Հաագայի միջազգային դատարանի որոշումը 1965 թվականի «Ռասսայական խտրականության բոլոր ձեվերի մասին կոնվենցիայի» Ադրբեջանի կողմից խախտումների մասին

ՄԱԿ-ի Հաագայի (Նիդեռլանդներ) արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ներկայացրեց ՄԱԿ-ի  կողմից 1965 թվականին ընդունված «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի մասին միջազգային  կոնվենցիայի» (այսուհետ՝ Կոնվենցիա) խախտումների վերաբերյալ Հայաստանի հայցն  ընդդեմ Ադրբեջանի, որը ներառում էր  ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքը։

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը վճռի հրապարակման ամբողջական զեկույցում ներկայացրել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի էությունը հետևյալ կերպ․ (https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-ORD-01-00-EN.pdf , էջ 9)․ «Հայաստանը և Ադրբեջանը, որոնք երկուսն էլ նախկին Խորհրդային Միության Հանրապետություններ էին, անկախություն հռչակեցին համապատասխանաբար՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին և 1991 թվականի հոկտեմբերի 18-ին: Խորհրդային Միության ժամանակահատվածքում  մեծամասնություն կազմող էթնիկ հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եղել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետության տարածքում։ Կողմերի պահանջներն այդ տարածաշրջանի նկատմամբ հանգեցրել են ռազմական գործողությունների, որոնք ավարտվել են 1994 թվականի մայիսին՝ զինադադարով: Հետագա ռազմական գործողությունները բռնկվել են 2020 թվականի սեպտեմբերին և տևել 44 օր։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ռուսաստանի Դաշնության Նախագահը ստորագրել են «Եռակողմ հայտարարություն», որի համաձայն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ «հայտարարվել է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում»։

Ինչ վերաբերում է խնդրո առարկա Կոնվենցիային, ապա հարկ է հիշեցնել, որ և՛ Հայաստանը և ՛Ադրբեջանը կողմ են «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի մասին միջազգային  կոնվենցիային», ուստի ընդունում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում  ազդարարված այն փաստը, որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ և իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով հավասար` առանց որևէ տարբերակման, մասնավորապես, ռասայի, մաշկի գույնի կամ ազգային ծագման հիմքով (http://www.irtek.am/views/act.aspx?aid=37345   «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի պաշտպանության մասին 1965 թվականի Կոնվենցիա», նախաբան)։

Կոնվենցիան իր մի շարք հոդվածներով նշում է, որ դատապարտելի է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները սահմանափակելու  հիմք (http://www.irtek.am/views/act.aspx?aid=37345 Հոդված 1․1):

Դատարանը իր վճռում նշում է, որ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը գործել և շարունակում է գործել՝ խախտելով  Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված իր պարտավորությունները, և  որ Ադրբեջանը  էթնիկ զտման քաղաքականության արդյունքում խախտել է  կալանքի տակ պահվող ռազմագերիների և հայազգի կամ էթնիկական ծագման քաղաքացիական անձանց իրավունքները,  ռասայական ատելություն հրահրել՝ որպես օրինակ բերելով 2020 թվականի հակամարտությունից հետո Բաքվում բացված «Ռազմական պուրակում» հայ զինվորներին ստորացուցիչ կերպով պատկերող մանեկենները։  Ինչպես նաև  Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային վայրերն ու ժառանգությունը համակարգված ոչնչացնելու և կեղծելու քաղաքականություն վարել։

Դատարանը քննել է Հայաստանի հայցը, և իր որոշման մեջ, որն ունի պարտադիր ուժ, նշել հետևյալ միջանկյալ միջոցների կիրառման մասին․

  • ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձաց դեմ ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների կողմից․ https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf,
  • ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով. https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf
  • բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել 2020 թվականի կոնֆլիկտի առնչությամբ գերեվարված բոլոր անձանց և ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջև։

Դատարանի վճիռն ընդունել են 14 դատավորներ՝ ձայներով տասնչորս կողմ՝ մեկ դեմ՝ համամասնությամբ։

Սույն որոշումը սակայն, միանշանակ չէ, քանի որ, նախ․ դատարանը սահմանափկված է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի մասին կոնվենցիայի» 22-րդ և 11-րդ հոդվածներով, ուստի այն կարող էր նշանակել միջանկյալ միջոցներ միայն այն դեպքում, եթե Դիմումատուի կողմից հիմնավորված դրույթները prima facie (ունեն առաջնային նշանակություն, առաջնային ապացույցներ) են։

Դատարանը նշում է, որ, ըստ Հայաստանի, Ադրբեջանը տարբեր ձևերով խախտել է Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները, մինչդեռ Ադրբեջանը հերքել է, որ ինքը կատարել է ենթադրյալ խախտումներից որևէ մեկը:

Դատարանը գտել է, որ Հայաստանի կողմից պահանջվող իրավունքներից ոչ բոլորն են արժանահավատ, և prima face են միայն երկու իրավունք՝ հայրենադարձվելու և հայերի անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքից պաշտպանվելու իրավունքը։ Եվ որ Հայաստանը դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք վկայում են, որ այդ անձինք շարունակում են Ադրբեջանում կալանքի տակ մնալ իրենց ազգային կամ էթնիկ ծագման պատճառով: Ադրբեջանը հակափստարկել է, որ այդ անձինք մնում են Ադրբեջանում որպես ռազմական կոնֆլիկտի արդյունքում ենթադրյալ հանցագործներ։  Այնուամենայնիվ, Դատարանը խելամիտ է համարում նման անձանց իրավունքը՝ չենթարկվելու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի՝ ելնելով իրենց ազգային կամ էթնիկ ծագումից՝ Ադրբեջանի կողմից կալանավորված լինելով։ Դատարանը նաև արժանահավատ է  համարում այն ​​իրավունքները, որոնք ենթադրաբար խախտվել են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ռասսայական ատելություն հրահրելու և խթանելու և հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ խտրականության, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության վրա ազդող վանդալիզմի և պղծման միջոցով:

Դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց նկատմամբ ատելություն քարոզելուց և կանխի, հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության վանդալիզմը, ոչնչացումը կամ փոփոխությունը և պաշտպանի այդ ժառանգության տարածք մուտք գործելու և վայելելու իրավունքը:

Դատարանը նաև նշում է, որ միջանկյալ միջոցներ կիրառելու փաստը նաև կապված է այն իրողության հետ, որ  մշակութային ժառանգությունը կարող է ենթարկվել անուղղելի վնասների,  մասնավորապես․ Դատարանի կողմից արժանահավատ համարվող իրավունքների ենթադրյալ անտեսումը կարող է անուղղելի վնաս հասցնել հայկական ժառանգությանը, և որ կա հրատապություն և իրական վտանգ։

Ի վերջո, Դատարանը հիշեցնում է, որ Հայաստանը խնդրել է Դատարանին կիրառել միջոցներ, որոնք կնպաստեն Ադրբեջանի հետ վեճի չսրմանը։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի և պղծման գործողությունների արգելքին և մյուս միջանկյալ  միջոցների կիրառմանը  դեմ է քվեարկել միայն Արդարադատության միջազգային դատարանի նախագահ՝ Դատավոր Ադ Հոք Քեյթը (ad hoc Keith)։  Նա Սոմալիայից է՝ Աֆրիկա և նշանակվել է 2018-2021 թվականների համար։

Նա իր բացասական քվեարկությունը հիմնավորել է հետևյալ կերպ․ Կոնվենցիան պաշտպանություն չի տրամադրում մշակութային արժեքներին: Բացի այդ, հայկական մշակութային արժեքները ներառող վայրերի հասանելիությունը այնքանով, որքանով այն պաշտպանված է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի պաշտպանության մասին կոնվենցիա»-ի ներքո, դժվարանում է ականների, և ռազմական վտանգի  պատճառով, այլ ոչ թե իրենց մշակութային ժառանգության տարածք մտնելու ցանկության դեպքում ազգային կամ էթնիկական ծագման պատճառով: Ի վերջո, դատավոր Քեյթը չի կարողանում գտնել իրական և անմիջական ռիսկի ապացույցներ, որոնք անուղղելի վնաս կհասցնեն համապատասխան իրավունքին: