ՄԱԿ-ի Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի» շրջանակներում 2023 թվականի փետրվարի 22-ին որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ՝ մերժելով Ադրբեջանի հակընդդեմ հայցը

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարի 22-ին կայացրեց թվով երկրորդ որոշումը ՄԱԿ-ի կողմից 1965 թվականին ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի՝ Ադրբեջանի կողմից խախտումների վերաբերյալ։

Հայաստանը Դատարան էր դիմել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին և նշել, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերին ենթարկել է ռասայական խտրականության», և որ էթնիկ պատկանելիությունից ելնելով՝ Ադրբեջան պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ բռնությունների։ Բացի դա, Հայաստանը խնդրել էր նաև դատարանին հաշվի առնել, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման 2-րդ կետը «երկու Կողմերը պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է խորացնել կամ երկարացնել վեճը Դատարանի առջև կամ ավելի դժվարացնել դրա լուծումը» Ադրբեջանի կողմից խախտվում է հընթացս։

2022 թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանը երրորդ անգամ էր հայց  ներկայացրել Դատարան՝ ժամանակավոր միջոցների ընդունման  խնդրանքով: Այստեղ, ի մասնավորի, նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը «կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի շրջափակումը», և Հայաստանը  խնդրում է դատարանին նշել հետևյալ երկու ժամանակավոր միջոցները․

  • Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքների» կազմակերպումը և դրանց իր աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով,
  • Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։

2023 թվականի հունվարի 26-ին Հայաստանի  ներկայացուցիչը դատարանին էր ներկայացրել լրացուցիչ տեքստ, ի մասնավորի նշելով, որ  «Ադրբեջանը պետք է անհապաղ և ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղի բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց» https://www.icj-cij.org/sites/default/files/2023-02/180-20230222-SUM-01-00-EN.pdf:

Դատարանը հիշեցրել է, որ Կոնվենցիայի մասնակից պետություն Ադրբեջանը՝ խախտում է Կոնվենցիայի 2-րդ և 5-րդ հոդվածները։  Համաձայն 2-րդ հոդվածի՝ մասնակից պետությունները «դատապարտում են ռասայական խտրականությունը և պարտավորվում են բոլոր համապատասխան միջոցներով և առանց հապաղելու հետամուտ լինել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով վերացնելու քաղաքականությանը» և համաձայն 5-րդ հոդվածի ՝ մասնակից պետությունները պարտավորվում են երաշխավորել օրենքի առջև բոլորի իրավունքը՝ «պետության սահմաններում ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունքից», «ցանկացած երկիրը լքելու, ներառյալ սեփական երկիրը, և սեփական երկիր վերադառնալու իրավունք» և «հանրային առողջության, բժշկական օգնության, սոցիալական ապահովության և սոցիալական ծառայությունների իրավունք»:

Բացի այդ Դատարանը եզրակացրեց, իր Կանոնադրության 41-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման շարունակականությունը կարող է հանգեցնել անուղղելի վնասների, ուստի անհրաժեշտույթուն կա ձեռնարկելու հրատապ միջոցներ https://www.icj-cij.org/sites/default/files/2023-02/180-20230222-SUM-01-00-EN.pdf ։

Ուստի՝ դատարանը գտավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը Լաչինի միջանցքով խաթարվել է, որն առաջացել է մի շարք հետևանքներ, և որ ազդեցությունը տուժածների վրա պահպանվում է մինչ օրս: Դատարանի տրամադրության տակ եղած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ Լաչինի միջանցքի խափանումը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված հայազգի կամ էթնիկական ծագում ունեցող անձանց տեղափոխումը Հայաստանի բժշկական հաստատություններ շտապ բժշկական օգնության նպատակով: Ապացույցները նաև ցույց են տալիս, որ եղել են խոչընդոտներ Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ առաջացնելով սննդի, դեղորայքի և կյանքի փրկող այլ բժշկական պարագաների պակաս: Դատարանը նաև նշել է, որ մարդասիրական կարիքների համար անհրաժեշտ ապրանքների ներմուծման և գնման սահմանափակումները, ինչպիսիք են սննդամթերքը և դեղամիջոցները, ներառյալ կյանք փրկող դեղերը, քրոնիկ հիվանդությունների բուժումը կամ կանխարգելիչ խնամքը և բժշկական սարքավորումները, կարող են լուրջ վնասակար ազդեցություն ունենալ անհատների կյանքի և առողջության պահպանման վրա https://www.icj-cij.org/sites/default/files/2023-02/180-20230222-SUM-01-00-EN.pdf ։

Վերը շարադրված նկատառումների լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ Դատարանի կողմից արժանահավատ համարվող իրավունքների ենթադրյալ անտեսումը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ։

Դատարանը հիշեցրել է նաև Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որն ի թիվս այլոց, նախատեսում է, որ «Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի ապահովման ճանապարհն է, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերի հսկողության տակ»: Հայտարարությունում այնուհետև ասվում է, որ «Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը»:

Դատարանը, ձայների տասներեք կողմ, երկու դեմ հարաբերակցությամբ, նշում է հետևյալ ժամանակավոր միջոցը. Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններով՝ ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար: Ի լրումն նշենք, որ «ժամանակավոր միջոցների մասին հրամանները՝ համաձայն  Դատարանի 41-րդ հոդվածի, ունեն պարտադիր ուժ» և ստեղծում են միջազգային իրավական պարտավորություններ ցանկացած կողմի համար։

Հարկ է հավելել, որ Դատարանը չի բավարարել Հայաստանի՝ «դադարեցնել Ադրբեջանի կողմից ենթադրյալ բողոքների կազմակերպումն ու աջակցումը» և «ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց» խնդրանքները՝ Դատարանին բավարար ապացույցներ չներկայացնելու հիմնավորմամբ։

Դատարանը հիշեցնում է նաև, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման մեջ նշված ժամանակավոր միջոցները մնում են ուժի մեջ։

Հավելենք, որ անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ պահանջներին՝ Դատարանը միաձայն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները: