Եվրոխորհրդարանն առաջարկել է Եվրոմիության Արբանյակային կենտրոնը ներգրավել հայկական ժառանգության ոչնչացման արձանագրման մոնիթորինգի ծրագրերում

Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է 2024/2580(RSP) բանաձև ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին։

Բանձևն իր R. կետով հաստատում է, որ Լեռնային Ղարաբաղում կան հայկական բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր և գերեզմանոցներ, որոնք 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի կողմից զգալի վնասի և ոչնչացման են ենթարկվել։ Բացի դա, Ադրբեջանը չի կատարել Միջազգային Քրեական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի իր որոշումը, ըստ որի Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար՝ չսահմանափակվելով եկեղեցիներով և այլ պաշտամունքային վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով»:

Եվրոպական խորհրդարանը հաստատում է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում վերացրել են հուշարձաններ և քանդել հայկական մշակութային ժառանգության հետ կապված խորհրդանշական շենքերը, այդ թվում՝ Ազգային ժողովի շենքը։ Ուստի՝ բանաձևն իր 19-րդ կետով`

  • լուրջ մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման ձախողման առնչությամբ՝ խախտելով ՄՔԴ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը,
  • դատապարտում է բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը, որոնք հիշեցնում են Լեռնային Ղարաբաղում հայկական բազմադարյա ներկայությունը,
  • կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին պահպանել, պաշտպանել և առաջ մղել տարածաշրջանի հարուստ և բազմազան ժառանգությունը,
  • կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար,
  • կոչ է անում ամրապնդել Հայաստանի և ԵՄ համագործակցությունը և ներգրավել ԵՄ Արբանյակային կենտրոնը հայկական մշակութային ժառանգության (եկեղեցիներ, վանքեր, գերեզմանատներ, հուշարձաններ) համակարգված ոչնչացման մոնիտորինգի գործընթացներում

Հիշեցնենք, որ մինչ բանաձևի ընդունումը, 2024 թվականի մարտի 15-ին Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ, այդ թվում Միրիամ Լեքսմանը, Անդրեյ Կովաչևը և այլոք նամակ են ուղղել ԵՄ ղեկավարներին, որպեսզի ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։ Նամակն ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։

Նամակում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պաշտպանության համար ԵՄ-ն պետք է կիրառի 24/7 ժամ հսկողությամբ արբանյակային բարձր որակի տեսախցիկներ, որոնք կարձանագրեն վանդալիզմի ցանկացած փորձ։ Բացի դա շեշտադրվել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ունի վերադարձի իրավունք և իրենց նյութական և ոչ նյութական ժառանգության հետ հաղորդակցման ու դրանք անխաթար պահպանելու իրավունք (https://en.armradio.am/2024/03/15/meps-call-on-eu-leaders-to-take-steps-towards-protection-of-armenian-cultural-and-religious-heritage-in-nagorno-karabakh)։