ստ․, Բարսեղյան Հ․, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, 1, Երևանի համալսարանի հրատ., Երևան։
- Գանձակեցի 1961- Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան։
- Օրբելյան 1986 - Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Թարգմ., ներած. և ծանոթագր.՝ Ա. Ա. Աբրահամյանի, խմբ.՝ Խ. Ա. Թորոսյան., «Սովետական գրող» հրատ., Երևան։
- Ուլուբաբյան 1975 - Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X-XIV դարերում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան։
- Ղուլյան 2001 - Ղուլյան Ա․, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
- Պապուխյան 1978 - Պապուխյան Ն․, Չայրվող ծածկերով բնակարանների դերը և տեղը Հայաստանի հին և միջնադարյան ճարտարապետության մեջ, «Հայ արվեստին նվիրված միջազգային II գիտաժողով», զեկ․ ժողովածու, հտ․ 2, Երևան։
Ականաբերդի մելիքական ապարանքը
Արցախ