Նիկոլ Դումանի տուն-թանգարանը
Պատմությունը
Նիկոլ Դումանի տուն-թանգարանը գործում է 2004 թվականից։ Այն տեղակայված է Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի կենտրոնում՝ մշակույթի տան հարևանությամբ (նկ. 1)։
Թանգարանը բացվել է այն տանը, որտեղ ծնվել է 19-20-րդ դարերի հասարակական, քաղաքական և ռազմական գործիչ Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը (Նիկոլ Դուման)։
Թանգարանի հարևանությամբ են գտնվում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին կառուցված մի քանի այլ տներ ևս, որոնք միասին ձևավորում են գեղեցիկ «ազգագրական թաղամաս»։
Հավաքածուն
Թանգարանը չորս սրահների միջոցով ներկայացնում է ոչ միայն Նիկոլ Դումանի կյանքն ու գործունեությունը, այլև Արցախի 19-20-րդ դարասկզբի կյանքն ու կենցաղը (նկ. 2, 3)։
Չորս ցուցասրահներից առաջինը, որը ներկայացնում է Նիկոլ Դումանի կյանքն ու գործունեությունը, զբաղեցնում է թանգարանի առաջին հարկը։
Տուն թանգարանի երկրորդ հարկը զբաղեցնող բնակելի սենյակը վերականգնված է 19-րդ դարի ոճով, որտեղ ներկայացված է արցախյան գյուղի 19-րդ դարի կյանքը՝ կենցաղը և արհեստները։ Ներկայացված են տարբեր գորգեր, կարպետներ, ասեղնագործ նմուշներ, կաղնու փայտից կահույք և այլն։ Այս սրահի վերջավորությամբ՝ պատշգամբի հատվածում է տեղակայված նաև խոհանոցը՝ սպասքի և խոհանոցային կահույքի վերականգնմամբ։
Թանգարանի շենքին կից տեղակայված է 19-րդ դարի արցախյան կենցաղի բաղկացուցիչ կոմունալ սենյակը։ Այստեղ հավաքված նմուշները թանգարանի այցելուներին տալիս են տվյալ ժամանակաշրջանի արցախյան տնտեսության վերաբերյալ ամբողջական պատկերացում։ Այստեղ ցուցադրվում են փայտե խնոցի, ճախարակներ, գինի և այլ հեղուկ պահելու համար նախատեսված կարասներ, հացահատիկ պահելու ամբարներ և այլն։ Այս սրահի մուտքի մոտ տեղադրված է այս թաղամասի տներից մեկի բակից հայտնաբերված խաչքարը։ Համաձայն տեղաբնակների տեղեկության, այս խաչքարը խորհրդային տարիներին գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու բակից տեղափոխվել է տան բակ՝ հետագա ոչնչացումից փրկելու համար (նկ. 4)։
Բակի երկրորդ մասնաբաժնում վերականգնված են 19-րդ դարի արցախյան բակի հիմնական բաղկացուցիչները՝ թոնրատունը և կից տնտեսական հատվածը։
Այս թանգարանի շարունակությունն է հանդիսանում «ազգագրական թաղամասը», որը կազմված է 19-րդ դարի փողոցից և մի շարք բնակելի տներից, որը բաղկացած է 19-րդ դարի ոշով վերականգնված մի քանի տներից, հուշանվերների խանութից և գինետուն-մառանից։
Գործունեությունը պատերազմից առաջ
Թանգարանը ստեղծվել էր մասնավոր ջանքերով և շատ կարևոր գործունեություն էր ծավալում ինչպես համայնքի, այնպես և Արցախի մշակութային կյանքում։ Այն ներառված էր Արցախի զբոսաշրջային երթուղիներում։
Այստեղ կազմակերպվում էին տարբեր կրթական ծրագրեր, թեմատիկ դասախոսություններ և ուսուցողական ֆիլմերի դիտում։ Թանգարանում նշվում էին ինչպես կարևոր ժողովրդական տոները, այնպես և Թանգարանների միջազգային օրը, Հուշարձանների և տեսաշրջան վայրերի միջազգային օրը և մասնագիտական այլ տոներ։
Վիճակը պատերազմից հետո
2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո թանգարանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։