Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը

2024 թվականի փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանը ընդունել է տարեկան հաշվետվություններ, այդ թվում՝ Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի հաշվետվությունը (2023/2117(INI)) և Անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացման տարեկան հաշվետվությունը (2023/2119(INI), որոնցում կարևորել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը և Ադրբեջանի դեմ կիրառվող պատժամիջոցների անհրաժեշտությանը։

Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի հաշվետվության զեկույցի հիմքում 2023 թվականի մարտի 15-ի որոշումներն են ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին, 2023 թվականի հոկտեմբերի 5-ի բանաձևը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև 2023 թվականի հունվարի 19-ին  ԼՂ շրջափակման հումանիտար իրավիճակի վերաբերյալ (2023/2504(RSP)) բանաձևը։

2024 թվականի փետրվարի 28-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի հաշվետվության» շուրջ պատրաստված զեկույցն իր 77-րդ կետով ցավում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում դիվանագիտական լուծման փոխարեն ընտրել է ռազմական ճանապարհը։ Խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ամուր երաշխիքներ տալ նրանց իրավունքների պաշտպանության հարցում։ Նույն՝ 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։

80-րդ կետով պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրը էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում։ Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։

Զեկույցն իր 81-րդ կետով ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

Իսկ մյուս զեկույցով, որը վերաբերում է ԵՄ անվտանգության և պաշտպանության միասնական քաղաքականության իրականացմանը (2023/2119(INI), Եվրոպական խորհրդարանը իր 62-րդ կետով դատապարտում է ագրեսիայի քաղաքականությունը, ներառյալ Ադրբեջանի նախապես ծրագրված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Հիշեցնում է, որ Սեպտեմբերի 19-ի հարձակումը հաջորդում էր Լաչինի միջանցքի շրջափակմանը, որը կազմակերպված էր Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին կազմակերպված սովի մատնելու և մեկուսացնելու նպատակով։

Հույժ կարևոր է հատկապես այն, որ, որ Եվրոպական խորհրդարանը իր 2023/2119(INI) զեկույցով Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և դրա հետևանքները էթնիկ զտումներ է համարել։ Եվրոպական խորհրդարանն իր այս զեկույցով կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական իշխանությունների դեմ, որոնք պատասխանատու են հրադադարի բազմաթիվ խախտումների համար և կասեցնել էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

Զեկույցն իր 63-րդ կետով ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը, որի նպատակն է աջակցել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը և կոչ է անում Խորհրդին երկարաձգել իր տեղակայման ժամկետը ևս հինգ տարով և իր աշխարհագրական շրջանակը ընդլայնել՝ ներառելով Հայաստան-Թուրքիա սահմանը։

Զեկույցն իր 65-րդ կետով կոչ է անում Եվրոպայի Խորհրդին պատրաստ լինել նպատակային և անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների՝ ներառյալ նախագահ Ալիևի քաղաքական և ռազմական շրջապատի դեմ, և դադարեցնել նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից՝ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում, այդ թվում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումների դեպքում։