![](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/c28a0000-0aff-0242-f250-08d9eb0e0005_w650_r0_s-1.jpg)
Հայկական արվեստը, որը Ադրբեջանը կարող է «ջնջել» եկեղեցիներից
Փետրվարի 9-ին Ազատություն ռադիոկայանի կայքում տեղադրվեց Ամոս Չափլի հոդվածը https://www.rferl.org/a/azerbaijan-armenia-churches-inscriptions-erase/31693154.html?fbclid=IwAR1iYTdjlkVoXwjyZ7ZIYHYI9rWl6Bd90NTHh83ylP-W_S0_HXnjtA6_zyY , որում հանգամանալից անդրադարձ է կատարվում փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարության աղմկահարույց հայտարարությանը։ Հոդվածը ներկայացնում է Արցախում հայկական մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականությունը, Ադրբեջանի կողմից առաջարկվող և քարոզվող կեղծ թեզերը, պաշտոնական հայտարարությունները:
Ցավոք, պատմական տեղանունների փոխարեն, որոնք կազմում են այդ մշակութային ժառանգության ինքնության կարևոր բաղկացուցիչը, հեղինակը լուսանկարների բացատրությունները ներկայացրել է Ադրբեջանի Հանրապետության 2020-2021 թթ․ վարչատարածքային բաժանման հիման վրա։ Պատմական անվանումը մշակութային ինքնության կարևոր բաղկացուցիչն է, և հրաժարվել այդ անվանումներից նշանակում է խաթարել մշակութային ժառանգության ամբողջականությունը։
Դադիվանքը մեկն է այն բազմաթիվ քրիստոնեական վայրերից, որ Ադրբեջանը վերագրավել է 2020 թվականին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Միջնադարյան վանական համալիրը ներկայումս գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ՝ Ադրբեջանի տարածքում։
![Խաչերը և հայերեն գրությունները Քելբաջարի շրջանում գտնվող Դադիվանքի պատին:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/c28a0000-0aff-0242-f250-08d9eb0e0005_w650_r0_s-1.jpg)
Խաչերը և հայերեն գրությունները Քելբաջարի շրջանում գտնվող Դադիվանքի պատին:
Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարեց, թե հատուկ կոմիտե է ստեղծում, որը քայլեր կձեռնարկի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված՝ հորինված հետքերը վերացնելու համար»։ Հայտարարությունը մեծ աղմուկ ու դժգոհություն առաջացրեց։
![Հայերեն գրությունները և փորագրված պատկերները Դադիվանքի պատին:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/f30fe231-f41e-407b-9359-98c1f8833b70_w1023_r0_s-1.jpg)
Հայերեն գրությունները և փորագրված պատկերները Դադիվանքի պատին:
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը հայտարարեց, որ «խորապես անհանգստացած է հայ առաքելական գրությունները եկեղեցիներից հեռացնելու՝ Ադրբեջանի ծրագրերով»: «Կոչ ենք անում կառավարությանը պահպանել և պաշտպանել պաշտամունքի և այլ կրոնական և մշակութային վայրերը», - թվիթերյան գրառմամբ նշել է ամերիկյան կառավարական հանձնաժողովը:
![12-րդ դարի խաչքարի մասը Քելբաջարի շրջանի Հանդաբերդում:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/08b40000-0a00-0242-8f21-08d9eb0dfff7_w1023_r0_s-1-768x576.jpg)
12-րդ դարի խաչքարի մասը Քելբաջարի շրջանի Հանդաբերդում:
Այն, որ Լեռնային Ղարաբաղի հնագույն հուշարձանները ոչ թե հայկական, այլ՝ կովկասյան ալբանական, կամ աղվանական ծագում ունեն, ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, և վաղուց։ Նրանք նաև «կեղծիք» են որակում արվեստի գործերը, որոնցից մեկն, օրինակ, վերևում պատկերված խաչքարն է:
![Հադրութի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու 2018 թվականին արված լուսանկարում մուտքի վերևում երևում է հայերեն գրությունը։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/08b40000-0a00-0242-7e0f-08d9eb0e9717_w1023_r0_s-1-768x432.jpg)
Հադրութի շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու 2018 թվականին արված լուսանկարում մուտքի վերևում երևում է հայերեն գրությունը։
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի մարտին, այցելեց Ծակուռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, հենց այդպես էլ ասաց։ «Այս բոլոր մակագրությունները կեղծ են։ Դրանք գրվել են ավելի ուշ», - հայտարարեց Ալիևը՝ մատնացույց անելով եկեղեցու մուտքի վրա փորագրված հայերեն գրությունները։
Ալիևը նաև կրկնեց պնդումը, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի այդ եկեղեցին իրականում կովկասյան ալբանական ծագում ունի:
![Ադրբեջանի Թարթառի շրջանի հինգերորդ դարի Եղիշե Առաքյալ վանքի պատի մասերը, այդ թվում՝ հայերեն գրությամբ։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/c28a0000-0aff-0242-a113-08d9eb0e07eb_w1023_r0_s-1.jpg)
Ադրբեջանի Թարթառի շրջանի հինգերորդ դարի Եղիշե Առաքյալ վանքի պատի մասերը, այդ թվում՝ հայերեն գրությամբ։
![Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի ավերված Մոխրենիս եկեղեցու մուտքի մոտ գտնվող փոքրիկ խաչքարը։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/08b40000-0a00-0242-d279-08d9eb0e0677_w1023_r0_s-2.jpg)
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի ավերված Մոխրենիս եկեղեցու մուտքի մոտ գտնվող փոքրիկ խաչքարը։
![Խաչքարը՝ Ադրբեջանի կողմից վերագրավված Լաչինի շրջանում:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/c28a0000-0aff-0242-728a-08d9eb0e059d_w1023_r0_s-1.jpg)
Խաչքարը՝ Ադրբեջանի կողմից վերագրավված Լաչինի շրջանում:
Եկեղեցիների ալբանական (աղվանական) ծագման մասին պնդումները լայնորեն քննադատվել են օտարերկրյա գիտնականների կողմից: Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը այդ հայտարարությունները որակում է «բավականին տարօրինակ» և նշում, որ նման փաստարկը «ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ», որի նպատակն է պնդել, թե հայերը «[Լեռնային Ղարաբաղի] նկատմամբ հավակնություններ ներկայացնելու ոչ մի հիմք չունեն»:
Բունյաթովը ժամանակին նաև մի տխրահռչակ հոդված էր հեղինակել, որտեղ պնդում էր, թե 1988 թվականին Սումգայիթում հայերն էին հայերի ջարդերը կազմակերպել՝ Ադրբեջանին վարկաբեկելու համար:
![Որմնանկար Դադիվանքում:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/084a0000-0aff-0242-0b46-08d9eb0dfff7_w1023_r0_s-1.jpg)
Որմնանկար Դադիվանքում:
Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե աշխատանքային խումբ է ստեղծվել «հայացված ալբանական տաճարները վերականգնելու» համար, մեծ աղմուկ բարձրացրեց, այդ թվում՝ արտասահմանյան մամուլում։ Մշակույթի նախարարությունը ևս մեկ հայտարարություն տարածեց` այս անգամ քննադատելով օտարերկրյա լրատվամիջոցներին՝ «կողմնակալ հրապարակումների համար»։
![Հայերեն գրությունը՝ Ադրբեջանի կողմից վերագրավված Քելբաջարի շրջանի 13-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցու մուտքի մոտ։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/c28a0000-0aff-0242-53a1-08d9eb0dfff4_w1023_r0_s-1.jpg)
Հայերեն գրությունը՝ Ադրբեջանի կողմից վերագրավված Քելբաջարի շրջանի 13-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցու մուտքի մոտ։
Օրեր անց՝ փետրվարի 7-ին, սակայն, Ադրբեջանի կառավարությունը, փաստացի, մասամբ հետ կանգնեց ավելի վաղ արված հայտարարությունից։ Մշակույթի նախարարությունը պնդեց, թե աշխատանքային խումբը պետք է մատնանշի հուշարձանների հետ կապված ցանկացած «կեղծիք», այնուհետև «այդ փաստերը ներկայացնի միջազգային հանրությանը»:
![Դադիվանքի պատերին ամրացված խաչքարերը:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/c28a0000-0aff-0242-2fec-08d9eb0e971e_w650_r0_s-1.jpg)
Դադիվանքի պատերին ամրացված խաչքարերը:
Արդարադատության միջազգային դատարանը 2021-ի դեկտեմբերին՝ Հայաստանի դիմումի հիման վրա հարուցված գործով, պարտադիր է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտերն ու պղծումը»։
![Ադրբեջանի Թարթառ շրջանի Երից Մանկանց վանքի վրա երեւացող խաչը:](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/c28a0000-0aff-0242-6609-08d9eb0e0ae9_w1023_r0_s-1.jpg)
Ադրբեջանի Թարթառ շրջանի Երից Մանկանց վանքի վրա երեւացող խաչը:
Սակայն մտավախություններ կան, որ Նախիջևանում հայկական ժառանգությունը ջնջելուց հետո Ադրբեջանը կշարունակի ոչնչացնել հայկական մշակութային ժառանգության հետքերը նաև վերջին պատերազմից հետո իր հսկողության տակ անցած տարածքներում։
![Փորագրված քարը Երից Մանկանց վանքի տարածքում։](https://monumentwatch.org/wp-content/uploads/2022/02/084a0000-0aff-0242-0fc4-08d9eb0e971b_w1023_r0_s-1.jpg)
Փորագրված քարը Երից Մանկանց վանքի տարածքում։
Վերլուծաբանները նշում են, որ Բաքուն նոր լծակներ է ստացել Արևմուտքի նկատմամբ՝ ռուս-ուկրաինական լարվածության պատճառով: Մտավախություններ կան, որ այդ տարաձայնությունների պատճառով Ռուսաստանը կարող է սահմանափակել գազի մատակարարումը՝ խնդիրներ ստեղծելով վառելիքից մեծապես կախված եվրոպական երկրների համար։ Հենց այդ պատճառով էր ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնը փետրվարի 4-ին այցելել Բաքու:
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո ԵՄ հանձնակատարը ողջունել էր Բրյուսելի «ամուր կապերը Ադրբեջանի հետ», բռնապետական կառավարմամբ հայտնի այդ երկրի առաջնորդն էլ հայտարարել էր, թե գործընկերության նոր փուլ է սկսում ԵՄ-ի հետ՝ էներգակիրների մատակարարման ոլորտում: