«Դիալոգ» հասարակական կազմակերպություն. Արձագանք «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքին

2022 թվականին Երևանում հրատարակված «Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գիրքը, որոնց խմբագիրներն են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Հայկուհի Մուրադյանը, հանդիսանում է հիմնարար ուսումնասիրություն, որը բացահայտում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության ավերման ու յուրացման ծավալները։ 2022–2023 թթ. Արցախը վերապրեց իր պատմության ևս մեկ ողբերգական էջ՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ, հազարավոր զոհեր, շրջափակում և հայկական բնակչության լիակատար, հարկադրված ու ողբերգական արտագաղթ։

Հիշեցնենք, որ «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել անկախ գիտական հարթակ հանդիսացող MONUMENT WATCH-ի հետ (որի ղեկավարն է Համլետ Պետրոսյանը), Արցախի մշակութային ժառանգության վիճակի համատեղ հետագա մշտադիտարկման, գիտական նկարագրության և ուսումնասիրությունների արդյունքների տարածման նպատակով։

«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գրքի հեղինակները, հիմնվելով փաստերի, լուսանկարների, արխիվային և ժամանակակից տվյալների վրա, փաստագրում են տարածաշրջանում հայկական պատմամշակութային ներկայությունը ջնջելու նպատակաուղղված և տարիներով շարունակվող քաղաքականությունը։ Հղում անելով հնագիտական, ճարտարապետական և վիմագրական աղբյուրներին՝ ուսումնասիրությունը մանրամասնորեն ներկայացնում է, թե ինչպես է համակարգված կերպով թուլացվում Արցախում պատմականորեն ձևավորված հայկական ներկայությունը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ խորհրդանշական իմաստով։

Հատուկ ուշադրություն է հատկացվում ժամանակակից ադրբեջանական պատմագրության մեջ տարածված «աղվանացման» մեթոդաբանությանը։ Դրա միջոցով Ադրբեջանը տասնամյակներ շարունակ փորձում է հայկական տաճարները, խաչքարերը, գերեզմանատները և արձանագրությունները ներկայացնել որպես «աղվանական», իսկ հետագայում՝ որպես «ադրբեջանական»՝ հիմնվելով պատմական իրավահաջորդության վրա։ Այս մոտեցումը, որը խրախուսվել է ուշ խորհրդային շրջանում, դարձել է Ադրբեջանի ներկայիս մշակութային քաղաքականության հիմքը Արցախի պատմական ժառանգության նկատմամբ, որտեղ հայկական ներկայությունը փաստագրված է հնագույն ժամանակներից։

Հեղինակները գրքի շարադրանքը սկսում են Արցախն ու Ուտիքը որպես Մեծ Հայքի անբաժան շրջաններ նկարագրող մշակութային-պատմական ակնարկից, որոնք առնվազն մ.թ.ա. 6-րդ դարից բնակեցված են եղել հայերով։ Նրանք դիտարկում են հայկական պետականության, եկեղեցական ու մշակութային կյանքի շարունակականությանը մինչև 19-րդ դարը, երբ, ընդգրկվելով Ռուսական կայսրության կազմի մեջ և Աղվանից եկեղեցու լուծարումից հետո, վերջինիս թեմերը վերջնականապես միացվում են Հայ Առաքելական եկեղեցուն։

Արցախի հայերի մշակութային ինքնությունը ամրապնդվել է քրիստոնեական հուշարձանների՝ վանքերի, եկեղեցիների, խաչքարերի, դամբարանների, վիմագիր արձանագրությունների, ձեռագրերի ստեղծման և զարգացման միջոցով։ Տարածաշրջանում հայտնաբերված հուշարձանները՝ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը, Ծիծեռնավանքը, Խադարի և այլ վանքեր, հստակ վկայում են այս տարածքում հայկական քրիստոնեական մշակույթի բազմադարյա ներկայության մասին։

Այս համատեքստում հատկապես կարևոր է հիշատակել Ղարաբաղի մելիքությունները, որոնք հայտնի են նաև որպես Խամսայի մելիքություններ՝ հինգ հայկական իշխանություններ, որոնք 17-րդ դարի սկզբից մինչև 18-րդ դարի կեսերը գոյություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մելիքություններն էին՝ Գյուլիստանը, Ջրաբերդը, Վարանդան, Խաչենը և Դիզակը, որոնք հանդիսանում էին հայ ֆեոդալական ինքնավարության, մշակույթի և տարածաշրջանի քաղաքական ավանդույթի վառ դրսևորումներ։

Մելիքությունների շրջանը դարձել էր հայկական ճարտարապետության, հոգևոր մշակույթի և ազգային միասնության գաղափարի ծաղկման ժամանակաշրջան, այն դեպքում երբ այդ պատմական շրջանում հարևանությամբ գտնվող«Ադրբեջան» անվանումով պետություն ընդհանրապես գոյություն չուներ։ Ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը 20-րդ դարում ձևավորված աշխարհաքաղաքական կազմավորում է, որը մեծապես կաղապարվել է Խորհրդային Միության քաղաքականության և գաղափարախոսության շրջանակում։

Յուրացումը, վերանվանումը, ավերումը և փաստերի գաղափարական աղավաղումն առավել ինտենսիվ կերպով դարձել են Ադրբեջանի քաղաքականության մաս՝ հատկապես 2020 թ․ 44-օրյա պատերազմի ավարտից հետո։

Գրքի հեղինակների կողմից հավաքագրված հայկական հուշարձանների զանգվածային ավերածությունների վկայությունները սարսափեցնող են իրենց ծավալներով։ Ավերվել են եկեղեցիներ, տապանաքարեր, խաչքարեր, վանքեր, թանգարաններ, ինչպես նաև հուշակոթողներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախի պատերազմների զոհերին։ Օրինակ՝ Շուշիում ոչնչացվել է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, որը կառուցվել էր Առաջին Արցախյան պատերազմի ավարտից հետո և միաժամանակ նվիրված էր նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերին։ Հադրութի շրջանի Ազոխ գյուղում նույնպես ավերվել են Հայոց ցեղասպանության զոհերին և Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանները, ինչպես նաև հենց Հադրութ քաղաքում՝ ազատամարտիկներին նվիրված հուշակոթողը։ Որոտան (Քուբաթլու) քաղաքում ոչնչացվել է Առաջին Արցախյան պատերազմի հերոսների պատվին կանգնեցված խաչքարը։ Մեծ Թաղեր գյուղում տեղադրված Խորհրդային Միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին ևս ապամոնտաժվել է։ Հողին են հավասարեցվել Շուշիում, Մեծ Թաղերում և Սղնախում գտնվող պատմական գերեզմանատները, ինչը փաստագրվել է արբանյակային լուսանկարներով։ Շուշիում տեղադրված Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված հուշարձանը պղծվել և հետագայում ամբողջությամբ ոչնչացվել է։ Հուշարձանի նկատմամբ վանդալիզմի գործողությունները տեսանկարահանվել և ազատ հասանելիությամբ տարածվել համացանցում։

Տող գյուղի Կատարո եկեղեցին ադրբեջանական զինվորականների կողմից ռազմական թաքստոցի է վերածվել։ Ծիսական կառույցների ռազմական նպատակներով օգտագործումն ու դրանց ավերումը շարունակում են մշակութային զավթման քաղաքականության ուղին։ Սակայն անհրաժեշտ է հիշել, որ Հայրենական մեծ պատերազմը խորհրդային ժողովուրդների ընդհանուր պատմությունն էր, և այդ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների հանդեպ նման գործողությունները խաթարում են պատմական միասնականության գաղափարը։

Գրքի հեղինակները մանրամասնորեն վերլուծում են յուրացման մեթոդները՝ սկսած «ընդհանուր արմատների» հասկացությունների մանիպուլյատիվ կիրառությունից մինչև այսպես կոչված «աղվանական ինքնության» ստեղծումը՝ որպես «միջանկյալ օղակ», որի մասին արդեն նշվել էր։ Այդ մեթոդը հնարավորություն է տվել ներկայացնել օտարման գործընթացը որպես գիտական վեճ և հեռացնել այն քաղաքական պատասխանատվության ոլորտից։ Այնուամենայնիվ, փաստերը վկայում են, որ նման գործողությունները եղել են համակարգված և կենտրոնացված բնույթի՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական եկեղեցիները, արձանագրությունները և խաչքարերը, վերափոխել և վերանվանել պատմամշակութային օբյեկտները։

Գրքում հատուկ շեշտադրում է արված Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտման վրա։ Հեղինակները հղվում են 1954 թ․ ընդունված «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի կոնվենցիային և դրա արձանագրություններին, որոնք հստակ արգելում են մշակութային օբյեկտների հանդեպ վանդալիզմի, ավերման, թալանի և յուրացման ակտերը, ինչպես նաև դրանց օգտագործումը ռազմական նպատակներով։

Չնայած միջազգային ճանաչման բացակայությանը և շրջափակմանը՝ Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ՝ Առաջին ազատագրական պատերազմի (1991–1994 թթ․) ավարտից հետո, հետևողականորեն զբաղվել է հուշարձանների պահպանությամբ և վերականգնմամբ, վանքերի վերանորոգմամբ, նոր եկեղեցիների կառուցմամբ, թանգարանների և կրթական հաստատությունների զարգացումով։ Ընդունվել են համապատասխան օրենքներ, ստեղծվել են պետական մշակութային ծրագրեր, իրականացվել են հնագիտական արշավախմբեր։ Առավել նշանակալի իրադարձություններից մեկը եղել է հայակական Տիգրանակերտ քաղաքի բացահայտումը՝ միակ անտիկ շրջանի հայկական քաղաքներից մեկը, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության ներկայիս սահմաններից դուրս։ Այդ հայտնագործությունը դարձել է տարածաշրջանում հայ ժողովրդի հնագույն ներկայության անվիճելի նյութական ապացույց։

Գրքի առանցքային մասը նվիրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում հայկական մշակութային ժառանգության բարբարոսական ոչնչացմանը։ Հեղինակները փաստագրում են մշակութային օբյեկտների թիրախավորում՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ավերում, թանգարանների, եկեղեցիների, հնագիտական բազաների ռմբակոծում։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տասնյակ մշակութային օբյեկտներ, այդ թվում՝ մոտ 20,000 ցուցանմուշ պարունակող 12 թանգարան և ավելի քան 2000 ճարտարապետական հուշարձան։

Այս տարածքներն անմիջապես վանդալիզմի գործողությունների են ենթարկվել և փաստագրվել են տեսանյութերում, որոնք համացանցում հաճախ տարածվել են հենց ադրբեջանցի օգտատերերի կողմիցշ։ Ավերված հուշարձանների թվում են Կանաչ Ժամ եկեղեցին, Ղազանչեցոց տաճարը, բազմաթիվ գերեզմանատներ, խաչքարեր և տապանաքարեր։ Որոշ տեսանյութերներում երևում են սրբավայրերի պղծման տեսարաններ, հայկական արձանագրությունների ոչնչացման գործողություններ, խաչերի հեռացում, ճարտարապետական տարրերի ավերում, վանդալիզմի գործողություններ թանգարաններում և նույնիսկ եկեղեցիների վերածում տնտեսական նշանակության շինությունների։

Պարզ է, որ այս խախտումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ Արցախը՝ որպես չճանաչված պետություն, չէր կարող լիարժեք հույս դնել միջազգային իրավական մեխանիզմների պաշտպանությանը, և ցավոք սրտի, մեր օրերում դադարել է գոյություն ունենալուց... Այնուամենայնիվ, հուշարձանների ոչնչացումը շարունակում է համարվել մշակութային ցեղասպանության ակտ, որը դատապարտվում է ամբողջ աշխարհում՝ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, գիտնականների և մշակութային գործիչների կողմից։

Չնայած Հայաստանի և Արցախի նախարարությունների բազմակի դիմումներին՝ ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ICOMOS-ին, WMF-ին, ICCROM-ին, «Կապույտ վահանին» և այլ կառույցներին, միջազգային արձագանքը սահմանափակվում է մտահոգության արտահայտումով՝ առանց որևէ կոնկրետ քայլի։ Դրա օրինակ է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի դեպքը, որը պատերազմի ընթացքում ռմբակոծվել էր Ադրբեջանի կողմից։ Չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն էր հայտնել առաքելություն ուղարկել իրավիճակը գնահատելու նպատակով, Ադրբեջանն այդ համագործակցությունը մերժել էր։ Նման պասիվությունը խաթարում է մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային մեխանիզմների արդյունավետությունը և բացահայտում՝ դրանց կիրառելիության վերանայման անհրաժեշտությունը, երբ խոսքը գնում է չճանաչված, բայց մշակութային առումով նշանակալի տարածաշրջանների մասին։

Պատմաբաններ Համլետ Պետրոսյանը և Հայկուհի Մուրադյանը ընդգծում են, որ մշակույթի ոչնչացումը պատերազմի պատահական հետևանք չէ, այլ կանխամտածված ռազմավարություն է՝ ուղղված հիշողության, ինքնության և Արցախի (հայկական) ժողովրդի ապագայի վերացմանը։ Մշակութային ցեղասպանությունը ոչ պակաս վտանգավոր է, քան ֆիզիկական բնաջնջումը, քանի որ նպատակ ունի ազգի գոյությունը ամբողջովին ջնջել պատմությունից։ Հետևաբար, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը պետք է դիտարկվի որպես միջազգային հանրության բարոյական և իրավական պարտավորություն։ Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ այս քաղաքականությանը դիմակայելը պահանջում է համախմբված ռեսուրսային և մասնագիտական ռազմավարություն՝ Հայաստանի և Արցախի կողմից։

«Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում» գիրքը գիտական և քաղաքացիական պատասխան է ադրբեջանական կողմի գործողություններին, որոնք ընդգրկում են 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը ժամանակաշրջանը, և այն ընթերցողի առջև դնում է իրավունքների, հիշողության և պատմական արդարության հարցը։ Սա պարզապես գիտական ուսումնասիրություն չէ, այլ՝ մշակույթի դեմ ուղղված վկայության ակտ, հանցագործությունների փաստաթղթային և կոչ՝ միջազգային արդարադատությանը։

https://dialogorg.ru/analytics/articles/gamlet_petrosyan-_pod_pritselom_-_kulturnoe_nasledie_artsakha/