Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքից, Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում, Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից համատեղ կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը (https://france.mfa.am/hy/news/2024/01/10/Haut-Karabagh/12441)։ Ցուցահանդեսը բաղկացած է 30 բացառիկ լուսանկարներից, որոնք ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը։
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Հայաստանի դեսպանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները, առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։
Ցուցահանդեսը կգործի մինչև սույն թվականի հունվարի 15-ը։