
Հռոմի Ստատուտին ՀՀ անդամակցության մեկ տարին․ հնարավորություններ և հեռանկարներ Արցախի մշակութային ժառանգության և Արցախի հայության իրավունքների պաշտպանության գործում
2025 թվականի փետրվարի 1-ին լրացավ մեկ տարին, ինչ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը (Հռոմի Ստատուտը): ՀՀ-ն պաշտոնապես ընդունել է այն 2024 թվականի փետրվարի 1-ին, իսկ Միջազգային քրեական դատարանում այս առնչությամբ պաշտոնական միջոցառումը կայացել է փետրվարի 8-ին https://www.facebook.com/ArmSpoxMFA/posts/pfbid0pVh1tb9KPs4WAh1JTKQguUE26PCRXvsnBM5xdvsTRv6DVyux12ZjEsGLy3qCHr13l։ ՀՀ-ն դարձավ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնարար պայմանագրի` Հռոմի ստատուտի 124-րդ ստորագրող երկիրը։ Մինչ այդ՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր Հռոմի ստատուտի վավերացման մասին օրենքի նախագիծը https://www.azatutyun.am/a/32620778.html։ Նշենք, որ Հայաստանը դեռևս 1999 թվականին ստորագրել էր Հռոմի ստատուտը http://www.parliament.am/draft_docs8/K-658_AGN_Cank.pdf։
Կանոնադրության ընդունումը, մարդկության դեմ ծանր հանցագործությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունից զատ, ուներ հնարավորություն ստեղծելու նաև բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների և Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ և հնարավորություններ։ Այն հետապնդում էր երկու հիմնական նպատակ․
- Կանխել հետագա բռնությունները և ապահովել անվտանգային լրացուցիչ երաշխիքներ,
- Ճանաչել դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով, ինչը հնարավորություն է տալիս քննել թե՛ 2020-2024 թվականներին տեղի ունեցած արցախահայության բռնի տեղահանության, մշակույթի իրավունքի խախտումների, հուշարձանների հետ հաղորդակցման արգելքի և այլ հիմնահարցերը, այլև ավելի վաղ տեղի ունեցած մարդկության (տվյալ դեպքում հայ ժողովրդի) դեմ ծանր ցեղասպանության հանցագործությունները։
Սակայն, թեև կանոնադրության ընդունումը ուներ հնարավորություն ապահովելու մշակութային ժառանգության պաշտպանությունը, ոչնչացման դեմ լծակներ, բայց անցած մեկ տարում՝ 2024 թվականին, մենք ականատես եղանք հակառակ իրականությանը․ արցախահայերի մշակութային ժառանգությունը Ադրբեջանի կողմից շարունակաբար ոչնչացվեց, յուրացվեց և պղծվեց (2024 թվականին ոչնչացված և վտանգված մշակութային ժառանգության օրինակներին կարող եք ծանոթանալ «Monument Watch» կայքի «Ահազանգեր» բաժնում https://monumentwatch.org/hy/alerts/)։
1998 թվականի Հռոմի կանոնադրության համաձայն՝ մարդկության դեմ հանցագործություններ են ցեղասպանությունը (Article 7(1)(b)), բնակչության բռնի տեղահանումը (Article 7(1)(d)), մշակութային ժառանգության դեմ ուղղված կամ դրա վրա ազդող հանցագործությունները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք տեղի են ունենում զինված հակամարտության, թե խաղաղության պայմաններում (ICC, 2021, Policy on Cultural Heritage, § 98): Բացի դա, կանոնադրությունը պատերազմական հանցագործություններ է համարում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության կամ օբյեկտների դիտավորյալ թիրախավորումը (Article 8(2)(b)(i)), հարձակումները մշակութային ժառանգության վրա, որոնք չեն հանդիսանում ռազմական թիրախներ (Article 8(2)(b)(ix), Article 8(2)(e)(iv))։
Արցախից բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության համատեքստում կարևոր է նշել, որ մշակույթի իրավունքը Հռոմի ստատուտի շրջանակում դիտարկվում է որպես առաջնային իրավունք։ Այն ներառում է նաև ՄԱԿ-ի 1966 թվականի «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 15-րդ հոդվածով ամրագրված պարտավորությունների կատարումը, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր համայնքի մշակութային կյանքին մասնակցելու, գիտության և ստեղծագործական գործունեության ազատության, ինչպես նաև մշակութային ժառանգությանը հասանելիության իրավունք (ICESCR, Article 15 a)։
2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած (ինչպես նաև մինչ այդ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքավ Շուշիից և Հադրութից ու այլ շրջաններից բնակչության զանգվածային տեղահանումը) արցախահայերի բռնի տեղահանության հետ կապված հարկ է նշել, որ այն կարող է քննվել կանոնադրության դրույթներով, քանզի դատարանը ունի նախադեպ, որ եթե բռնի տեղահանությունը սկսվել է ոչ անդամ պետությունում, բայց ավարտվել է Հռոմի ստատուտի անդամ հանդիսացող երկրում, ապա Հռոմի դատարանը կարող է իրավասու լինել այն քննելու՝ ինչպես Մյանմարի (Prosecutor v. Myanmar/Bangladesh, ICC-01/19) նախադեպի դեպքում։
Հռոմի կանոնադրությունը մշակութային ժառանգությունը ճանաչում է իր լայն հայեցակարգով՝ ընդգծելով, որ այն ներառում է ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական տարրերի և ժառանգության ողջ համատեքստի ամբողջությունը (ICC, 2021, Policy on Cultural Heritage, § 3)։ Հատկանշական է, որ Հռոմի կանոնադրությունը, ի տարբերություն Հաագայի կոնվենցիայում կիրառված «մշակութային արժեք» (cultural property) տերմինի, օգտագործում է «մշակութային ժառանգություն» (cultural heritage) հասկացությունը, ինչը թույլ է տալիս առավել ամբողջական կերպով ներկայացնել ժառանգության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակը (ICC, 2021, Policy on Cultural Heritage, § 14)՝ ներառելով մշակույթի իրավունքի խախտումները։ Բացի այդ, Հռոմի կանոնադրության տրամաբանության մեջ ժառանգությունը դիտարկվում է որպես համայնքի ինքնության և պատկանելության զգացում ձևավորող հիմնական գործոն (ICC, 2021, Policy on Cultural Heritage, § 15)։
Հռոմի կանոնադրությունը ևս հաստատում է, որ մշակութային ժառանգության վրա հարձակումները կարող են խախտել մարդու իրավունքները (ICC, 2021, Policy on Cultural Heritage, § 28):
Այս մոտեցումը նշանակում է, որ արցախահայության բռնի տեղահանության հետևանքները կարող են դառնալ Հռոմի դատարանի իրավասության առարկա, հատկապես այն տեսանկյունից, որ տեղահանվածների մշակութային իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանության անբաժանելի մասը։ Միևնույն ժամանակ, մշակույթի իրավունքի ճանաչումը որպես հիմնարար իրավունք ամրապնդում է տեղահանված արցախահայերի մշակութային ժառանգության պահպանության իրավական հիմքերը՝ ներառյալ նրանց՝ իրենց Արցախի մշակութային ժառանգության տարածքներ մուտք գործելու և մշակութային ինքնությունն ազատորեն դրսևորելու իրավունքը։