
Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը
Պատմությունը
Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը ստեղծվել է 1996 թվականին:
2004 թվականի հունվարից Արցախի կառավարության որոշման համաձայն այն վերանվանվել է և դարձել «Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան» ՊՈԱԿ, իսկ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 849 ռրոշմամբ լուծարվել և ստեղծվել է «Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի Ասկերանի մասնաճյուղը:
Թանգարանը տեղակայված էր Ասկերանի շրջվարչակազմի շենքում՝ Ն. Ստեփանյան 14 հասցեում:
Ասկերան քաղաքը՝ այդ թվում և թանգարանը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի և հայերի բռնի տեղահանումից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից
Հավաքածուն
Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը բաղկացած էր երկու սրահից։ Հավաքածուն ներառում էր շուրջ 500 ցուցանմուշ, որի մեջ փոքր թիվ էին կազմում հնագիտական գտածոները։ Հիմնականում ցուցադրվում էին 19-20-րդ դարերի հայկական մշակույթին վերաբերող ազգագրական տարեր բնույթի առարկաները և հայրենական պատերազմին վերաբերող նմուշները (նկ. 1-3)։ Ցուցանմուշները թանգարան էին տեղափովել ինչպես հավաքչական աշխատանքների, այնպես էլ կամավոր նվիրատվությունների միջոցով։
Հիմնականում աշխատանքներ են ընթացել Հայրենական Մեծ պատերազմն ու Արցախյան գոյամարտը արտացոլող նյութերի ձեռքբերման և ձևավորման ուղղությամբ։ Ներկայացվաժ էին նաև Ասկերանի շրջանի գյուղերի պատմա-աշխարհագրական բնութագրությունները, վաստակաշատ մանկավարժները, պետական, հասարակական ակնառու գործիչների անձնական գործերը, երկրագիտական և ազգագրական նյութեր Արցախի պատմության վերաբերյալ:
Թանգարանի ցուցասրահը
Ասկերանի թանգարանը բաղկացած էր երկու բաժիններից.
Առաջին սրահում՝ հնագիտության և ազգագրության բաժնում տեղադրված են համապատասխան երկրագիտական ու ազգագրական բնույթի ցուցանմուշներ, Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների և գյուղերի լուսանկարներ, Ասկերանի պատմությանն ու մշակույթին վերաբերող գրքեր, լուսանկարներ և այլն:
Երկրորդ սրահում ներկայացված էին Հայրենական պատերազմին և Արցախյան շարժմանն ու պատերազմին նվիրված ցուցանմուշները:
Գործունեությունը պատերազմից առաջ
Թանգարանը շրջանի կարևոր մշակութային կառույցներից էր։ Այստեղ մշտական ցուցադրությունից բացի տարվա ընթացքում կազմակերպվում էին տարբեր մշակութային միջոցառումներ (նկ. 4)։ Դրանք կազմակերպվում էին ազգային և եկեղեցական տոն օրերին, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների և իրադարձություններին նվիրված, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա շրջանակներում։
Վիճակը պատերազմից հետո
44 օրյա պատերազմի ընթացքում թանգարանային ցուցադրությունը մնացել.է տեղում և որևէ վնաս չի կրել։ Ադրբեջանցիների կողմից Արցախի բլոկադայի օրերին թանգարանի հիմնական ցուցադրության նմուշները տեղափոխվել են էվակուացիայի համար նախատեսված արկղեր, որոնք 2023 թվականին սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակի հարձակման և դրանից հետո արցախցիների բռնի տեղահանումից հետո չեն տեղափոխվել և մնացել են տեղում։
Այժմ թանգարանի հավաքածուների վիճակն անհայտ է։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։