Թաղածածկ դահլիճի հորինվածքը արցախի միջնադարյան ճարտարապետության մեջ

Պաշտամունքային կառույցի  թաղածածկ դահլիճ տիպը Արցախում,  12-13-րդ դարերում շատ տարածված հորինվածք է։ Այն  երկրամասի միջնադարյան ճարտարապետական դպրոցի առանձնհատկություններից է։ Այս հորինվածքը կիրառվել է  արցախյան  վանքերի կազմում ներգրավված բոլոր եկեղեցիների համար («Բռի եղցի», «Օխտը եղցի», Կոշիկ անապատ, Գտչավանք և այլն)։ Մինչդեռ Հայաստանի մյուս ճարտարապետական դպրոցներում այն հանդիպում է մատուռներում  և փոքր եկեղեցիներում։

Քննությամբ պարզվել է, որ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցիներին բնորոշ է ուղղանկյուն խորանի զանգվածային կիրառումը (Դադիվանք, Գտչավանք, Խաթրավանք,  Եղիշա առաքյալ,   Հանդաբերդի, Կարմիրքարի, Չարեքտարի վանքեր և այլն )։ Դիտարկվել են ինչպես այն եկեղեցիները, որտեղ բեմը դահլիճի հետ  մեկ՝ թաղածածկ  ամբողջություն է կազմում, այնպես էլ ուղղանկյուն խորանով եկեղեցիների այն ենթատիպը, որի բեմը նեղ է դահլիճից։

Արցախի եկեղեցիների և հուշարձանախմբերի կառուցումն, ինչպես որ Հայաստանի ողջ տարածքում, իրականացվել է քարով (տուֆ, բազալտ, ֆելզիտ, կրաքար)՝ «միդիս» եղանակով, կրաշաղախի կիրառությամբ։ Օգտագործվել է ինչպես մաքուր տաշված քար, այնպես էլ՝ կոպտատաշ։ Սրբատաշ էին շարվում միայն շինության կոնստրուկտիվ հանգույցները (պատերի անկյուններ, որմնամույթեր, կամարներ)։ Այսպես էր նաև Արցախին հարևան, Սյունիքի ճարտարապետական դպրոցին պատկանող կառույցներում Հետազոտությունն իրականացվել է համեմատական վերլուծության եղանակով։  Արդյունքներն ամփոփվել են աղյուսակների տեսքով   և գրաֆիկական եղանակներով։ Բացահայտվել են տիպի ձևաբանական, համաչափական, կառուցվածքային և գեղարվեստական առանձնահատկությունները։

Պետք է նշել նաև, որ եթե մասնագիտական գրականության մեջ անդրադարձ կա խնդրո առարկա հուշարձանների ձևաբանական վերլուծությանը, ապա վերջիններիս չափաբանական և համաչափական վերլուծությունն իրականացվում է առաջին անգամ։

Մանրամասն՝ Киракосян Л., Композиция сводчатого зала в средневековой архитектуре Арцаха, Армянский гуманитарный вестник, 1(10), Арцах.