«Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցը

Պատմությունը

«Ազոխի քարանձավ» բնապատմական արգելոցը գտնվում էր Արցախի հանրապետության հարավ-արևելյան մասում՝ Հադրութի շրջանի Ազոխ գյուղի տարածքում:

Արգելոցը հիմնադրվել է 2014 թվականին, որի նպատակը տարածքում գտնվող պատմահնագիտական հուշարձանի, բնական միջավայրի պահպանումը, ինչպես նաև մշակութային արժեքների ուսումնասիրությունն ու դրանց նպատակային օգտագործումն էր: Սակայն քարանձավում չհասցրեցին իրականացվել ցուցադրական աշխատանքների կազմակերպում։ Աշխատանքներն անավարտ մնացին 2020 թվականի 44 օրյա պատերազմի պատճառով։ Իսկ հնագիտական գտածոները, որոնք հայտնաբերվել էին քարանձավի պեղումների արդյունքում, տեղափոխվել էին գյուղի դպրոց, այնտեղից թանգարանի համար նախատեսված շենք տեղափոխելու նպատակով։ Սակայն պատերազմի պատճառով այդ արկղերը՝ թվով 20 հատ, մնացին տեղում և անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Հավաքածուն

Արգելոցը դեռ չէր հասցրել իր ցուցադրական տարածքները կազմակերպել։ Դրանք ընթացքի մեջ էին մինչև 44օրյա պատերազմը։ Այնտեղ նախատեսվում էր ցուցադրել երկրորդ շրջափուլի ընթացքում հայտնաբերված նյութերը։

Ազոխում պեղումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի։

Հնագիտական հետազոտության առաջին փուլը

Գլխավոր և ամենամեծ մուտքի պեղումներն սկսվել են 1960 թ.՝ ադրբեջանցի հնագետ Մ. Հուսեյնովի կողմից, ով մինչև 1980 թվականը ղեկավարել է հնավայրի պեղումները (Гусейнов 1971, 477): Պեղումների առաջին փուլում հնավայրից հայտնաբերվել է հնագույն մարդու ստորին ծնոտի մի հատված: Այն համապատասխանում է ուղիղ քայլող մարդու և նեանդերթալյան մարդու դարաշրջանների միջև անցումային ժամանակաշրջանին, որը ներկայումս համարվում է հեյդելբերգյան մարդու դարաշրջան (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 12):

Պեղումների այս փուլում բավական մեծ տեղեկատվություն է կորել, քանի որ դրանք համակարգված և միջգիտակարգային բնույթ չէին կրում:

Քարանձավին վնաս են հասցրել նաև ուսումնասիրության համար արշավախմբի ընտրած մեթոդն ու գործիքակազմը: Պեղումների երկրորդ փուլում մասնագետների կողմից փաստվել է, որ քարանձավի որոշ հատվածներում նախկինում պայթեցումներ են արվել: Դա են վկայում ոչ միայն ականատեսների տեղեկությունները, այլև քարանձավի մուտքի մոտ ժայռի որոշ կտրվածքներ: Ականատեսների վկայությամբ, պեղումների համար երբեմն գործածվել է նաև վակումային պերֆերատոր: Սա իր անվերադարձ հետքն է թողել հուշարձանի վրա: Չի բացառվում, որ նման գործիքի կիրառման պատճառով է վնասվել նաև այստեղից հայտնաբերված մարդու ստորին ծնոտի բեկորը:

նկ. 1 Քարանձավի մուտքը, լուս.՝ ԱՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շտեմարանի:

Պեղումների երկրորդ փուլը

2002 թվականից սկսած` Արցախի հանրապետության Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ հնավայրում հետազոտություններ է իրականացրել Ազոխի միջազգային արշավախումբը: 2002-2009 թվականների հետազոտություններին մասնակցել է 35 մասնագետ աշխարհի 8 երկրից՝ այդ թվում՝ Հայաստան, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրալիա և Հարավային Աֆրիկա (նկ. 2, 3, 4, 5):

Արշավախմբի աշխատանքներում կիրառվել են պեղումների արդի և համակարգված մեթոդներ. գտածոների եռաչափ արձանագրում՝ դրանց տարածական և ժամանակային բաշխվածություն տեղեկատվությունն ապահովելու նպատակով, նստվածքաշերտերի զննում՝ մանր կաթնասունների հայտնաբերման նպատակով, երկրաբանական մանրազնին աշխատանք՝ ուղղված քարանձավի շերտագրության ուսումնասիրմանը, ինչպես նաև հաջորդականության ռադիոմետրիկ թվագրում (Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016, 10-20):

Պեղումների նոր փուլը հայտնաբերել է պլեյստոցենից մինչև հոլոցեն ընկած ժամանակահատվածի երկար և գրեթե շարունակական շերտագրական հաջորդականություն: Բացի այդ, վկայություն կա, որ այս տարբեր ժամանակաշրջանների ըթացքում քարանձավում բնակվել են հնագույն մարդկանց երեք տեսակ՝ Homo heidelbergensis, Homo neanderthalesis, Homo sapiensis (Քինգ, Կասերես Քուելո դե Օրո, Մյուրեյ, Էնդրյուս, Հիքսոն Էնդրյուս, Դոմինգես Ալոնսո, Ասրյան, Սանզ Մարտին, Մոլոնեյ, Եպիսկոպոսյան 2015, 3-19):

Բացի հնագիտական և հնէաբանական գտածոները, քարանձավը հայտնի էր նաև իր կենդանական միջավայրով, մասնավորապես բացառիկ տեսակի չղջիկներով, որոնք բնակվում էին այս քարանձավում։

նկ. 2

նկ. 4

նկ. 3

նկ. 5

Գործունեությունը պատերազմից առաջ

Վերջին տարիներին հուշարձանի տարածքում այլևս պեղումներ չէին իրականացվում: Այն ներառված էր Ազոխի քարանձավ պետական արգելոցի կազմում, մուտքերը ցանկապատված էին, ելումուտը՝ սահմանափակված, և հսկվում էր պետության կողմից:

Վիճակը պատերազմից հետո

Համադրելով եղած տեղեկությունները և առկա տեսանյութերը, կարող ենք ենթադրել, որ հուշարձանը պատերազմի ըթացքում վնաս չի կրել: Պատերազմից օրեր անց համացանցում հայտնվեց տեղեկություն, որ Ազոխի հնագիատական հանգրվանից, որը գտնվում էր գյուղի տարածքում, շուրջ 20 արկղ տեղափոխվել է Բաքու: Այդ արկղերում այն գտածոներն էին, որոնց հիման վրա նախատեսվում էր համայնքի տարածքում թանգարան բացել: Պատերազմից հետո համացանցում տարածվեցին տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները անարգել ելումուտ անում քարանձավում, ինչը վնասում է այնտեղ բնակվող բացառիկ տեսակի չղջիկներին:

Հուշարձանի պահպանության և հետազոտության հետագա ճակատագիրն անհայտ է:

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

Գրականություն

  1. Բարխուտարեանց 1895 - Մակար Բարխուտարեանց, Արցախ, Բագու:
  2. Մկրտչյան 1985 - Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, Հայաստան:
  3. Քինգ, Կասերես Քուելո դե Օրո, Մյուրեյ, Էնդրյուս, Հիքսոն Էնդրյուս, Դոմինգես Ալոնսո, Ասրյան, Սանզ Մարտին, Մոլոնեյ, Եպիսկոպոսյան 2015 - Քինգ Տ., Կասերես Քուելո դե Օրո Ի., Մյուրեյ Ջ., Էնդրյուս Փ., Հիքսոն Էնդրյուս Ս., Դոմինգես Ալոնսո Պ., Ասրյան Լ., Սանզ Մարտին Թ., Մոլոնեյ Ն., Եպիսկոպոսյան Լ., Ազոխի քարանձավի 2011-2012թթ. հետազոտությունների հիմնական արդյունքները, Հնագիտական ուսումնասիրություններն Արցախում 2011-2012 թթ., Դիզակ Պլյուս, Ստեփանակերտ, 2015, էջ 3-19:
  4. Fernandez-Jalvo, King, Yepiskoposyan, Andrews 2016 - Fernandez-Jalvo Y., King T., Yepiskoposyan L., Andrews P., Azokh Cave and the Transcaucasian corridor, 2016, Springer, p. 1-27.
  5. Mustafayev 1996 - Mustafayev A., Jawbones and dragon legends, Azerbaijan’s prehistoric Azikh Cave. Azerbaijan International, 4, 24–32.
  6. Гусейнов 1971 - Гусейнов М., Азыхская пещера — многослойный памятник ашельского периода в СССР, Археологические орктытия, с. 477.