Մարտունու պատմաերկրագիտական թանգարանը. Արցախի պետական երկրագիտական թանգարանի մասնաճյուղ

Պատմությունը

Մարտունու պատմաերկրագիտական թանգարանը ստեղծվել է 1981 թվականին՝ Խաչատուր Գրիգորի Ստեփանյանի կողմից։ Ստեղծվելով ուշխորհրդային տարիներին, թանգարանը շուրջ երկու տասնմայակ գործել է Մարտունի քաղաքի մշակույթի տանը։ 1990-ական թվականների վերջին տեղափոխվել է Սպանդարյան փողոցում գտնվող մանկապարտեզի շենք, որի մի մասը հատկացվել է թանգարանին։

Թանգարանը գործում էր ք. Մարտունի, Գ. Նժդեհ փողոց 3 հասցեում։

Մարտունի քաղաղքը 2023 թվականի սեպտեմբերից օկուպացված է Ադրբեջանի կողմից:

Հավաքածուն

Արցախյան առաջին պատերազմի տարիներին թանգարանի հավաքածուից որոշ նյութեր և գրանցամատյաններ անհետացել էին։ Նոր շենքում թանգարանի ցուցադրությունը փոփոխվեց և ընդլայնվեց, արդյունքում ներկայացնելով հետևյալ սրահները՝

  • Բնության բաժին,
  • Հնագիտության բաժին
  • Ազգագրության բաժին
  • Միջնադարյան քանդակների բաժին
  • Նորագույն պատմության բաժին։

Հիմնական փոփոխությունն արվեց վերջին սրահում, որտեղ խորհրդային շրջանի պատմությունից հետո ավելացվեց Արցախյան ազատամարտի մասնակից մարտունեցիներին նվիրված անկյունը։

Թանգարանն ուներ հիմնական ֆոնդում 2136, իսկ օժանդակ ֆոնդում 1070 առարկա։

Գործունեությունը պատերազմից առաջ

Թանգարանը, չնայած ցուցադրական համեստ պայմաններին, միշտ ունենում էր այցելություններ։ Հիմնական այցելողները Մարտունի քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչները և հատկապես աշակերտներն էին։ Այցելում էին նաև Արցախի այլ շրջաններից և Հայաստանից։ Իսկ ավելի քիչ քանակով նաև զբոսաշրջիկներ արտասահմանից։

Թանգարանը տարբեր տոների՝ հատկապես պետական և միջազգային տոների և մասնագիտական օրերի շրջանակում կազմակերպում էր տարբեր միջոցառումներ։

Վիճակը պատերազմից հետո

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի բռնի տեղահանումից առաջ թանգարանի ցուցանմուշները դասավորվել էին արկղերի մեջ՝ անվտանգ վայր տեղափոխելու համար։ Սակայն սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ արկղերը մնացել են թանգարանում։ Հայտնի չէ, թե այժմ ինչ վիճակում է գտնվում թանգարանը և դրա հավաքածուն։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

 

նկ. 1 Ընդհանուր տեսարաններ թանգարանի մշտական ցուցադրությունից, լուս․՝ RealKarabakh էջի։

նկ. 2 Ընդհանուր տեսարաններ թանգարանի մշտական ցուցադրությունից, լուս․՝ RealKarabakh էջի։

նկ. 3 Ընդհանուր տեսարաններ թանգարանի մշտական ցուցադրությունից, լուս․՝ RealKarabakh էջի։

նկ. 4 Ընդհանուր տեսարաններ թանգարանի մշտական ցուցադրությունից, լուս․՝ RealKarabakh էջի։

նկ. 5 Ընդհանուր տեսարաններ թանգարանի մշտական ցուցադրությունից, լուս․՝ RealKarabakh էջի։

նկ. 6 Ընդհանուր տեսարաններ թանգարանի մշտական ցուցադրությունից, լուս․՝ RealKarabakh էջի։