«Սբ․ Հակոբավանքի վերականգնում և համայնքի զարգացում» վերնագրով համաժողովի շուրջ

Սեպտեմբերի 26-ին Մատենադարանում «ռեԱրմենիա», «Արեւահովիտ» հարթակների և «Արդյունավետ կառավարություն» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սբ․ Հակոբավանքի վերականգնում և համայնքի զարգացում» վերնագրով համաժողովը։

Համաժողովն սկսվեց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բացման խոսքով և Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձով։ Ճարտարապետ Սամվել Այվազյանը ներկայացրեց համալիրի վերականգնման նախագիծը, ցուցադրվեց տեսանյութ նվիրված Մեծառանից սբ․ Հակոբավանքին։

Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև ազգագրագետ Լիլիթ Սիմոնյանի «Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակը հայոց մեջ» գրքի շնորհանդեսը։

Հանդիպման երկրորդ հատվածում տեղի ունեցան քննարկումներ Հակոբավանքի հոգևոր կրթա-մշակութային դերի, ուխտագնացությունների նշանակության, ինչպես նաև համայնքի զարգացման ծրագրի մասին։

Համաժողովին ելույթ ունեցան մի շարք հոգևորականներ, ազգագրագետներ, պատմաբաններ, տարբեր գործիչներ, ովքեր բազմիցս նշեցին սբ․ Հակոբավանքի վերականգնման նշանակության և այդ աշխատանքների մասնագիտական բարձր մակարդակով իրականացնելու կարևորության մասին։

Միջոցառման ավարտից հետո ԵՊՀ Մշակութաբանության ամբիոնում կայացավ «ռեԱրմենիա» հարթակի գործադիր հիմնադիր Գևորգ Պողոսյանի, «Արեւահովիտ» հարթակի համահիմնադիր Լալա Մնեյանի և «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի համահիմնադիր Համլետ Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Արցախի մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման խնդիրները՝ հաշվի առնելով ներկայիս ստեղծված քաղաքական բարդ իրավիճակը և մարտահրավերները։