ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների պահպանման անհրաժեշտությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու միջոցով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ելույթ է ունենալով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը, կարևորել է փորձագետների այցը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան՝ փաստագրելու հայկական մշակութային ժառանգության վիճակը:

Նախարարն կարևորելով միջմշակութային, կրոնական  երկխոսության անհրաժեշտությունը, հավելել է, որ հնագույն ժողովուրդների  ժառանգությունը պաշտպանելու և խթանելու  համատեղ հանձնառությամբ Հայաստանը ջատագով է խաղաղության և ոչ բռնության մշակույթին https://www.1lurer.am/en/2024/09/25/Statement-by-H-E-Mr-Ararat-Mirzoyan-Minister-of-Foreign-Affairs-of-Armenia-at-Ministerial-Meeting-o/1193847։

Նախարարը նշել է, որ այսօր կեղծ մշակութային նարատիվներն օգտագործվում են որպես զենք՝ արդարացնելու տարածքային պահանջները և բորբոքելու հակամարտություները՝ խարխլելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը։ Ի դեմս այս վտանգների՝ հրամայական է, որ ամրապնդվեն մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունները։

Այս առումով Հայաստանն ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես ՄԱԿ-ի առաջատար գործակալության կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթը խթանելու գործում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների ընդլայնումը, փորձագիտական ներուժի ավելացումը և մոնիթորինգի գործիքների կատարելագործումը կարևոր նշանակություն ունեն այս ջանքերում։

Այս հաստատությունների հետ մեկտեղ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը զգալի ներուժ ունի լուծելու մեր առջև ծառացած մարտահրավերները՝ խթանելով միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, հարգանքը քաղաքակրթական բազմազանության նկատմամբ, խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու հարցում ներառականությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները:

Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանը սույն կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը:

Նախարարը հավելել է նաև, որ Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրիվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելություն անհապաղ ուղարկելուն՝ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում են Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆակտները: