Թաղածածկ դահլիճի հորինվածքը արցախի միջնադարյան ճարտարապետության մեջ
Պաշտամունքային կառույցի թաղածածկ դահլիճ տիպը Արցախում, 12-13-րդ դարերում շատ տարածված հորինվածք է։ Այն երկրամասի միջնադարյան ճարտարապետական դպրոցի առանձնհատկություններից է։ Այս հորինվածքը կիրառվել է արցախյան վանքերի կազմում ներգրավված բոլոր եկեղեցիների համար («Բռի եղցի», «Օխտը եղցի», Կոշիկ անապատ, Գտչավանք և այլն)։ Մինչդեռ Հայաստանի մյուս ճարտարապետական դպրոցներում այն հանդիպում է մատուռներում և փոքր եկեղեցիներում։
Քննությամբ պարզվել է, որ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցիներին բնորոշ է ուղղանկյուն խորանի զանգվածային կիրառումը (Դադիվանք, Գտչավանք, Խաթրավանք, Եղիշա առաքյալ, Հանդաբերդի, Կարմիրքարի, Չարեքտարի վանքեր և այլն )։ Դիտարկվել են ինչպես այն եկեղեցիները, որտեղ բեմը դահլիճի հետ մեկ՝ թաղածածկ ամբողջություն է կազմում, այնպես էլ ուղղանկյուն խորանով եկեղեցիների այն ենթատիպը, որի բեմը նեղ է դահլիճից։
Արցախի եկեղեցիների և հուշարձանախմբերի կառուցումն, ինչպես որ Հայաստանի ողջ տարածքում, իրականացվել է քարով (տուֆ, բազալտ, ֆելզիտ, կրաքար)՝ «միդիս» եղանակով, կրաշաղախի կիրառությամբ։ Օգտագործվել է ինչպես մաքուր տաշված քար, այնպես էլ՝ կոպտատաշ։ Սրբատաշ էին շարվում միայն շինության կոնստրուկտիվ հանգույցները (պատերի անկյուններ, որմնամույթեր, կամարներ)։ Այսպես էր նաև Արցախին հարևան, Սյունիքի ճարտարապետական դպրոցին պատկանող կառույցներում Հետազոտությունն իրականացվել է համեմատական վերլուծության եղանակով։ Արդյունքներն ամփոփվել են աղյուսակների տեսքով և գրաֆիկական եղանակներով։ Բացահայտվել են տիպի ձևաբանական, համաչափական, կառուցվածքային և գեղարվեստական առանձնահատկությունները։
Պետք է նշել նաև, որ եթե մասնագիտական գրականության մեջ անդրադարձ կա խնդրո առարկա հուշարձանների ձևաբանական վերլուծությանը, ապա վերջիններիս չափաբանական և համաչափական վերլուծությունն իրականացվում է առաջին անգամ։