2024 թ․ սեպտեմբերի «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիա»-յի բանաձևը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
2024 թվականի սեպտեմբերի 2-ին «Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիա»-ն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որի մեջ անդրադարձ է կատարվում հայկական ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությանը https://genocidescholars.org/wp-content/uploads/2024/09/IAGS-Resolution-on-Nagorno-Karabakh.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3jruxe_4TX6D8cRs4CEODxt4mQlPfTyk0PVYLQlyAWKCTN_TSSm0mPDpc_aem_7mqrXY0pJCklMbMcmSi8Jg։
Բանաձևն իր նախաբանում նշում է, որ ճանաչում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը և նշում է, որ 2023 թվականի սեպտեմբերին տարածքում մնացած 100,000 էթնիկ հայերը զանգվածաբար վտարվել են բռնության սպառնալիքի ներքո։ Բանաձևում նշվում է, որ գիտնականները ճանաչում են Լեռնային Ղաղաբաղի 1988-1992 թվականներին Հայաստանի Հանրապետությանը միանալու կամ անկախ պետություն դառնալու բազմաթիվ ներկայացուցչական և հանրաքվեի ձայները, որոնք ցավոք, երբևէ չեն արժանացել միջազգային հարգանքի։ Փաստաթուղթն ընդունում է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցները, քաղաքական և ռազմական ղեկավարությունը հակահայկական ատելության խոսք և ցեղասպանության մտադրության արտահայտություններ են տարածում։
Բանաձևն իր առաջին կետով ընդունում է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում բնորոշ են այն գործողություններին, որոնք համարվում են տարածքում էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը նպաստող կենսապայմաններ, իսկ հայերին հասցված հոգեկան և մարմնական վնասը, ըստ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի, ճանաչվում են որպես ցեղասպանություն։
Փաստաթուղթն իր երկրորդ կետով նշում է, որ 2023 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին պաշարման և ռմբակոծության միջոցով էթնիկ հայերի բռնի տեղահանումը էթնիկ զտում և մարդկության դեմ հանցագործություն է (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 2)։ Իսկ քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը (IAGS Resolution on Nagorno-Karabakh 2024, 3), էթնիկ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումները և սպանությունները միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ են (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 4)։
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի ընդունած բանաձևը հորդորում է Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամաններն ու վճիռները՝ ներառյալ հայկական մշակութային արժեքները ոչնչացնելու, չպղծելու հորդորները, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ պարտավորությունները, ներառյալ մարդու միջազգային իրավունքների հարգումը և միջազգային մարդասիրական իրավունքի երաշխավորումը (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 6)։
Բանաձևն իր 9-րդ կետով կոչ է անում Ադրբեջանին հարգել, պաշտպանել և կանխել հայկական մշակութային ցանկացած արժեքների ոչնչացումը Լեռնային Ղարաբաղում. (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 9), ինչպես նաև հորդորում է միջազգային հանրությանը պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 10)։
Անդրադառնալով արցախահայերի անվտանգ վերադարձի հնարավորությանը, բանաձևն իր 11-րդ կետով կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը և անվտանգությունը, ինչպես հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 17-ի ժամանակավոր միջոցների մասին հրամանում։
Բանաձևը կոչ է անում միջազգային հանրությանը, ներառյալ ազգային կառավարություններին և միջազգային կազմակերպություններին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ իրականացված վայրագությունները որպես մարդու իրավունքների կոպիտ խախտում, պատերազմական հանցագործություն, ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, և ձեռնարկել համապատասխան միջոցներ հետագա խախտումներն ու հանցագործությունները կանխելու և պատժելու ուղղությամբ (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 12)։
Գիտնականներն առաջարկում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի և «Խոշտանգումների դեմ» կոնվենցիայի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ դատական գործընթաց սկսել, իսկ մարդու իրավունքների ոտնահարման և հանցագործությունների ապացույցներ հավաքելու համար ստեղծել միջազգային փաստահավաք առաքելություն (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 13)։ Բանաձևը կոչ է անում Միջազգային քրեական դատարանի դատախազին օգտագործել Հռոմի ստատուտի հայկական վավերացումը՝ հետաքննելու և հետապնդելու մարդկության դեմ կատարված Ադրբեջանի հանցագործությունները (IAGS Resolution on Nagorno-Karabakh, 14)։