Սբ․ Պանդալեոնի վանքը (Պարին Պիժ)
Տեղադրությունը
Սբ. Պանդալեոնի կամ Պարին Պիժ վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղի հյուսիս-արևելյան մասում:
2023 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Պատմական ակնարկ
Պանդալեոն կամ Պանդելեմիոն բժիշկն ապրել է Փոքրասիական Նիկոմեդիա քաղաքում։ Սուրբ Պանդալեոնը նվիրում է իր կյանքը տառապյալներին, հիվանդներին, աղքատներին: Շուտով բարի բժշկի համբավը տարածվում է քաղաքով մեկ: Թողնելով մյուս բժիշկներին` բնակիչները դիմում էին միայն Պանդալեոնին: Նախանձից դրդված բժիշկները հայտնում են կայսրին, որ Պանդալեոնը բուժում է քրիստոնյա բանտարկյալներին:
4-րդ դարում Նիկոմեդիա քաղաքում հեթանոս Մաքսիմիանոս կայսրի հրամանով Պանդալեոնը չարչարանքների է մատնվում և գլխատվում: Պանդալեոնի նվիրյալները նրա մասունքները տարածել են ողջ քրիստոնյա աշխարհով մեկ (Ավագյան, Զաքարյան 2016):
Արդեն իսկ 4-րդ դարում նրա անունով եկեղեցիներ են կառուցվում Հայոց Սեբաստիա քաղաքում և Կ. Պոլսում, իսկ նշխարները տարածվում են բազմաթիվ վայրերում: Համաձայն Մովսես Կաղանկատվացու, Աղվանքի Վաչագան Բարեպաշտ թագավորի մասնակցությամբ նահատակված Պանդալեոնի մասունքները բերվել են Նիկոմեդիայից (Կաղանկատուացի 1983, 60)։
Ըստ ավանդության՝ Սուրբ Պանդալեոնի մասունքներից մեկն էլ դրված է Մեծ շենի եկեղեցու հիմքում, ինչի շնորհիվ էլ ուխտագնացները սրբավայր էին այցելում՝ հիվանդների համար առողջություն խնդրելու: Քանի, որ սուրբը միշտ ունկնդիր է եղել իրենց աղոթքներին, դրա համար եկեղեցին կոչել են Պարին Պիժ, ինչը հավանաբար «Բարի բժիշկ» կամ «Պարոն բժիշկ» արտահայտության հնչյունափոխված ձևն է (հմմտ. Մկրտչյան 1980, 164)։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հրատարակել է Սուրբ Պանդալեոնի եկեղեցու ու Հռիփսիմե մատուռի տարբեր ժամանակների լուսանկարները՝ խորհրդային ժամանակների (1989), Արցախյան շարժման սկզբնական շրջանի (1992, 1994) և վերակառուցումից հետո (2009) (Կարապետյան 2017, 95-97):
Ճարտարապետական-հորինվածքային քննություն
Վանքը բաղկացած է գլխավոր եկեղեցուց, որը 1658 թվականի կառույց է և Սբ. Հռիփսիմե մատուռից (19-րդ դար):
Սբ. Պանդալեոն գլխավոր եկեղեցին ոչ մեծ միանավ կառույց է (ներքին չափերն են 9,35 x 4,5 մետր)։ Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ, առանց ավանդատների։ Նախնական եկեղեցին կառուցված է եղել կոպիտ մշակած քարով, կրաշաղաղով (նկ․ 1)։
Սրբատաշ թին միայն մուտքի, լուսամուտների և որմնասյուների անկյունաքարերը (նկ․ 2, 3)։ Գլանաձև թաղը հենվում է անմիջապես պատերի վրա, գմբեթարդի հատվածն ամրացված է որմնասյուներին հենվող կամարով (նկ․ 4, 5): Տանիքը երկթեք է: Հյուսիսային պատի մեջ իր ավանդական տեղում է մկրտման ավազանը։ Եկեղեցու շրջակայքում գտնվում է հին, բավականին մեծ գերեզմանատուն (նկ․ 6):
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գլխավոր եկեղեցին ու Հռիփսիմեի մատուռը լրիվությամբ ավերվել են ադրբեջանցիների կողմից (նկ. 7, 8): Բերդաձորի ազատագրումից (1992 թ. մայիսի 17) հետո բացահայտվեց, որ ադրբեջանցիների՝ հազիվ մեկամյա տիրապետության ընթացքում անհետացրել են կառույցի անկյուններին և մուտքին հարող հատվածները (նկ․ 9, 10)՝ շինարարական արձանագրությամբ հանդերձ (Կարապետյան 2017, 95):
Վիճակը պատերազմից առաջ, ընթացքում և պատերազմից հետո
Սուրբ Պանդալեոնի եկեղեցին 2007 թվականին վերականգնվել է մոսկվայաբնակ մեծշենցի եղբայրներ Յուրա, Ժորա և Սերո Հովհաննիսյանների նախաձեռնությամբ ու հովանավորությամբ։ 2009 թվականի օգոստոսի 20-ին այն վերաօծվել է (նկ․ 11, 12)։ Սբ. Հռիփսիմե մատուռը վերականգվել է 2016 թվականին (նկ. 13; Ավագյան, Զաքարյան 2016): Հուշարձանի ներկա վիճակի մասին տեղեկությունները բացակայում են։
Գրականություն
1․ Կաղանկատուացի 1983 - Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիին Աղուանից աշխարհի, Երևան։
2․ Մկրտչյան 1980 - Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան։
3. Мкртчян 1989 - Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха, Ереван.
4․ Կարապետյան 2017 - Կարապետյան Ս․, Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս, Երևան, Հայկական ճարտարապետության ուսումնասիրող հիմնադրամ։
5. Ավագյան, Զաքարյան 2016 - Ավագյան Ս․, Զաքարյան Ի․, Բարի բժիշկը Արցախում, «Ապարաժ», 03․11․2016:
Շուշիի շրջան
Արցախ