Ադրբեջանցի հնագետները «հետախուզական պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում:

2024 թվականի հունվար ամսին ադրբեջանցի հնագետները «հետախոզուկան պեղումներ» են կատարել օկուպացված Արցախի Տող գյուղում գտնվող մելիքական ապարանքի առջև գտնվող բակում, շինությունների առջև: 20-րդ դարում ձևավորված հրապարակի առջև փորված փոսը ներկայացվում է որպես լուրջ հնագիտական ձեռքբերում: Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Նաթիգ Ալիշովը իր ֆեյսբուքյան հրապարակումներում տեղադրել է լուսանկարներ Տողի և շրջակայքի հուշարձաններից, ինչպես նաև աշխատանքային գործընթացից (https://www.facebook.com/photo/?fbid=7011014385600244&set=a.776647715703640): Լուսանկարներից երևում է, որ Ալիշովը այցելել է Տողի շրջակայքի և Հադրութի մի շարք հայկական եկեղեցիներ, «չափագրումներ» կատարել, լուսանկարել, հաշվառել:

Տողում իրականացված «պեղումների» մասին ընդարձակ տեսանյութ է նկարահանել ադրբեջանական ICTIMAI TV հեռուստատեսությունը (https://www.youtube.com/watch?v=A7ZHly0Fn5M): Ալիշովը նշում է, որ հետազոտության ընթացքում իրենք փաստել են «տեղի աղվանական հուշարձանների խեղաթյուրումը, վերափոխումը հայերի կողմից»՝ որպես փաստարկ նշելով «աղվանական» բեմի բարձրության, սյուների, խաչերի, կամարների մասին: Զարմանք են առաջացնում աղվանական սյուն, աղվանական կոթող, կամար, աղվանական բեմի բարձրություն ձևակերպումները: Ըստ հնագետի՝ անգամ եկեղեցիների շուրջը գտնվող գերեզմանաքարերը հուշարձանների հետ կապ չունեն: Այն, որ Արցախի  հայկական քրիստոնեական հուշարձանները աղվանական որևէ հատկանիշ չունեն, մարամասնորեն հիմնավորված է այդ հուշարձաններին նվիրված բազմաթիվ հետազոտություններում: Եվ այն, որ ադրբեջանցի հնագետն ինքն էլ չգիտի, թե ինչ է «աղվանականն» Արցախում, ավելի քան ակնհայտ է: Նա պարզապես հետևում է  երկրի քաղաքական ղեկավարի հայտարարություններին և սպիպված է հընթացս մոգոնել ինչ-ինչ առանձնահատկություններ: Բայց զարմանալի է, որ իրեն հնագետ համարողը չգիտի նաև Արցախի միջնադարյան մշակույթը: Գոնե մի փաստ նշեր, մի որևէ օրինաչափություն՝ և դա հերքեր: Միայն դատարկ հայտարարություններ, որ իբր հայերը խեղաթյուրել են հուշարձանները, սակայն և ոչ մի գիտական փաստարկ, հիմնավորում: Տող գործուղված այս հնագետը անգամ տեղյակ չէ այդտեղ կատարված հետազոտություններից, դրանց արդյունքներից, որոնք հրապարակված են (տես՝ Տողի մելիքական ապարանքը - Monument Watch):
Մենք արդեն ծանոթ ենք այս ոճին, ադրբեջանցի հնագետն այլ բան չի հնարել, քան հետևել իրեն ուդիական համայնքի  ղեկավար հռչակած Ռոբերտ Մոբիլիի զավեշտալի հայտարարություններին, թե «հայտնաբերել» է աղվանական խաչեր, որոնք  տարբերվում են հայկականից (մանրամասն տե՛ս «Գյուտարար» Մոբիլին որոշել է աղվանական հայտարարել օկուպացված Հադրութի 17-19-րդ դարերի հայկական խաչաքանդակները - Monument Watch):