ԱՄՆ պետդեպարտամենտն Ադրբեջանը ներառել է կրոնական ազատությունների հսկողության ցանկում

2024 թվականի հունվարի 4-ին ԱՄՆ պետդեպարտամենտը տարածեց հայտարարություն, համաձայն որի՝ Ադրբեջանը ներառվել է կրոնական ազատության հսկողության տակ գտնվող երկրների ցանկում (https://www.state.gov/religious-freedom-designations/?fbclid=IwAR3BFUiABaqLuoItMut_skxERl0pepPlSkY3QM8Uk0xRDrMHtcYD666TPDc):

Հայտարարության մեջ, որ արվել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անունից,  մասնավորապես նշվում է․ «Կրոնի կամ հավատի ազատության խթանումը եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական նպատակը 1998 թվականից սկսված, երբ Կոնգրեսը ընդունել և կիրառել է Կրոնական ազատության մասին միջազգային օրենքը: Այս շարունակական հանձնառության շրջանակում, ես Բիրման, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Կուբան, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Իրանը, Նիկարագուան, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը և Թուրքմենստանը ներառել եմ հատուկ մտահոգություն առաջացնող երկրների ցուցակում, որտեղ թույլ են տրվում կրոնի ազատության լուրջ խախտումներ: Բացի այդ, ես Ալժիրը, Ադրբեջանը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Կոմորյան կղզիները և Վիետնամը ներառել եմ հատուկ դիտարկման երկրների ցանկում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների կամ անհանդուրժողականություն ցուցաբերելու համար»:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ․ «Կառավարությունները պետք է վերջ դնեն այնպիսի չարաշահումներին, ինչպիսիք են հարձակումները կրոնական փոքրամասնությունների համայնքների անդամների և նրանց պաշտամունքի վայրերի վրա, համայնքային և անդրազգային բռնաճնշումները, ինչպես նաև կրոնական համայնքների նկատմամբ բռնության կոչերը»: