Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը

Պատմությունը

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը ստեղծվել է  1996 թվականին:

2004 թվականի հունվարից Արցախի կառավարության որոշման համաձայն այն վերանվանվել է և դարձել «Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան» ՊՈԱԿ, իսկ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 849 ռրոշմամբ լուծարվել  և ստեղծվել է «Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի Ասկերանի մասնաճյուղը:

Թանգարանը տեղակայված էր Ասկերանի շրջվարչակազմի շենքում՝ Ն. Ստեփանյան 14 հասցեում:

Ասկերան քաղաքը՝ այդ թվում և թանգարանը,  2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիայի և հայերի բռնի տեղահանումից հետո օկուպացվել է Ադրբեջանի կողմից

Հավաքածուն

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանը բաղկացած էր երկու սրահից։ Հավաքածուն ներառում էր շուրջ 500 ցուցանմուշ, որի մեջ փոքր թիվ էին կազմում հնագիտական գտածոները։ Հիմնականում ցուցադրվում էին 19-20-րդ դարերի հայկական մշակույթին վերաբերող ազգագրական տարեր բնույթի առարկաները և հայրենական պատերազմին վերաբերող նմուշները (նկ. 1-3)։ Ցուցանմուշները թանգարան էին տեղափովել ինչպես հավաքչական աշխատանքների, այնպես էլ կամավոր նվիրատվությունների միջոցով։

Հիմնականում աշխատանքներ են ընթացել Հայրենական Մեծ պատերազմն ու Արցախյան գոյամարտը արտացոլող նյութերի ձեռքբերման և ձևավորման ուղղությամբ։ Ներկայացվաժ էին նաև Ասկերանի շրջանի գյուղերի պատմա-աշխարհագրական բնութագրությունները, վաստակաշատ մանկավարժները, պետական, հասարակական ակնառու գործիչների անձնական գործերը, երկրագիտական և ազգագրական նյութեր Արցախի պատմության վերաբերյալ:

Թանգարանի ցուցասրահը

Ասկերանի թանգարանը բաղկացած էր երկու բաժիններից.

Առաջին սրահում՝ հնագիտության և ազգագրության բաժնում տեղադրված են համապատասխան երկրագիտական ու ազգագրական բնույթի ցուցանմուշներ, Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների և գյուղերի լուսանկարներ, Ասկերանի պատմությանն ու մշակույթին վերաբերող գրքեր, լուսանկարներ և այլն:

Երկրորդ սրահում ներկայացված էին Հայրենական  պատերազմին  և Արցախյան  շարժմանն  ու  պատերազմին  նվիրված ցուցանմուշները:

նկ. 1 Թանգարանի ցուցադրության ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 2 Թանգարանի ցուցադրության ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 3 Թանգարանի ցուցադրության ընդհանուր տեսքը, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

Գործունեությունը պատերազմից առաջ

Թանգարանը շրջանի կարևոր մշակութային կառույցներից էր։ Այստեղ մշտական ցուցադրությունից բացի տարվա ընթացքում կազմակերպվում էին տարբեր մշակութային միջոցառումներ (նկ. 4)։ Դրանք կազմակերպվում էին ազգային և եկեղեցական տոն օրերին, հայտնի հասարակական և քաղաքական գործիչների և իրադարձություններին նվիրված, ինչպես նաև թանգարանների միջազգային օրվա շրջանակներում։

նկ. 4 Ասկերանի դպրոցականների այցը Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան, լուս․ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

Վիճակը պատերազմից հետո

44 օրյա պատերազմի ընթացքում թանգարանային ցուցադրությունը մնացել.է տեղում և որևէ վնաս չի կրել։ Ադրբեջանցիների կողմից Արցախի բլոկադայի օրերին թանգարանի հիմնական ցուցադրության նմուշները տեղափոխվել են էվակուացիայի համար նախատեսված արկղեր, որոնք 2023 թվականին սեպտեմբերի 19-ին ադրբեջանական բանակի հարձակման  և դրանից հետո արցախցիների բռնի տեղահանումից հետո չեն տեղափոխվել և մնացել են տեղում։

Այժմ թանգարանի հավաքածուների վիճակն անհայտ է։

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։