Հաագայի արդարադատության միջազգային դատարանը մերժել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի՝ ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնացման և էթնիկ զտումների մեղադրանքով

2021 թվականի սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Ադրբեջան) հայցով դիմել է Հաագայի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ «Հայաստան») 1965 թվականի ՄԱԿ- կողմից ընդունված «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) խախտումների հետ կապված»։ https://www.icj-cij.org/public/files/case-related/181/181-20211207-ORD-01-00-EN.pdf

Իր հայցում Ադրբեջանը նշում է, որ Հայաստանն իր պետական մարմինների, պետական գործակալների և կառավարական լիազորություններ իրականացնող կամ վերջինիս ցուցումներով ու վերահսկողությամբ գործող այլ անձանց ու կազմակերպությունների միջոցով խախտել է Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածները: Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, ի թիվս այլ կետերի, ներառում է այն սկզբունքը, որ յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չներգրավվել ռասայական խտրականության որևէ գործողության մեջ` ընդդեմ անձանց, խմբերի կամ հաստատությունների, և երաշխավորել, որ պետական բոլոր մարմիններն ու հաստատությունները, ինչպես ազգային, այնպես էլ տեղական, կգործեն այդ պարտավորությանը համապատասխան;             Կոնվենցիայի մասնակից պետության պարտավորությունների մեջ է նաև չխրախուսել, չպաշտպանել և չաջակցել որևէ անձի կամ կազմակերպության կողմից իրականացվող ռասսայական խտրականության գործողությունը(https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/cerd.aspx Հոդված 2)

Կոնվենցիայի մասնակից պետությունը պետք է նաև իր տարածքներում կանխարգելի, արգելի ու վերացնի նման բնույթի ցանկացած պրակտիկա (Հոդված 3):

Ըստ կոնվենցիայի դրույթների, օրենքով պատժելի հանցանք են համարվում ռասայական ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, հրահրումը, ինչպես նաև ցանկացած ռասսայի կամ մաշկի այլ գույն կամ էթնիկական այլ ծագում ունեցող անձանց խմբի դեմ ուղղված բռնության գործողությունները կամ դրանց հրահրումը (Հոդված 4․): Իսկ հոդված 5-ը պարտավորեցնում է հարգել բոլոր մարդկանց իրավունքները, չխոչնդոտել դրանց իրացմանը, այդ թվում մշակութային և ժառանգության հասանելիության իրավունքը (Հոդված 5 դ կետ, (vi) ենթակետ https://www.ohchr.org/en/professionalinterest/pages/cerd.aspx ):

Ադրբեջանը՝ դիմելով Հաագայի դատարան Հայաստանին մեղադրել և պահանջել է

  • անհապաղ դադարեցնել և հրաժարվել ադրբեջանցիների դեմ ուղղված էթնիկ զտումների քաղաքականությունից և գործելակերպից,
  • անհապաղ դադարեցնել ադրբեջանական ժառանգության օբյեկտների և ադրբեջանական էթնիկ և մշակութային այլ արժեքների ոչնչացումը, ինչպես նաև մշակութային զտման քաղաքականությունը,
  • անհապաղ համագործակցել Ադրբեջանի և միջազգային կազմակերպությունների հետ՝ իր կողմից նախկինում օկուպացված տարածքներում ականազերծման, ճշգրիտ քարտեզների և այլ տեղեկատվության տրամադրման միջոցով,
  • անհապաղ դադարեցնել և հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք անթույլատրելի են դարձնում ադրբեջանցիների՝ իրենց շրջակա միջավայրից և բնական ռեսուրսներից, ինչպես նաև մշակութային արժեքներից օգտվելու կամ դրանց հասանելիության խոչընդոտման հետ կապված իրավունքը,
  • անհապաղ դադարեցնել հակաադրբեջանական քարոզչության և ատելության խոսքի տարածումը, խթանումը կամ հովանավորումը, ներառյալ կրթական հաստատությունների, լրատվամիջոցների, սոցիալական լրատվամիջոցների ապատեղեկատվության արշավների և այլ ուղիների միջոցով։

Ադրբեջանը նաև պահանջել է, որ Հայաստանը անհապաղ գործողություններ ձեռնարկի վերոնշյալ խախտումները վերացնելու ուղղությամբ և երկրի կառավարության ամենաբարձր մակարդակում ներողություն խնդրի նման վարքագծի և պատճառված վնասի համար։ Ադրբեջանի պահանջերից է նաև դրամական փոխհատուցում պատճառված վնասի համար։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր դատական մարմինն է։ Այն ստեղծվել է ՄԱԿ-ի կանոնադրությամբ 1945 թվականի հունիսին և սկսել է իր գործունեությունը 1946 թվականի ապրիլին: Դատարանը կազմված է 15 դատավորներից, որոնք ընտրվում են 9 տարի ժամկետով Գլխավոր ասամբլեայի և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի կողմից: Դատարանի նստավայրը Հաագայի Խաղաղության պալատն է (Նիդեռլանդներ): Դատարանը երկակի դեր ունի. առաջինը, միջազգային իրավունքին համապատասխան լուծել պետությունների կողմից իրեն ներկայացված իրավական վեճերը պարտադիր ուժ ունեցող և շահագրգիռ կողմերի համար առանց բողոքարկման վճիռների միջոցով և, երկրորդ, խորհրդատվական կարծիքներ տալ իրավական հարցերի վերաբերյալ, որոնք իրեն ուղղում են ՄԱԿ-ի լիազորված մարմինները https://www.icj-cij.org/public/files/case-related/181/181-20211129-PRE-01-00-EN.pdf էջ 2:

Ուսումնասիրելով Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի, բարձրագույն դատարանը արժանահավատ չի համարել Ադրբեջանի մի շարք պահանջներ, այդ թվում գտել է, որ չկան բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանը իրականացնում է էթնիկ զտման և ադրբեջանական մշակութային արժեքմների ոչնչացման քաղաքակություն և որ Հայաստանը ականապատել է օկուպացված տարածքները՝ ադրբեջանցիների ժառանգության իրավունքը խոչնդոտելու համար։ Ուստի դատարանը որոշել է մերժել հայցի մի շարք կետեր, բավարարելով միայն երկուսը, որոնցից մեկն ունի խորհրդատվական կարգավիճակ և ուղղված է նաև հենց Ադրբեջանին․

Այսպիսով, սույն թվականի դեկտեմբերի 7-ին Հաագայի արդարադատության միջազգային դատարանը ներկայացրել է իր որոշումը։ Դատարանը միաձայն վճռել է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իր պարտավորություններին համապատասխան, ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքում կանխելու ռասայական ատելության հրահրումը և խթանումը ադրբեջանական ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ այդ թվում՝ նաև կազմակերպությունների և մասնավոր անձանց կողմից։ Իսկ երկրորդ մասով պարտավորեցրել է երկու կողմերին ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խորացնել կամ երկարացնել վեճը՝ ավելի դժվարացնելով դրա լուծումը դատարանի կողմից https://www.icj-cij.org/public/files/case-related/181/181-20211207-SUM-01-00-EN.pdf էջ 7: