Կարասային թաղումների մշակույթը անտիկ շրջանում ընդգրկել է Մերձավոր Արևելքի, Միջերկրական ծովի և Փոքր Ասիայի զգալի մասը, ներառելով նաև Հայկական Լեռնաշխարհն ու Անդրկովկասը՝ ընդհուպ մինչև Կուր գետը: Արցախում և Ուտիքում անտիկ շրջանի կարասային թաղումները ամենատարածված և հնագիտորեն բավականին փաստագրված թաղման ձևն են, որոնք անտիկ թաղման կառույցների բազմազանության մեջ (հիմնահողային, քարարկղային, սալարկղային և այլն) գերիշխող են դարձել հատկապես մ. թ. ա. առաջին դարի վերջին և մ. թ. առաջին դարերում:
Ուտիքի կարասային թաղումները (Մինգեչաուր, Գալաթեփե, Գարաքոբար և այլն) ուսումնասիրվել են ադրբեջանցի հնագետների կողմից և ներկայացվել իբրև Կուրի աջափնյակում տարածված և կարասային թաղումների մշակույթից տարբեր Յալոյլու-թեփեի մշակույթին (խիստ կծկված կմախքով և յուրօրինակ խեցեղենով հիմնահողային թաղումներ) համաժամանակյա, աղվանական տարբեր ցեղերին բնորոշ մշակույթ:
Արցախի Տիգրանակերտի, ինչպես նաև տարածաշրջանի այլ բնակավայրերից (Մարտակերտ, Ճանկաթաղ, Հաթերք) պեղումներով և պատահական հայտնաբերված կարասային թաղումների ծեսի և գույքի քննությունը թույլ է տալիս ավելի ընդարձակելու Յալոյլու-թեփեի և կարասային թաղումների մշակույթների էական տարբերությունները, որն իր հերթին Կուր գետը անտիկ շրջանում էթնիկական սահման ծառայելու մասին հայեցակարգի մի նոր փաստարկ է:
Մանրամասն՝ monumentwatch.org/wp-content/uploads/2024/02/A.Gabrielyan_AGV_Artsakh_2023.pdf: