Միջնադարյան Շուշին ըստ հնագիտական հետազոտությունների
Շուշիի հին պատմության, հիմնադրման, կառուցապատման, նրա առանձին հուշարձանների էթնիկ պատկանելության խնդիրները մեկ անգամ չէ, որ հայտնվել են Ադրբեջանի զավթողական նկրտումների «հիմնավորումների» ցանկում։ Տասնամյակներ շարունակ Արդրբեջանի կառավարությունն ու մտավորականությունն իրենց ժողվրդին քարոզել են մի առասպել, ըստ որի Շուշին ծագել և գոյատևել է որպես ադրբեջանական քաղաք և ադրբեջանական մշակույթի բնօրրան։ Եթե մինչև Շուշիի ազատագրումը տարածքի հայկական պատկանելությունը հստակորեն ցուցելու համար հայ հետազոտողները ստիպված էին բավարարվել առավելապես գրավոր աղբյուրների և նոր ժամանակների (18-19-րդ դդ.) իրողությունների քննությամբ, ապա ազատագրումից հետո հնարավորություն եղավ լայնորեն օգտագործել հնագիտական, վիմագրական, տեղագրական բնույթի բազմաթիվ աղբյուրները։ Հնարավորություններ, որոնք ցավոք, միայն մասամբ օգտագործվոեցին։
ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախումբը (Համլետ Պետրոսյան, Վարդգես Սաֆարյան, Տատյանա Վարդանեսովա, Նորա Ենգիբարյան, Մանուշակ Տիտանյան) 2004-2005 թվականներին կազմել է Շուշիի և շրջակայքի հնագիտական հուշարձանների ցուցակն ու քարտեզը (նկ. 1), որն ընդգրկում է մոտ 200 հնագիտական հուշարձաններ (մինչև 18-րդ դարը ներառյալ)՝ այդ թվում՝ պալեոլիթյան մեկ կայան, բրոնզի և երկաթի դարերի մեկ կիկլոպյան ամրոց, հինգ դամբարանադաշտեր, երկու անտիկ և երկու վաղքրիստոնեական դամբարանադաշտեր, 6 միջնադարյան գյուղատեղիներ, մոտ չորս տասնյակ խաչքարեր։
Դրան հաջորդել են Շուշի և շջակայքի հնագիտական հետազոտությունը, հատուկ ուշադրություն դարձնելով միջնադարյան հուշարձաններին, քանի որ անմիջական նպատակն էր ցուցել Շուշիի սարահարթի բնակեցված լինելն ու տեղում հայկական մշակույթի առկայությունը մինչև այստեղ Փանահի հայտնվելը (18-րդ դարի կեսեր): Պեղումներն իրականացվել են ստորև թվարկվող հուշարձաններում և տվել են հետևյալ արդյունքները։
Հայ-հունական և Հին հանգստարանների հետախուզական պեղումները։ Շուշիի արևելյան պարսպապատին կից գտնվող Հայ-հունական գերեզմանոցի հին հատվածի պեղումները ցույց տվեցին, որ այստեղ 12-13-րդ դարերում եղել է հայկական գերեզմանոց (նկ. 2), որի խաչքարերը հետագայում` 19-րդ դ. կեսերին օգտագործվել են նոր թաղումների վրա: Այստեղ վավերացված 12-13-րդ դդ. հինգ խաչքարերը վկայում են, որ Շուշիի սարահարթը հայերի կողմից բնակեցված էր Խաչենի հայկական իշխանության ամենածաղկուն դարաշրջանում (12-14-րդ դարեր): Հետաքրքիր են նաև քաղաքի Հին հանգստարանի մի մասի մաքրման հետևանքով բացված տապանաքարերը: Նրանցից մեկն էլ թվագրված է 1771 թ., ինչը, փաստորեն, այսօր Շուշիի` պարսպապատերի մեջ առնված տարածքի ամենահին հայերեն արձանագրությունն է:
Կարկառ ամրոցի հայտնաբերումն ու պեղումները։ Չափազանց ուշագրավ կարելի է համարել Հունոտի կիրճի` Ավանի կարան կոչվող ամրացված քարանձավի մոտի ամրոցի հետախուզական պեղումները (նկ. 3, 4): Նրա վերին հարթակի մաքրման ժամանակ բացված թոնրի շրջակայքից և լիցքից գտնվել են 12-14-րդ դդ. վերաբերող նյութերի բազմաթիվ նմուշներ (նկ. 5): Հատուկ նշելի են մոնղոլական տիպի նետասլաքն ու չինական սելադոնի բեկորը, որոնք ոչ միայն ապացուցում են, որ Շուշիի սարահարթի արևելյան` Հունոտի կիրճը բնակեցված էր այդ ժամանակ, այլև, որ այստեղով անցնում էր առևտրական մի ճանապարհ, որի պահպանության համար էլ Խաչենի իշխանները ստեղծել էին այս ամրությունները: Այս նոր տվյալները հիմք են տալիս հենց այստեղ տեղադրել պատմիչների հիշատակած Կարկառ ամրոցը, որը 17-րդ դ. վերջերին` հայ ազատագրական շարժումների ժամանակ վերակառուցվեց և ստացավ Ավանի կամ Փոքր սղնախ անունը։ Կիրակոս Գանձակեցին Կարկառ ամրոցը թվում է Հասան Ջալալին պատկանող («զհայրենիս») այն երեք ամրոցների շարքում, որոնք խլել էին թուրքերն ու վրացիները, իսկ Բաթու խանը` իր որդի Սարթախի միջնորդությամբ` դրանք ետ էր վերադարձրել իշխանին. «Եւ տարեալ առ հայրն իւր, մեծապատիւ արար և ետ ի նա զհայրենիս իւր զՉարաբերդ և զԱկանայ և զԿարկառն, զոր հանեալ էին յառաջագոյն ի նմանէ ազգն թուրքաց և վրաց» (Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, Երևան, 1961, էջ 359)։ Նախնական եզրակացությունն այն է, որ ոչ թե պարսիկ ու թուրք եկվորները, այլև նրանցից առաջ հայ Մելիք Շահնազարն ու Ավան հարյուրապետը 18-րդ դարի սկզբներին ամրացրել-վերակառուցել են արդեն դարեր առաջ հայ իշխանների կողմից հիմնված ու կարևորված ամրակետերը:
Շոշվա սղնախի հայտնաբերումն ու պեղումները։ Շուշիի պարսպապատերի մանրամասն դիտումների և համապատասխան մասնագիտական գրականության քննությամբ մեզ հաջողվել է պարզել, որ Շուշիի ներկա տարածքում մինչև Փանահի կողմից պարիսպների կառուցումը (18-րդ դարի 50-ական թվականներ) եղած ամրոցներից մեկի ավերակները համընկնում են Մխիթարաշենի դարպասների մոտի պարսպահատվածին: Այստեղ ձեռնարկած լայանածավալ պեղումները, վկայում են, որ պարսպապատերից ներս գտնվող այս հատվածը բնակեցված է եղել գոնե մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբից (նկ. 6):
Սա մի լուրջ տվյալ է վերջ դնելու Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահի կոմից բնակեցնելու ադրբեջանական առասպելին: Ամրոցը գտնվում է Շոշ գյուղի համարյա դիմաց և ընդամենը 250 մետր է հեռու խաչքարերով գերեզմանոցից: Գուցե ի դեմս այս ամրոցի հնարավոր է վավերացնել հռչակավոր Շոշի քարը կամ սղնախը, որից էլ, ըստ որոշ կարծիքների, Շուշի քաղաքն ստացել է իր անվանումը:
Շուշիի Խաչքարային մշակույթը։ Շուշիի միջնադարյան քրիստոնեական-հայկական կերպարի հավաստման գործում առաջնային նշանակություն ունեն և խաչքարերը։ Բացի պեղումներով հայտնաբերված վերոնշյալ խաչքարերից, խաչքարեր են վավերացվել բուն Շուշիում և նրա անմիջական շրջապատում։ Բուն Շուշիիում՝ պարիսպներից ներս ինձ հայտնի են երկու խաչքարերի բեկորներ, որոնցից մեկը պահվում էր Շուշիի պատմա-երկրագիտական թանգարանում և այստեղ էր բերվել բանտի տարածքից, ուր այն օգտագործված է եղել որպես բակի սալահատակի քար: Երկրորդ բեկորը ծագում է Մխիթարաշենի դարպասներ կոչվող հատվածից, որն իրականում 17-րդ դարի վերջի ամրոց է, և խաչքարի բեկորն օգտագործվել է որպես աշտարակի շինաքար: Երկուսն էլ պատկանում են այս տարածքի 12-13-րդ դարերի տիպական խաչքարերի թվին՝ հյուսածո երիզներով խորանի մեջ տեղադրված՝ եռաելուստ երկատումներով կենտրոնական խաչ և խորանի վերնանկյուններից դեպի խաչահատումն իջնող խաղողի ողկույզներ: Շուշիի անիջական շրջապատում, որը ներառում է Քարին տակ և Կարկառ գետերի միջագետքը, վավերացվել են մոտ երկու տասնյակի հասնող խաչքարեր, որոնք պատակնում են 10-14-րդ դարերին։ Դրանք հիմնականում շարքային օրինակներ են, հորինվածքը նորից սահմանափակվում է հուսածո զարդագոտիներով, խորանում ներառված խաչերով, մի քանի օրինակների վրա կան պատկերաքանդակներ, որոնք ներկայացնում են հանգուցյալներին և նրանց մերձավորներին՝ զինված ռազմիկներ, որսի տեսարաններ և այլն (նկ. 7, 8): Դրանցից մի քանիսը կրում են հայերեն արձանագրություններ։ Օրինակ, ռազմիկին ու եղբորը ներակայացնող խաչքարի քիվին կարդում ենք. «Թիւն ։ՈԾԷ։ (1208 թ.)/ ես Ավանես կանգնեցի»։
Այսպիսով, Շուշիի տափարակն ու այն հյուսիսից և հարավից եզերող կիրճերը երևան են բերում մ. թ. 12-14-րդ դարերի ամրոց և հնագիտական մշակույթ Հունոտի կիրճում, որտեղով անցել է Արցախը Սյունիքին կապող Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկը, 17-18-րդ դարերի ամրոց-դղյակներ, կամուրջ, ջրաղաց, գերեզմանոց և գյուղատեղի նույն Հունոտի կիրճում և Մխիթարաշենի դարպասների մոտ, խաչքարեր և տապանաքարեր՝ ցրված սարահարթում և շրջակայքում։ Այս փաստերը ցույց են տալիս, որ մինչև Փանահի կողմից 18-րդ դարի կեսերին ամրությունների կառուցումը Շուշիի սարահարթը և շրջակայքն արդեն հայերի կողմից բնակեցված-մշակութայնացված էին դարեր ի վեր։
Գրականություն
- Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Միջնադարյան Շուշին ըստ հնագիտական պեղումների // Շուշին հայոց քաղաքակրթության օրրան, Շուշիի ազատագրման 15-րդ տարեդարձին նվիրված գիտաժողովի նյութեր,Երևան, 2007, էջ 268-272:
- Պետրոսյան Հ., Շուշիի և շրջակայքի խաչքարային մշակույթը // Հայագիտական ուսումնասիրություններ (հոդվածների ժողովածու), Ստեփանակերտ, Արցախի պետական համալսարան, 2013, էջ 23-34:
- Петросян Г., Сафарян В., Енгибарян Н., Титанян М. Археологические свидетельства существовоания древних поселений на территориии Шуши // Феномен Шуши. Историко-политологические исследования, Рабочие тетради, 1-2 (25-26), Ереван, 2013, с. 30-39.