«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի տարեկան հաշվետվությունը
Հարգելի գործընկերներ, բարեկամներ և հետևորդներ, Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմը շնորհավորում է բոլորի գալիք Նորի Տարին և Սուրբ Ծնունդը։ Մաղթում ենք խաղաղություն և արդյունավետ աշխատանքային տարի։ Ստորև ներկայացնում ենք “Monument Watch” թիմի 2022 թվի աշխատանքները։
- Կայքի «Հնավայրեր և հուշարձաններ» բաժնում ներկայացված հուշարձանների թիվը հասել է 150-ի: Յուրաքանչյուր շաբաթ կայքում ավելացվում է առնվազն երկու հուշարձանի նկարագրություն: Հուշարձանների նկարագրությունները համապատասխանում են խմբի գիտական ղեկավարների մշակած չափանիշներին։
- «Ահազանգեր» բաժնում ներկայացված հոդվածների թիվն ավելացել է՝ հասնելով 78-ի: Մեդիա մոնիթորինգի մեր մասնագետները հետևում են ադրբեջանական լրատվական դաշտին՝ արձագանքելով մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին։
- «Նորություններ» բաժնում ներկայացվում են մշակութային ժառանգության պահպանման ու հանրայնացման հետ կապված նորությունները, հայտարարությունները, լուսաբանվում են “Monument Watch” թիմի հանդիպումները, քննարկումները և միջոցառումները։
- Նախապատրաստական աշխատանքներ են տարվում կայքում նոր բաժին բացելու ուղղությամբ, որը ներկայացնելու է ադրբեջանական վերահսկողության տակ անցած թանգարաններն ու հավաքածուները, դրանց պատմությունը, թանգարանային ցուցանմուշները և դրանց մասին այսօր ունեցած տեղեկատվությունը։
- Արցախի կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ 2022 թվականի հունիսի 6-ին Ստեփանակերտում կայացել է monumentwatch.org կայքի պաշտոնական շնորհանդեսը։
- 2022 թվականին “Monument Watch” թիմը երկու անգամ դաշտային աշխատանք է կատարել Արցախում՝ հունիսի 4-7-ը՝ այցելություն Հակոբավանք (Քոլաթակ գյուղ), Նիկոլ Դումանի տուն-թանգարան (Ծաղկաշատ գյուղ), հոկտեմբերի 9-12-ը՝ հետազոտական այցելություն Ավդուր, Հացի, Մեծ Շեն, Խնուշինակ և Բերդաշեն գյուղերի հուշարձաններ։
- “Monument Watch” թիմի անդամները այս տարվա ընթացքում մասնակցել են մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների, որտեղ ներկայացվել են Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն ու ներկա մարտահրավերները։
Հարգանքներով՝
“MonumentWatch” թիմ
Նկարներ
- Բանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1639 թ.
- Խաչքարեր, 12-13-րդ դարեր, Ծովատեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի