
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 2025 թ․ հուլիսի 17-ին ընդունել է բանաձև՝ «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության մասին»
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 2025 թ․ հուլիսի 17-ին ընդունվել է բանաձև «Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտությանը վերաբերող որոշման առաջարկ» վերտառությամբ։ (Chambre des représentants de Belgique, Proposition de Résolution relative à la situation au Haut-Karabakh et à la nécessité de la paix dans le Caucase du Sud) https://www.dekamer.be/kvvcr/showpage.cfm?section=flwb&language=fr&cfm=flwbn.cfm?lang=N&dossierID=0589&legislat=56:
Բանաձևը, հաշվի առնելով միջազգային տարբեր հիմնարար փաստաթղթեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՅՈւՆԵՍԿՕ-ի 1972 թ. նոյեմբերի 16-ի «Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության դիտավորությամբ ոչնչացման մասին հռչակագիրը, ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թ. հոկտեմբերի 17-ի հռչակագիրը մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման վերաբերյալ, Ժնևի կոնվենցիաներն ու դրանց լրացուցիչ արձանագրությունները, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը՝ ընդունել է որոշում և հաստատել, որ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական հարձակում է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ, ինչի արդյունքում տեղի է ունեցել զանգվածային արտագաղթ դեպի Հայաստան։ Այդ հարձակումը լուրջ խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
Բանաձևը ամենախիստ ձևով դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, ինչպես նաև դրան նախորդած Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի լուրջ խախտում։
Բանաձևը, ի թիվս այլ կարևոր կետերի, անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պատմական հուշարձանների ոչնչացմանն ուղղված քաղաքականությանը (https://www.dekamer.be/FLWB/PDF/56/0589/56K0589007.pdf):
Բանաձևում նշվում է, որ դիտարկվել և ի գիտություն են ընդունվել 2023 թ. սեպտեմբերի 19-ից սկսած հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ մտահոգիչ զեկույցները, մասնավորապես 2024 թ. նոյեմբերին Freedom House-ի կողմից հրապարակված «Ինչու Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան» զեկույցը։ (https://freedomhouse.org/sites/default/files/2024-06/DDF_FH-REPORT_06.2024.pdf):
Բանաձևը կոչ է անում հարգել Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը՝ համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ի նորմերի և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների։ Այն նաև կոչ է անում թույլատրել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությանը (որի համաձայնությունը սպասվում է դեռևս 2020 թ. դեկտեմբերից) մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և իրականացնել ժառանգության վայրերի վիճակի փաստագրում և ցանկագրում (կետ 5.6.5, https://www.dekamer.be/FLWB/PDF/56/0589/56K0589007.pdf)։
Բանաձևը դատապարտում է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը՝ անվանելով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան»։
Ուստի, բանաձևում նշվում է, որ Բելգիան պետք է աջակցի միջազգային ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի կողմից կատարված միջազգային հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար (կետ 5.1, https://www.dekamer.be/FLWB/PDF/56/0589/56K0589007.pdf)։
Բնաձևը նաև կոչ է անում ա) Ադրբեջանին պահպանել միջազգային պարտավորությունները և կատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները (կետ 5.6.1), բ) հարգել այն էթնիկ հայերի իրավունքները, ովքեր ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, թույլատրել միջազգային դիտորդների ներկայությունը, ինչպես նաև ապահովել հայ բնակչության արագ, անվտանգ և անխոչընդոտ վերադարձը՝ համաձայն ԱՄԴ 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշման (կետ 5.6.2), գ) հրաժարվել հայերի դեմ ուղղված ապակայունացնող հռետորաբանությունից, որը կարող է խթանել խտրականություն կամ սպառնալ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը (կետ 5.6.3), դ) արագ, բաց և համապարփակ երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ՝ երաշխավորելու նրանց անվտանգությունը, ինչպես նաև մշակութային, սոցիալական և կրոնական իրավունքները (կետ 5.6.4) https://www.dekamer.be/FLWB/PDF/56/0589/56K0589007.pdf։
Բանաձևը նաև կոչ է անում Եվրոպական մակարդակով՝ արձագանքել 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի խախտման, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի խախտումների համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների նկատմամբ նպատակային պատժամիջոցների կիրառման օգտին, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացողների նկատմամբ (կետ 5.7.1)։ Ինչպես նաև հորդորում է ԵՄ-ին՝ վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի հետ, եթե վերջինս չձեռնարկի կառուցողական և վստահելի քայլեր երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ կամ չհրաժարվի Հայաստանին ուղղված սպառնալից հռետորաբանությունից (կետ 5.7.3)։