Չափար գյուղի ‹‹Շենատեղի եղցե›› եկեղեցին
Տեղադրությունը
Հուշարձանը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար գյուղից 0,5 կմ հարավ՝ բարձրադիր տափարակի վրա (նկ. 1):
Պատմական ակնարկ
Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են: Մակար Բարխուդարյանցը, նկարագրելով Չափար գյուղը, նշում է, որ ‹‹…եկեղեցին, հանգստարանն խիստ հին են…: Սկսեալ Չափար շինից մինչև Խոթայ վանք, մինչև Եանշաղ կան շատ աւերակներ, որոնց մէջ կան աւերակ եկեղեցիներ և մօտերքում հանգստարաններ›› (Բարխուտարեանց 1895, 203):
Չափար գյուղը հիշատակվում է Դադիվանքի, Չարեքտարի վանքերի վիմագրերում (ԴՀՎ 5, 133, 216):
Ճարտարապետա-հորինվածքային նկարագրություն
Եկեղեցին եռանավ թաղակապ սրահ է: Կառուցված է կոպտատաշ փոքր ու միջին չափերի քարերով, կրաշաղախով (նկ. 2, 3): Հուշարձանի վրա ներքուստ ագուցված են մի շարք խաչքարեր, որոնցից մի քանիսի վրա երևում են արձանագրություններ: Խաչքարերը 12-13-րդ դարերի են (նկ. 4-6): Եկեղեցին, թերևս, կառուցվել է 17-րդ դարում: Այդ է հուշում նրա արտաքին տեսքը, ներսույթը: Եկեղեցին ներքուստ սվաղված է:
Եկեղեցու մոտ երևում են միջնադարյան գյուղի տների պատերի մնացորդներըն ու փոսորակները:
Վիճակը պատերազմից առաջ և հետո
Եկեղեցին կիսավեր է, պահպանվել է հուշարձանի արևելակողմը՝ խորանով և երկու ավանդատներով: Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով: Արևելյան ճակատում բացվել է մեծ, ուղղանկյուն լուսամուտ, փլուզված հատվածներում փոքր պատեր են ավելացվել: Չեն պահպանվել եկեղեցու արևմտյան ճակատը, մուտքը, որտեղ կարող էր լինել և կառուցման արձանագրությունը:
Գրականություն
- Բարխուտարեանց 1895 - Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու:
- ԴՀՎ 5 - Դիվան հայ վիմագրության, պրակ 5, Արցախ, կազմեց Ս. Բարխուդարյան, Երևան, 1982։
Չափար գյուղի ‹‹Շենատեղի եղցե›› եկեղեցին
Արցախ