Հայկական դրամի թանգարանը

Պատմությունը

Հայկական դրամի թանգարանը գտնվում էր Շուշի քաղաքում՝ Ղազանչեցոց փողոց 24/1 հասցեում (նկ. 1)։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 9-ին։ Թանգարանը մասնավոր էր, պատկանում էր ՀՀ Կենտրոնական բանկին։

Շուշի քաղաքը 2020 թվականից օկուպացված է Ադրբեջանի կողմից: Թանգարանը նույնպես գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ։

նկ. 1 Թանգարանի մուտքի ցուցանակը, լուս․ Ն. Երանյանի։

Հավաքածուն

Թանգարանը ՀՀ Կենտրոնական բանկի թանգարանային կենտրոններից մեկն էր։ Այն ուներ մեկ հիմնական ցուցասրահ (նկ. 2)։ Այստեղ ցուցադրված էին պատմական Հայաստանի տարածքում թողարկված և շրջանառված տարբեր դրամներ՝ Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի՝ Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, Ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներ ու թղթադրամներ (նկ. 3-6):

Թանգարանում առանձնահատուկ տեղ էր հատկացված Արցախին, ուր ներկայացված էին Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշի քաղաքում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ: Թանգարանը հարուստ էր Հայաստանի Առաջին Հանրապետության, Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամների օրինակներով, ինչպես նաև Անդրկովկասյան Ֆեդերացիայի ու Խորհրդային միության ժամանակաշրջանի և Հայաստանի Հանրապետության թողարկած դրամներով։ Շատ կարևոր էր նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տարբեր տարիների թողարկված հուշադրամները՝ նվիրված Արցախին:

Թանգարանում ներկայացված էր ավելի քան 650 մետաղադրամ և թղթադրամ, որոնցից ամենահինը Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե մետաղադրամն էր: Այն գտնվել է Հայաստանի տարածքից և թվագրվում է մ. թ. ա. 4-րդ դարի վերջով:

նկ. 2 Թանգարանի ցուցասրահի ընդհանուր տեսքը, լուս․՝ Արցախի ԿԳՄՍ նախարարության շտեմարանի։

նկ. 3 Թանգարանի որոշ ցուցանմուշներ, լուս.` hetq.am լրատվական կայքի։

նկ. 4 Թանգարանի որոշ ցուցանմուշներ, լուս.` hetq.am լրատվական կայքի։

նկ. 5 Թանգարանի որոշ ցուցանմուշներ, լուս.՝ Ն. Երանյանի։

նկ. 6 Թանգարանի որոշ ցուցանմուշներ, լուս.՝ Ն. Երանյանի։

Թանգարանում դրամների ցուցադրությանը համադրվել էր Արցախի տարբեր տարածքներից հայտնաբերված հնագիտական նյութերով՝ մասնավորապես խեցանոթներով։

Թանգարանում ցուցադրվում էին նաև տպագրական գործիքներ․ հուշադրամների թողարկման կաղապարները, թղթադրամներ տպագրելու գործիքները այցելուներին պատկերացում են տվել, թե ինչպես են պատրաստվում դրամանիշերը, մետաղադրամներն ու թղթադրամները։

Գործունեությունը պատերազմից առաջ

Շուշիի հայկական դրամի թանգարանը Արցախում բացված վերջին թանգարանն էր։ Չնայած համեմատաբար նոր բացված լինելուն, այն գրավիչ էր ինչպես Արցախի քաղաքացիների, այնպես և այստեղ այցելած զբոսաշրջիկների համար։

Վիճակը պատերազմից հետո

Համաձայն թանգարանի տնօրեն Վրույր Հովհաննիսյանի «Հետք» լրատվականին տված հարցազրույցի, թանգարանում եղած արժեքավոր ցուցանմուշների մեծ մասը պատերազմի թեժ օրերին տարհանվել է։ Այնտեղ մնացել են մեծամասամբ կրկնօրինակները (Շուշիի դրամի թանգարանը ներկայացնում էր պատմական Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը)։ Այնուամենայնիվ, պատերազմից հետո համացանցում հայտնված որոշ տեսանյութերում երևում է, ինչպես են ադրբեջանցի զինվորները շրջում թանգարանի ցուցասրահում, որտեղ բոլոր ցուցափեղկերի ապակիները կոտրված են, իսկ սրահը դատարկ է։ Հայտնի չէ, թե այժմ ինչ վիճակում են գտնվում թանգարանում մնացած նմուշները։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

 

 

Գրականություն

Շուշիի դրամի թանգարանը ներկայացնում էր պատմական Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը - https://hetq.am/hy/article/164544 (հրապարակվել է՝ 24.02.2024)