Եվրոպական խորհրդարանի հերթական բանաձևը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը

Եվրոպական խորհրդարանը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ընդունել է բանաձև՝ «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման և Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ» (2024/2890(RSP), https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-10-2024-0133_EN.html?fbclid=IwY2xjawGJYCNleHRuA2FlbQIxMQABHZPuEFH_7disnLUQyyTiOSjnYUTbftY9IAsIrNz_-BEMiBKIbHr7wh_S9A_aem_EI1_vU87N6AGpXqU5bgIgQ

Բանաձևն անդրադառնալով մի շարք խնդիրների՝ ներառյալ Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները,  ՀՀ սահմանների անձեռնմխելիության և անվտանգային խնդիրները, ՀՀ անկախության դեմ ուղղված Ադրբեջանի սպառնալիքները,  դատապարտում է նաև Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումները։ Եվրոպական Խորհրդարանի բանաձևն իր 17-րդ կետով խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության զանգվածային արտագաղթից հետո մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ և  կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխությունից և փոխարենը կոչ է անում պահպանել, պաշտպանել և խթանել այս հարուստ բազմազանությունը։ Բանաձևը պահանջում է պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան և պնդում է, որ Ադրբեջանը թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ։ Բանաձևն իր 15-րդ կետով կոչ է անում լիովին կատարել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումները ներառյալ 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը և վերահաստատում է իր կոչը ադրբեջանական իշխանություններին՝ թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և տալ ամուր երաշխիքներ նրանց իրավունքների պաշտպանության համար, ներառյալ նրանց հողի և սեփականության իրավունքները: Բացի այդ բանաձևը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել բռնի տեղահանվածների ինքնության և նրանց քաղաքացիական, մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքների պաշտպանությունը և զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից, որը կարող է հայերի նկատմամբ խտրականություն հրահրել։