Մարտական հենակետերը մշակութային արժեքների մոտակայքում տեղակայելու և անշարժ հուշարձանները ռազմական նպատակով օգտագործելու վտանգների մասին

44-օրյա պատերազմի արդյունքում՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասի օկուպացումից հետո տեղի ունեցան հայկական զինված ուժերի մարտական դիրքերի մի շարք փոփոխություններ, որոնք հանգեցրին որոշ դիրքերի՝ մշակութային արժեքների (եկեղեցիներ, մատուռներ, հուշարձաններ) տարածքներում կամ դրանց մոտակայքում տեղակայմանը։ Այս փաստը էապես մեծ վտանգներ է ստեղծում մշակութային ժառանգության պաշտպանության տեսանկյունից, քանզի կամա թե ակամա, մարտական դիրքերի մոտ տեղակայումը արդեն լուրջ հարված է ժառանգության թեˊ կոնկրետ արժեքի, թեˊ մշակութային լանդշաֆտի պաշտպանությանը։ Սա այնպիսի խնդիր է, որը վերաբերում է թե՛ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներին և թե՛ ադրբեջանական, քանզի մշակութային արժեքների պաշտպանությունն այս դեպքում դուրս է գալիս ազգայինի սահմաններից և իր պաշտպանության աղերսն է գտնում որպես համայն մարդկության հարստություն։

Ռազմական մարտական դիրքի  տեղակայումը մշակութային արժեքներին մոտ կամ  վերջինիս օգտագործումը ռազմական նպատակով (ապաստարան, զինապահեստ),  ըստ պատերազմի ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության միջազգային կանոնակարգերի, անթույլատրելի է, քանզի էապես կարող է վնասել ժառանգության անձեռնմխելիությունը։

Հայտնի ճշմարտություն է, որ պատերազմի ժամանակ և դրանից հետո միջազգային մի շարք օրենքներով և պայմանագրերով արգելված է  մշակութային արժեքների վրա հարձակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ռազմական անհրաժեշտությունը հրամայականորեն պահանջում է այդպիսի որոշում։  Ի մասնավորի՝  1954 թվականի Կոնվենցիան ստորագրած  կողմերը  4-րդ հոդվածի առաջին կետով պարտավորվում են հարգել ինչպես իրենց, այնպես էլ մյուս կողմերի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի և պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն, ձեռնպահ մնալով այդ արժեքների դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից։ Բայց 4-րդ հոդվածի երկրորդ կետը հավելում է, որ 1-ին կետում նշված պարտավորությունները կարող են չկատարվել միայն այն դեպքում, եթե դա հրամայականորեն պահանջվում է ռազմական անհրաժեշտությամբ։

Փաստորեն, մշակութային արժեքների պաշտպանությունը կարող է զրկվել իր բացարձակ կարգավիճակից միայն ռազմական հրամայական անհրաժեշտության դեպքում։  Այս դեպքում հիմնավոր հարց է առաջանում, թե ի՞նչ է ռազմական անհրաժեշտությունը, որը, փաստորեն, կարող է չեզոքացնել մշակութային արժեքների միջազգային պաշտպանությունը։

Հաագայի  1907 թ. Կանոնակարգի 23-րդ հոդվածի «գ» կետով առաջին անգամ ներկայացվեց ռազմական անհրաժեշտությունը, որը այն ամենն էր, ինչ անհրաժեշտ էր պատերազմի կամ պաշտպանության համար`կա՛մ մարտի ընթացքում, կա՛մ մարտին նախապատրաստվելիս: Այս  դրույթի համաձայն թշնամու ժառանգության ոչնչացումը կամ զավթումը օրինական կհամարվեր, եթե  հրամայականորեն բխեր պատերազմի ռազմական գործողությունների անհրաժեշտությունից։ Այս կետը կար նաև 1954 թ․-ի կոնվենցիայի 4-րդ (1) հոդվածում և կրկին խնդրահարույց էր, քանի որ պատերազմող կողմերը բերում էին ռազմական անհրաժեշտության պատրվակը և հարձակվում մշակութային արժեքների վրա։ Բայց 1999 թվականի Հաագայի Երկրորդ արձանագրությունը հստակեցում մտցրեց «ռազմական անհրաժեշտություն» տերմինի գործածման հետ կապված։ «Ռազմական անհրաժեշտությունը» մի սկզբունք է, որը կարող է  վկայակոչել հակառակորդը և թիրախավորել մշակութային արժեքները, եթե այդ մշակութային արժեքներն իրենց գործառույթներով վերածված են ռազմական օբյեկտների, և եթե գործնականում գոյություն չունի ռազմական առավելություն ստանալու համար ոչ մի հավասարազոր այլընտրանք, քան այն, որը կարելի է ստանալ այդ օբյեկտի վրա հարձակում իրականացնելու արդյունքում։ Ռազմական օբյեկտն այս դեպքում կարող է հանդիսանալ հենց մշակութային արժեքը, եթե այն դառնա ապաստարան կամ զինապահեստ։ Ըստ Երկրորդ արձանագրության առաջին հոդվածի  «ռազմական օբյեկտ» նշանակում է՝ օբյեկտ, որն իր բնույթով, տեղակայությամբ, նշանակությամբ կամ օգտագործմամբ էականորեն նպաստում է ռազմական գործողություններին, և որի ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, բռնազավթումը կամ չեզոքացումը տվյալ հանգամանքներում տալիս են բացահայտ ռազմական առավելություն։ Բայց սույն դրույթի մեկնաբանումն ունի շատ նրբություններ, որոնք ապահովում են ժառանգության պաշտպանության լրացուցիչ պայմաններ։ Պարզ է, որ մշակութային արժեքն իր բնույթով երբեք չի կարող դառնալ ռազմական նպատակ, բայց ինչ վերաբերում է դրա տեղին և գործառույթին, ապա կան մի շարք էական խնդիրներ։ Այս կոնտեքստում պարզ է, որ մարտական դիրքի տեղակայումը  ժառանգության տարածքում ակնհայտորեն կարող է հակառակորդին տալ հնարավոր արդարացում կիրառելու ռազմական անհրաժեշտության սկզբունքը և  մարտական դիրքի ուղղությամբ ռազմական գործողություն ձեռնարկելու արդյունքում թեկուզ և պատահական վնաս հասցնել ժառանգությանը։ Միայն տվյալ պահին մշակութային կառույցի ռազմական նպատակով օգտագործումն է, որ  կարող է մշակութային կառույցը «դարձնել» ռազմական թիրախ (Protection of Cultural Property Military Manual Unesco, 2016):

Այս ամենից ելնելով կարող ենք ասել, որ Երկրորդ արձանագրության  6-րդ հոդվածը պատերազմող կողմերի վրա դնում է լրացուցիչ պարտավորություններ․ ռազմական անհրաժեշտության սկզբունքը կիրառել միայն այն դեպքում, երբ «որևէ իրագործելի այլընտրանք չկա` նմանատիպ ռազմական կոնկրետ առավելություն ստանալու համար» (1999 Protocol, Art. 6(a)(ii)),: Սա նշանակում է, որ երբ ընտրություն կա մի քանի ռազմական նպատակների միջև, և դրանցից մեկը մշակութային ժառանգությունն է, վերջինս չպետք է հարձակման ենթարկվի: Երկրորդ արձանագրությունը փորձում է խստացնել պայմանները և ավելացնում, որ հարձակումը պետք է պատվիրվի հրամանատարության ամենաբարձր օպերատիվ մակարդակում, սպայի կողմից, որը ղեկավարում է գումարտակին համարժեք կամ ավելի մեծ ուժ, և որ այն կարող է հարձակման ենթարկվել «անհապաղ ինքնապաշտպանության պահանջների պատճառով» Second Protocol, Article 13(2)(c): Երկրորդ արձանագրությունը հարձակման հետագա պայման է ավելացնում՝ ապահովելով մշակութային արժեքների պաշտպանության լրացուցիչ մակարդակ: Հարձակման դեպքում պետք է տրվի նախազգուշացում, երբ հանգամանքները թույլ են տալիս:  1954թ․-ի կոնվենցիայով այդ պարտականությունը գոյություն չի ունեցել: Բացի այդ, իրավիճակը շտկելու համար հակառակորդը զինված ուժերին ողջամիտ ժամանակ պետք է տրամադրի իրավիճակը շտկելու համար: Այսինքն, երբ հակառակորդը պարզում է, որ մշակութային կառույցը օգտագործվում է ռազմական նպատակով, պետք է ողջամիտ ժամանակ տա զինվորներին, իրավիճակը փոխելու  համար։

Գոյություն ունեն տարբեր եղանակներ, որոնց արդյունքում մշակութային արժեքները կարող են օգտագործվել ռազմական նպատակով: Ամենաակնհայտը անշարժ մշակութային ժառանգությունի մեջ դիրք գրավելն է, ռազմական սարքավորումներ կամ զինամթերք  պահելն է ժառանգության կառույցում:  Նման բոլոր իրավիճակներում, սակայն, կարևոր է հաշվի առնել երեք կետ. http://www.unesco.org/new/fileadmin/MULTIMEDIA/HQ/CLT/pdf/MilitaryManuel-En.pdf

1․ Մշակութային ժառանգությունը ռազմական նպատակներին ծառայեցնելը դեռևս օրինական չի համարում հակառակ կողմի կողմից այդ ժառանգության վրա հարձակվելը․ նման օգտագործմամբ մշակութային ժառանգությունը կդառնա ռազմական նպատակ միայն այն դեպքում, եթե դրա ոչմչացումը արդյունավետ ներդրում առաջարկի ռազմական գործողություններում,

2Մշակութային  ռազմական նպատակ կդառնա միայն այն դեպքում, եթե դրա ամբողջական կամ մասնակի ոչնչացումը, գրավումը կամ վնասազերծումը, այն ժամանակ տիրող հանգամանքներում, առաջարկի կոնկրետ ռազմական առավելություն,

 3 Նույնիսկ եթե մշակութային ժառանգությունը ռազմական նպատակ է, դրա հարձակումը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե նման ռազմական առավելություն ստանալու համար իրագործելի այլընտրանք չկա: