Տիգրանակերտի հնագիտական թանգարանը
Պատմությունը
Տիգրանակերտի հնագիտական թանգարանը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Ասկերան-Մարտակերտ մայրուղու ձախ եզրին։ Թանգարանում ներկայացված էին հայոց արքա Տիգրան Բ Մեծի (մ.թ.ա. 95-55 թվականներ) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի ուսումնասիրման պատմությունը և պեղումներից հայտնաբերված նյութերը։ Այստեղ 2005 թվականից հայտնաբերվել և պեղումներ են ընթացել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի կողմից։
Թանգարանը ստեղծվել է Արցախի Հանրապետության Զբասաշրջության վարչության նախաձեռնությամբ։ Այդ նպատակով վերանորոգվել է հուշարձանի տարածքում գտնվող 18-րդ դարի ամրոցը, որի ներքնաբակի պարագծով ձգվող սենյակների մի մասն էլ վեր է ածվել թանգարանային ցուցասրահների (նկ. 1)։
Թանգարանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2010 թվականի մայիսի 30-ին։ Բացմանը պաշտոնական հյուրերից բացի մասնակցում էին նաև Հայաստանի և Արցախի տարբեր վայրերից ժամանած հազարավոր մարդիկ, այն իսկական ժողովրդական տոն էր՝ բեմադրություններով ու համերգներով, ժողովրդական արհեստների և արհեստագործական իրերի ցուցադրություն-վաճառքով, արցախյան համեղ խորտիկների և խմիչքների համտեսումով (Պետրոսյան, Կիրակոսյան 2010, 131-132; նկ. 2)։
Հավաքածուն
Տիգրանակերտի թանգարանում ցուցադրվում էր 2005 թվականից սկսած պեղումներից հայտնաբերված իրերի մի մասը՝ լավագույն օրինակները։ Թանգարանը կազմված էր նախասրահից ու երկու ցուցասրահներից։ Նախասրահում պայմաններ էին ստեղծվել Տիգրանակերտին վերաբերող ֆիլմերի ցուցադրության և համար։ Այստեղ նաև ժամանակավոր ցուցադրություններ էին տեղի ունենում։ Տարբեր տարիների ներկայացվել է Տիգրանակերտի շրջակայքի բրոնզ-երկաթեդարյան մշակույթին վերաբերող երկու հուշարձանների՝ Նոր Հայկաջուրի և Նոր Կարմիրավանի դամբարանների պեղումների հիմնական նյութերը։
Տիգրանակերտին նվիրված բուն ցուցադրությունը ծավալվում է երկու հաղորդակցվող սրահներում։
Առաջին սրահն ավելի ներածական բնույթ ունի։ Այստեղ հորիզոնական ձողաշարից կախված ստենդերի միջոցով ներկայացված էին քաղաքի հայտնագործման պատմությունը և Ամրացված թաղամասի և անտիկ դամբարանդաշտի պեղումերը (նկ. 3): Պատերի մեջ արված խորշերում ցուցադրվում էին ամենաուշագրավ ամբողջական մի քանի անտիկ և միջնադարյան անոթներ, ապակեծածկ սեղանի վրա՝ քաղաքի անմիջական շրջապատում գտնված հնագիտական նյութերը, պահարաններում՝ պեղումերի վերաբերյալ հրատարակությունները (Պետրոսյան, Կիրակոսյան 2010, 131-132; նկ. 4):
Երկրորդ սրահում ցուցադրությունն իրականացվում է երեք ցուցադրական շարքերի օգնությամբ. ուղղաձիգ վահանակների վրա ամրացված ստենդերը տեքստային, գծագրական և լուսանկարչական նյութերի օգնությամբ ներկայացնում են Տիգրանակերտի պեղումների ընթացքը (նկ. 5)։ Ապակյա կափարիչներով փակված ուղղանկյուն և քառակուսի սեղանների վրա ներկայացվում է համապատասխան պեղածո նյութը՝ գերազանցապես խեցեղեն, ապակի, քարե և ոսկրե մանր առարկաներ։ Նյութը խիստ հարուստ է, բազմազան՝ անտիկ գունազարդ և միջնադարյան ջնարակապատ խեցեղեն, վաղքրիստոնեական քարե խաչերի և խաչային հորինվածքների պակյա անոթների և ապարանջանների բեկորներ, հայերեն արձանագրությամբ կավե սկավառակ (Petrosyan 2016, 345-346; նկ. 6)։ Երրորդ շարքում բաց սեղանների վրա դրված են բազիլիկ եկեղեցու խոշոր ճարտարապետական դետալները՝ խարիսխ, սյուն, քանդակազարդ խոյակներ, թիվի բեկորներ (Պետրոսյան, Կիրակոսյան 2010, 131-132; նկ. 7)։
Գործունեությունը պատերազմից առաջ
Տիգրանակերտի հնագիտական թանգարանը և հուշարձանի հետազոտությունն առհասարակ հայ մշակութային ժառանգության հայտնաբերման, հետազոտության, հանրահռչակման և այն ներկա մշակութային գործընթացի մաս դարձնելու վերջին տարիների ամենահաջող ձեռնարկներից է:
Թանգարանը դարձել էր Արցախի մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը։ Նոր պրակտիկա էր Արցախում պեղվող հուշարձանին կից թանգարան բացելը և առաջին օրինակը Տիգրանակերտն էր։
Թանգարանը տարեկան ունենում էր մոտ երեսուն հազար այցելու։ Չնայած Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչած պետություն չէր, և շատ երկրների կառավարություններ խորհուրդ չէին տալիս իրենց քաղաքացիներին այցելել Արցախ, թանգարանի այցելուների քսան տոկոսը արտասահմանցիներ և սփյուռքահայեր էին՝ որոնց մեջ շատ են հատկապես Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Կանադայի և Ֆրասիայի քաղաքացիները:
Այստեղ պարբերաբար անց էին կացվում տարբեր մշակութային միջոցառումներ (նկ. 8), ինտելեկտուալ խաղեր, վերջին տարիներին այստեղ տոնվում էր Վարդավառի տոնը (նկ. 9)։ Թանգարանում միշտ տեղի են ունեցել Թանգարանների միջազգային օրվան և Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումներ։
Այսինքն Տիգրանակերտը ոչ միայն նպաստում էր Արցախի մշակութային ժառանգության հանրահռչակմանը միջազգային և ազգային առումով, այլև տեղաբնակների մեջ ամրապնդում էր հպարտության զգացումը, նրանց ավելի կապում աշխարհագրական միջավայրին, դառնում այստեղ վերաբնակված մարդկանց սրբազան կենտրոնը (Պետրոսյան 2022, 185-186):
Վիճակը պատերազմից հետո
44-օրյա պատերազմի ժամանակ Տիգրանակերտը դարձել էր թշնամու հրետակոծության տարածք, ինչի մասին մեկ անգամ չէ, որ ահազանգվել է: Արդյունքում ամբողջովին ոչնչացվել է Տիգրանակերտի հնագիտական հանգրվանը: Արցախի իշխանությունների և Տիգրանակերտի հետազոտական թիմի ջանքերով թանգարանային հավաքածուները տարհանվել են և գտնվում են ապահով վայրում:
44 օրյա պատերազմից հետո տարբեր տեսանյութերից երևում է, որ կանգուն է թանգարանի շենքը, սակայն ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի (Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի)
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։
Օգտագործված գրականություն
- Պետրոսյան, Կիրակոսյան 2010 - Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, Թանգարան, 130-132։
- Պետրոսյան 2022 - Պետրոսյան Հ., Արցախի Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ոդիսականը, Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, N 10, 183-188։
- Petrosyan 2016 - Petrosyan H., Tigranakert of Artsakh, Aramazd, vol. X issues 1-2, Oxford, 327-371.