Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների ներկայացումը Ստեփանակերտում
Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի կողմից առայսօր փաստագրվել և ապացուցողական հիմքով վեր է հանվել Շուշիում մնացած թանգարանային և մասնավոր հավաքածուներում ընդգրկված գեղարվեստի գործերի 1026 նմուշ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնում Շուշիի գեղարվեստի գործերի կորուսյալ հավաքածուների ներկայացման ընթացքում տեղեկացրեց Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգող Սերգեյ Շահվերդյանը: «Մեր առաջնահերթ խնդիրներից է բացահայտել բոլոր այն հավաքածուները, որոնք մնացել են բռնազավթված տարածքներում: Բացի պետական թանգարաններից, բռնազավթված տարածքներում կային նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներ: Այսօրվա դրությամբ կարողացել ենք բացահայտել, որ մասնավորապես Շուշիում են մնացել գեղարվեստի գործերի և թանգարանային 13 հավաքածու՝ այդ թվում Կերպարվեստի պետական թանգարանում՝ 658 նմուշ, Շուշի քաղաքի քանդակի միջազգային պուրակում՝ 51, Արվեստի կենտրոնի ցուցասրահում՝ 66, Նարեկացի Արվեստի Միության հավաքածուից՝ 36, Սամվել Թավադյանի արվեստանոց-ցուցասրահում՝ 168 նմուշ, Արտակ Պողոսյանի՝ 20, Դավիթ Ավագիմյանի՝ 37 նմուշ», - մանրամասնեց Շահվերդյանը՝ հավելելով, որ Շուշիում են մնացել նաև բերդաքաղաքի պատմության պետական, Երկրաբանության Արցախյան գորգի (մասնակի), Դրամագիտության թանգարանների, Պատկերասրահի և Վարդան Դուշմանի տուն-թանգարանի հավաքածուները: «Չենք կարող վստահ լինել, որ այս ցանկը վերջնական է, որովհետև հնարավոր է ի հայտ գան անձինք, ովքեր այնտեղ ինչ-որ հավաքածուներ ունեին: Ընթացքում այս ցանկը համալրման ենթակա է», - նշեց բանախոսը: Բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհրդի աշխատանքների համակարգողի խոսքով՝ ամենադժվար գործընթացն այդ հավաքածուներում պարունակվող մշակութային արժեքները բացահայտելն է: Շուշիում են մնացել ոչ միայն թանգարանային ու գեղարվեստի հավաքածուները, այլ նաև դրանց ցանկերը: «Բոլոր փաստաթղթերը, որոնք պիտի պահվեին թանգարանում, մնացել են Շուշիում: Ուստի պարտավորված էինք նորից հավաքագրել: Այդ ցուցակներն ունեն նաև ապացուցողական հիմք, այսինքն՝ ցանկում ընդգրկված են լուսանկարներ կամ տեսանյութեր», - ընդգծեց Շահվերդյանը՝ ավելացնելով, որ Շուշիի որոշ թանգարանների գեղարվեստի կորուսյալ հավաքածուների ցուցանմուշների զգալի մասը տրամադրվել էր անհատների կողմից ժամանակավոր ցուցադրության համար: