
Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարան
Պատմությունը
Հասցե՝ ԱՀ, ք. Բերձոր, 3-րդ թաղամաս, շենք 43
Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1996 թվականի մայիսի 18-ին:
Քաշաթաղի (նախկին Լաչին) շրջանում երկրագիտական թանգարանը գործում էր դեռ խորհրդային տարիներից։ Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ վնասված թանգարանի փոխարեն որոշում կայացվեց ստեղծել նոր թանգարան։
Ստեղծման առաջին տարիներին թանգարանը հիմնական ղեկավարումն իրականացնում էր Հայաստանի լիազոր մարմնի կողմից։ Անգամ թանգարանի առաջին աշխատակիցներն ու տնօրենը Հայաստանից էին տեղափոխվել։
Հավաքածուն
Թանգարանն ուներ մոտ 6000 ցուցանմուշ և 4 ցուցասրահ, 2-ը` հնագիտական, որից մեկը գտնվում է Ծիծեռնավանք համայնքում, 1 պատկերասրահ՝ բացված 1997 թվականին և Փառքի սրահ, որտեղ ներկայացված են Արցախյան ազատամարտի, ինչպես նաև շրջանի վերաբնակեցման մասին տեղեկություններ (նկ. 1-9):
Թանգարանն առաջին տարիներին համալրվել է շրջանի տարածքում 1995 թվականից հետո իրականացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված հնությունների հավաքագրմամբ: Մեծ քանակությամբ փաստացի տեղեկություններ լուսաբանում են Արաքս և Հաքարի գետերի հովտում գտնվող Արցախի մշակույթի զարգացման պատմությունը:
Ուշագրավ են Կերեն բնակավայրի պեղումների ժամանակ ձեռք բերված նյութերը, որտեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 9-5-րդ դարերի նյութական մշակույթի առարկաներ: Արցախյան յուրահատուկ կավին զուգահեռ` թանգարանում ցուցադրվում են նրբագեղ մարդակերպ անոթներ: Նույն ժամանակաշրջանի գերեզմանաթմբերում գտնված կիսաթանկարժեք քարից պատրաստված կանացի յուրահատուկ զարդերը համարվում են թանգարանի գրավչությունը:
Ներկայացված է հարուստ պատմագրական, հնագիտական և ազգագրական նյութ, հին հայկական գորգեր, դրամներ:
Գործունեությունը պատերազմից առաջ
Թանգարանը բացառիկ հնարավորություն էր տալիս այցելուներին ընդլայնված պատկերացում կազմել Քաշաթաղի շրջանի պատմության, նրա կարևորության և վերաբնակեցման անհրաժեշտության մասին: 2017 թվականից սկսած՝ Քաշաթաղի երկրագիտական թանգարանում կազմակերպվում են դասախոսություն-քննարկում դպրոցականների և գիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Այստեղ թանգարանի հավաքածուից բացի երբեմն ցուցադրվում էին նաև Քաշաթաղի ժամանակակից նկարիչների և լուսանկարիչներ աշխատանքները։
Քաշաթաղի երկրագիտական թանգարանն ունի ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/profile.php?id=100052021824470, որը գործում է նաև թանգարանի հավաքածուի տեղափոխությունից հետո։ Ֆեյսբուքյան հարթակում պարբերաբար տեղադրվում են Քաշաթաղի երկրագիտական թանգաանի հավաքածուի ցուցադրության մասին տեղեկատվություն։
Վիճակը պատերազմից հետո
Պատերազմի ընթացքում թանգարանի հավաքածուն տարհանվել է։ Պատերազմից հետո քաղաքում հողին հավասարվեցին բազմաթիվ շենքեր, տեղում նոր տներ կառուցելու նպատակով։ Թանգարանի շենքի վիճակն անհայտ է։
Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները
Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։