Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը
Պատմությունը
«Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը» հիմնադրվել է 2014 թվականի մայիսին, պաշտոնական բացումը տեղի է ունեցել նույն թվականի սեպտեմբերի 1-ին։ Թանգարանը հիմնադրվել է խորհրդային հայտնի երկրաբան, երկրաբանա-միներալոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ, ով այդ նպատակով Արցախին է նվիրել հանքաքարերի, լեռնային ապարների և օրգանական բրածո մնացորդների իր անձնական հավաքածուն։ Այն կազմում է 403 նմուշ՝ աշխարհի 40 երկրներից և Ռուսաստանի Դաշնության 20 շրջաններից (Դանիելյան, Գասպարյան 2022, 189-190): Ցուցադրության մեջ ներառված են եղել նաև Արցախի տարբեր շրջաններից հավաքագրված հանքաքարեր և օգտակար հանածոներ (նկ. 1, 2):
Թանգարանը տեղակայված էր Շուշի քաղաքի 19-րդ դարի կառույցներից մեկում՝ Մ․ Մաշտոց 32 հասցեում՝ նախկինում «Կանաչ դեղատուն» կոչվող շենքում (նկ. 3): Այն համարվում էր Կովկասի ամենամեծ երկրաբանության թանգարաններից մեկը։
Հավաքածուն
Թանգարանի հավաքածուն ներառում էր ցուցադրության մեջ գտնվող 400-ից ավել և ֆոնդերում պահվող շուրջ 60 ապարներից և հանքանյութերից՝ աշխարհի տարբեր երկրներից և շրջակա լեռնազանգվածներից (նկ. 4-11)։
Ցուցադրության սրահի կենտրոնում հատուկ լուսավորված ցուցափեղկերում կարելի էր տեսնել տարբեր չափերի, գույների և երանգների բազմաթիվ հանքաքարեր, լեռնային ապարներ և օրգանական բրածոներ, որոնցից ամենահինը 1 միլիարդ 200 միլիոն տարեկան էր։ Ցուցանմուշների մի մասն Արցախի տարբեր շրջաններից են, ամենահինը 146 միլիոն տարեկան է։
Ցուցադրության մեջ գլխավոր ցուցանմուշներից մեկը լեռնային բյուրեղն էր, որը հայտնաբերվել է Արցախից 1953 թվականին ուսանող-պրակտիկանտ Գրիշա Գաբրիելյանցի կողմից։ Այս հանքաքարից էլ սկսել է հավաքածուի սկիզբը (Габриэлянц 2017, 90)։
Ցուցափեղկերից բացի Արցախի օգտակար հանածոները ներկայացված էին նաև ռելիեֆային մանրակերտի վրա։
Գործունեությունը պատերազմից առաջ
Թանգարանի բացումից հետո մեկ տարվա ընթացքում այցելուների թիվը 10000-ից անցել էր, որոնց թվում ինչպես տեղաբնակներն էին, այնպես և զբոսաշրջիկներ Ավստրալիայից, Արգենտինայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից և այլ երկրներից։
Համաձայն թանգարանի նախկին տնօրեն Ս․ Սարոյանի՝ թանգարանում այցելուները առանձին սրահում կահավորված ուլտրամանուշակագույն լամպի միջոցով հնարավորություն են ունեցել տեսնել գեղեցիկ գունավորում ստացած տարբեր ապարներ և հանքանյութեր:
Թանգարանը նաև կրթական և հետազոտական կարևոր կենտրոն էր։ Թանգարանի գործունեության և երկրաբանության հանդեպ հետաքրքրասիրությունը մեծ էր նաև դպրոցականների շրջանում: Թանգարանում կազմակերպվում էին տարբեր կրթական ծրագրեր՝ թեմատիկ դասախոսություններ և ուսուցողական ֆիլմերի դիտում (նկ. 12)։ Այդ միջոցառումների կազմակերպման համար Գ. Գաբրիելյանցը թանգարանին էր նվիրել հարուստ մասնագիտական գրադարան և ֆիլմերի շարք (Габриэлянц 2017, 90-91)։
2017 թվականից թանգարանում կազմակերպվել է երկրաբանության թեմայով մրցույթ-օլիմպիադա, որին մասնակցել են Շուշի, Ստեփանակերտ քաղաքների և շրջանների դպրոցականներ:
Թանգարանում կազմակերպվում էին նաև Թանգարանների միջազգային օրվան, Եվրոպական մշակութային ժառանգության օրվան և մասնագիտական այլ օրերին նվիրված միջոցառումներ և այցելություններ։
Վիճակը պատերազմից հետո
44 օրյա պատերազմի ընթացքում թանգարանային հիմնական ֆոնդը տեղափոխվել է ռմբապաստարան, բայց այնտեղից չի տարհանվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
2021 թվականի օգոստոսի 18-ին համացանցում տարածված մի տեսանյութից երևում է (տեսանյութի հղումը՝ https://t.me/ararathau/9676), որ թանգարան մուտք գործած ադրբեջանցի զինվորականները վնասում են թանգարանում մնացած ցուցանմուշները, թանգարանային արժեքները և մանրակերտերը։ Տեսանյութում երևում է նաև, որ թշնամական հրետակոծությունից փլվել է թանգարանի տանիքը, վնասված են ցուցափեղկերը և թանգարանի տարածքում մնացած թանգարանային արժեքները։
Մինչև այժմ հայտնի չէ հավաքածուի գտնվելու վայրը, պահպանման պայմանները և վիճակը։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և դրա երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Գրականություն
- Դանիելյան, Գասպարյան 2022 – Դանիելյան Ե., Գասպարյան Լ., Շուշի քաղաքի թանգարանները, Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, Երևան, 189-190:
- Габриэлянц 2017 – Габриэлянц Г., Человек и камень, Москва, Слово.