Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված բանաձև

2024 թվականի հոկտեմբերի 10-ին Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է 2 բանաձև՝ ի աջակցություն Հայաստանի, որից առաջինը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը, իսկ երկրորդը՝ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի խնդրին։ Բանաձևի քննարկմանը մասնակցել է նաև Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը։

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող  բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը և Դոն Սեդերը։

Ներկայացնելով բանաձևի նախագիծը՝ Ի. Կահրամանը նշել է, որ իրենք սատարում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, բայց դատապարտում են Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը և այն  պահպանելու վերաբերյալ առաջարկ են ներկայացնում https://en.armradio.am/2024/10/12/dutch-parliament-panel-calls-for-release-of-armenian-captives-protection-of-cultural-heritage-in-nagorno-karabakh/։

Բանաձևի մեջ մասնավորապես նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակի հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ողջ  բնակչությունը փախել է Հայաստան և մինչ օրս չի վերադարձել իր տները, քանի որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը այդ տարածքներում։ Բանաձևը կոչ է անում կառավարությանը՝ հանդես գալ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության  առաջարկով՝ ելենելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1954 թվականին ընդունված «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության» Հաագայի կոնվենցիայից (https://www.instagram.com/akoonkmedia/p/DBE6eDxxGZi/)։

Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չի ներկայացրել՝ հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ռազմական սրացում, ինչն ունեցել է հետևանքներ, և որ կառավարությունը կողմ է հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչին։

Երկրորդ բանաձևը, որը ներկայացվել է միջկուսակցական պատգամավորների խմբի կողմից, ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության անհրաժեշտությունը՝ միաժամանակ անդրադառնալով հայ ռազմագերիների կալանավորմանը: Բանաձևը հորդորում է Նիդերլանդների կառավարությանը ձգտել ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին՝ վկայակոչելով միջազգային մարդասիրական իրավունքը: Երկու բանաձևերն էլ խորհրդարանում ընդունվել են զգալի քվեներով:

Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հանդես է եկել այս երկու բանաձևերի դատապարտման հայտարարությամբ՝ նշելով, որ անընդունելի է համարում Նիդերլանդների կողմից ընդունված «հակաադրբեջանական» բանաձևերը։ Ադրբեջանական կողմը 2023 թվականի ռազմական գործողությունները մեկնաբանել է որպես հակաահաբեկչական  միջոցառումներ՝ ուղղված  Ադրբեջանի դեմ ռազմական սպառնալիքների վերացմանը և անօրինական զորամասերի չեզոքացմանը, գերիներին անվանել է ահաբեկիչներ, իսկ մշակութային ժառանգության ոչնչացման մեջ մեղադրել Հայաստանին https://en.trend.az/azerbaijan/politics/3956060.html։