2024 թվականի հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողով՝ ԵԺԿ խմբակցության և պատգամավոր Միրիամ Լեքսմանի նախաձեռնությամբ։ Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգությունը․ պաշտպանության մեխանիզմները ժառանգության պահպանության միջազգային համակարգում» գիտական աշխատանքի հեղինակ, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, «Եվրոպա Նոստրա» կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։
Համաժողովին ընդառաջ կայացավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Արմինե Տիգրանյանը ելույթ ունեցավ՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ուղղությունները, մեխանիզմները, վտանգված ժառանգության ծավալները և ձեռնարկվելիք հրատապ միջոցների անհրաժեշտությունը (https://www.youtube.com/watch?feature=shared&fbclid=IwAR2Thn7_muvOoJnL3KJxLs_YUFpXYcY53R1meS5AQ0iowjf-tw6OmwRD0Tg&v=MjJgZgq4guY)։
Համաժողովին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարեց, որ բռնի տեղահանված արցախցիները տառապում են մարդկության աչքի առաջ, իսկ հայկական ինքնատիպ մշակութային ու հոգևոր ժառանգությունը ոչնչացվում է, միևնույն ժամանակ Ադրբեջանը մնում է անպատիժ։ Նշեց, որ ԵՄ-ն պետք է նախաձեռնի ամեն հնարավորը մշակութային կոթողները ոչնչացումից փրկելու համար։ Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի «Լեռնային Ղարաբաղի մշակութայն ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին՝ շեշտեց, որ Խորհրդարանը կոչ է արել ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին համագործակցել իրար հետ և պաշտպանել ԼՂ հայկական ժառանգությունը հետագա ավերվածություններից։ Ավելին Խորհրդարանը կոչ է արել թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ փաստահավաք առաքելությանը մուտք գործել տարածաշրջան՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Համաժողովի ավարտին որոշում ընդունվեց համատեղ մշակել կոչ՝ ուղղված Եվրոպական միության գործադիր մարմիններին, որտեղ կնախանշվեն հետագա հստակ քայլեր՝ ԼՂ հայկական ժառանգության պաշտպանության համար։