Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը
Պատմությունը
Թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին, հիմնադիր և առաջին տնօրենն էր Գրիգորի Մարդանյանը: 1986 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 1991 թվականի սեպտեմբերի 12-ը թանգարանի տնօրենն էր, հետագայում արդեն ԼՂ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Ասլանի Մկրտչյանը:
Թանգարանը նախ կոչվել է «Դիզակ», իսկ ավելի ուշ՝ Ա. Մկրտչյանի մահվանից տարիներ անց, հիմք ընդունելով թանգարանի համար կատարած նրա մեծածավալ հավաքչական և գիտական աշխատանքները, վերանվանվել է «Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան»: Թանգարանի նախասրահում՝ մուտքի մոտ, տեղադրված էր Ա. Մկրտչյանի կիսանդրին: Թանգարանը տեղակայված էր քաղաքի նախկին դպրոցներից մեկի շենքում և գտնվում էր Արթուր Մկրտչյան 78 հասցեում (նկ. 1)։
Թանգարանն ուներ 7680 ցուցանմուշ, որոնք տեղակայված էին 6 ցուցասրահներում և ֆոնդերում։ Այստեղ ներկայացված էր շրջանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։
Ցուցադրությունը և հավաքածուն
Թանգարանը բաղկացած էր նախասրահից, վեց ցուցասրահներից և ֆոնդերից: Նախասրահում տեղադրված էին Արթուր Մկրտչյանի կիսանդրին, Հադրութի շրջանի ռելիեֆ քարտեզը, Հադրութի տարբեր հուշարձաններից տեղափոխված խաչքար և քարե տարբեր քանդակների բեկորներ (նկ. 2)։
Վեց սրահներում ներկայացված էր Հադրութի շրջանի և Հայաստանի պատմությունն ըստ հետևյալ հաջորդականության (նկ. 3-6).
- 1-ին սրահ՝ Պատմական Դիզակ գավառի պատմա-ճարտարապետական հուշարձանների մասին ակնարկ, թանգարանի ստեղծման պատմությունը և հիմնադիր Գրիգորի Մարդանյանի կենսագրությունը։
- 2-րդ սրահ ` շրջանի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև քարեդարյան շրջանի ներկայացում։
- 3-րդ սրահ` շրջանի մշակույթը բրոնզե դարից մինչև միջնադար, ներկայացված էին նաև գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր
- 4-րդ սրահ՝ շրջանի պատմությունը և մշակույթը նախախորհրդային և խորհրդային տարիներին։
- 5-րդ սրահ՝ Հայոց Մեծ եղեռնի, Հայրենական Մեծ պատերազմի և Սումգայիթյան ջարդերի պատմությունը, տարբեր բնագավառներում ճանաչում ստացած հադրութցիների լուսանկարներ ու կենսագրականներ։
- 6-րդ սրահ՝ ներկայացված էին Արցախյան առաջին պատերազմում զոհված հադրութցի ազատամարտիկների լուսանկարները` ըստ գյուղերի։ Առանձին վահանակներով ներկայացված էին Մարտական խաչի ասպետների, անհետ կորած ազատամարտիկների և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հադրութեցիների լուսանկարները, ինչպես նաև Արթուր Մկրտչյանի անցած ուղին։ Այստեղ էր դրված զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի մանրակերտը։
Թանգարանում պահվող հազվագյուտ ցուցանմուշներից է 19-րդ դարի արցախյան հարսանեկան զգեստը, Գտչավանքից տեղափոխված խաչքարը, Ազոխի քարանձավի մանրակերտը, Արթուր Մկրտչյանի անձնական իրերը (նկ. 7, 8)։
Վիճակը պատերազմից հետո
Ցավով պետք է նշենք, որ Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանը իր կառուցվածքով, շենքային և տեխնիկական հագեցվածությամբ չէր համապատասխանում ժամանակակից թանգարանի կոնցեպտին։
44 օրյա պատերազմի ընթացքում թանգարանային ամբողջ ցուցադրությունը և ֆոնդերը մնացել են տեղում, և անցել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Ըստ տեղաբնիկների, ռազմական գործողության արդյունքում շենքը չի տուժել, միայն հրետակոծության արդյունքում վնասվել է տանիքը (նկ․ 9)։ Պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերի տարածած տեսանյութերից մեկում երևում է, որ Հադրութում ադրբեջանական բանակի կողմից անցկացված զորավարժությունների ժամանակ շենքը ծառայում է որպես թիրախ, իսկ վերջում պայթեցվում է։
Մինչև այժմ հայտնի չէ, որտեղ է թանգարանի հավաքածուն, արդյոք այն մնացել է պայթեցվող շենքում, թե ոչ։
2023 թվականին ԱՀ ԿԳՄՍ նախարարի որոշմամբ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում ստեղծվել է Հադրութի պատմության բաժին, որն զբաղվում է նախկին թանգարանի փրկված էլեկտրոնային հավաքածուների հավաքչական և հետազոտական, ինչպես նաև շրջանին վերաբերող նոր նյութերի հավաքչական աշխատնքներով։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։