Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը

Պատմությունը

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանը բացվել է 2013 թվականի մայիսի 9-ին պրոֆեսոր Գրիգորի Արկադիի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և աջակցությամբ (Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և նրա անձնական հավաքածուի հիման վրա բացվել է նաև Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը, մանրամասն տես՝ Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանը - Monument Watch): Թանգարանի հիմնադիր հավաքածուն կազմում էր Գրիգորի Գաբրիելյանցի հավաքածուն, որը պարբերաբար շարունակում էր համալրվել տարբեր նվիրատվություններով (Դանիելյան, Գասպարյան 2022, 190)։

Թանգարանի շենքը գտնվում էր Ղազանչեցոց 24 հասցեում։ Այն կառուցվել էր Շուշիի նախկին իջևանատան հիմքի վրա` պահպանելով վերջինիս ճարտարապետական առանձնահատկությունները  (նկ. 1, 2):

նկ. 1 Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի արտաքին տեսքը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 2 Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի ցուցասրահի ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

Հավաքածուն

700-ից ավելի նմուշ պարունակող հավաքածուն ներկայացնում էր անվանի արվեստագետներ Մ. Սարյանի, Դ. Բուռլյուկի, Կ. Զոմմերի, Գառզուի, Է. Շահինի, Ժանսեմի, Հ. Կոջոյանի, Հ. Հակոբյանի, Ռ. Խաչատրյանի, Պ. Կուզնեցովի, Ա. Շևչենկոյի, Ա. Սաֆոխինի, Դ. Պլավինսկու և այլոց ստեղծագործություններ (նկ. 3-8): Թանգարանի առանձնահատկություններից էր նվիրատուների հարուստ ցուցակը․ Արցախի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եթովպիայի, Ինդոնեզիայի, Մադագասկարի և այլ երկրների ժամանակակից արվեստագետներ իրենց աշխատանքներից նվիրում էին թանգարանին:

Թանգարանի հավաքածուն համալրվում էր նաև ամեն տարի կազմակերպվող քանդակագործության սիմպոզիումի մասնակիցների պատրաստած աշխատանքներով։

նկ. 3 Ցուցադրությունից նկարներ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 4 Ցուցադրությունից նկարներ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 5 Ցուցադրությունից նկարներ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 6 Ցուցադրությունից նկարներ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 7 Ցուցադրությունից նկարներ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 8 Ցուցադրությունից նկարներ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

Գործունեությունը պատերազմից առաջ

Կերպարվեստի պետական թանգարանը համարվում էր Շուշիի և առհասարակ Արցախի կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Այստեղ, բացի հիմնական ցուցադրությունից, պարբերաբար կազմակերպվում էին ժամանակակից նկարիչների ժամանակավոր ցուցադրություններ, տարբեր կրթական և մշակութային ծրագրեր (նկ. 9, 10): Համաձայն Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ տվյալների՝ թանգարանն ունենում էր տարեկան 10000 ից ավել այցելու աշխարհի տարբեր երկրներից:

նկ. 9 Կրթական և մշակութային ծրագրեր Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից։

նկ. 10 Կրթական և մշակութային ծրագրեր Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում, լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից։

«Քանդակների պուրակը»

Կերպարվեստի պետական թանգարանի բակում էր գտնվում նաև քանդակների պուրակը։ Այն ստեղծվել է 2019 թվականին պրոֆ․ Գրիգորի Գաբրիելյանցի նախաձեռնությամբ և հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի ջանքերով, Շուշիում 2011-2017 թվականների ընթացքում կազմակերպված շուշեցի անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անունը կրող միջազգային 5 սիմպոզիումների ընթացքում (2011, 2012, 2014, 2016, 2017 թվականներին) պատրաստված քանդակների հիման վրա: Այդ սիմպոզիումներին մասնակցել և իրենց ստեղծագործությունը Արցախի ժողովրդին էին նվիրել տասնյակ քանդակագործներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Բելառուսից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից և այլ երկրներից (նկ. 11-14)։

Թանգարանում կազմակերպվում էին նաև Թանգարանների միջազգային օրվան, Եվրոպական մշակութային ժառանգության օրվան և մասնագիտական այլ օրերին նվիրված միջոցառումներ և այցելություններ։

նկ. 11 Դրվագներ Շուշիի «Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործական սիմպոզիումից», լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանում, լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից։

նկ. 13 Դրվագներ Շուշիի «Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործական սիմպոզիումից», լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանում, լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից։

նկ. 12 Դրվագներ Շուշիի «Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործական սիմպոզիումից», լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանում, լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից։

նկ. 14 Դրվագներ Շուշիի «Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործական սիմպոզիումից», լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանում, լուս. Շուշիի կերպարվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջից։

Վիճակը պատերազմից հետո

44-օրյա պատերազմի ընթացքում թանգարանային հիմնական ֆոնդը տեղափոխվել է ռմբապաստարան, բայց այնտեղից չի տարհանվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Պատերազմից հետո տարածված տեսանյութերում երևում էր, որ ռմբակոծության հետևանքով վնասվել է շենքի դիմահայաց պատը։ Caucasus Heritage Watch-ի ֆեյսբուքյան էջում 2021 թվականի օգոստոսի 14-ին հրապարակած արբանյակային լուսանկարների համաձայն՝ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակում» տեղակայված բոլոր քանդակները՝ թվով 51, անհետացել են (նկ. 16), իսկ տարածքն ամբողջությամբ մաքրվել է։ Ինչպես կտավների, այնպես և քանդակների ճակատագիրն անհայտ է: Պարզ չէ, դրանք տեղափոխվել են, թե՞ ոչնչացվել (Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի «Քանդակների պուրակի» ավերման մասին առավել մանրամասն տես՝ Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների պուրակի» ավերումը - Monument Watch):

նկ. 15 «Քանդակների պուրակի» օդալուսանկարը, լուս. Caucasus Heritage Watch-ի ֆեյսբուքյան էջից։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

Գրականություն

  1. Դանիելյան, Գասպարյան 2022 – Դանիելյան Ե., Գասպարյան Լ., Շուշի քաղաքի թանգարանները, Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, Երևան, 189-190: