Մեծ Թաղերի Արմենակ Խանփերյանցի անվան թանգարան

Պատմությունը

Թանգարանը նվիրված է Խորհրդային միության ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցին։ Այն գտնվում է Խանփերյանցի ծննդավայրում՝ Հադրութի շրջանի Մեծ թաղեր գյուղում։

Թանգարանի հիմնադրման որոշումը եղել է 1975 թվականին։ Որոշումից հետո մոտ հինգ տարի կատարվել են ներքին հարդարման ու ձևավորման, մարշալի բրոնզե կիսանդրու տեղադրման հետ կապված աշխատանքները: Թանգարանի հանդիսավոր բացմանը, որը տեղի է ունեցել 1980 թվականի մայիսի 9-ին, ներկա են եղել նաև մարշալի ընտանիքի անդամները:

Արմենակ Խանփերյանցի անվան թանգարանը «Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի» մասնաճյուղերից մեկն էր։

Հավաքածուն

Թանգարանն ուներ 2195 ցուցանմուշ, որոնց մեծ մասը Ա. Խանփերյանցի կյանքն ու գործունեությունը ներկայացնող լուսանկարներ, փաստաթղթեր և անձնական իրեր Էին: Սրահներում ներկայացված էին նաև գյուղի մշակութային կերպարը ներկայացնող՝ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ազգագրական բնույթի նյութերը, ինչպես նաև գյուղի շրջակայքից հայտնաբերված հնագիտական իրեր։ Թանգարանում վերջին տարիներին հավաքվել և ցուցադրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ։

Մեծ Թաղերի Արմենակ Խանփերյանցի անվան թանգարանի բացառիկ ցուցանմուշներից  էր գյուղում գործված 100 տարեկան գորգը: Ուշագրավ էր նաև թանգարանի բակում տեղակայված Միգ 17 կործանիչ ինքնաթիռը

Գործունեությունը պատերազմից առաջ

Արցախյան առաջին պատերազմի տարիներին թանգարանը ժամանակավոր դադարեցրեց իր գործունեությունը։ Իսկ 2000 թվականից՝ Արցախում մշակութային կյանքի «վերածննդի» պայմաններում այն վերաբացվեց։ Վերաբացումից հետո թանգարանի հավաքածուն համալրվել էր Արցախի տարբեր արվեստագետների ստեղծագործություններով (Այդուհանդերձ թանգարանն այցելուների պակաս չունի, 3.02.2020)։

Թանգարանում ցուցադրված ցուցանմուշների ներկայացումից պարզ է դառնում, որ թանգարանը միայն Ա. Խանփերյանցի գործունեությանը նվիրված կառույց չէր։ Այն կարևոր կրթական և մշակութային գործառույթ իրականացնող կառույց էր, որտեղ հավաքվում էին շրջակայքին վերաբերող տարբեր նյութեր, իրականացվում տարբեր կրթական ծրագրեր։

նկ. 1 Թանգարանի ընդհանուր արտաքին տեսքը և Ա. Խանփերյանցի կիսանդրին՝ թանգարանի բակում, լուս․` Գեղամ Սարյանի ֆեյսբուքի էջից։

նկ. 3 Թանգարանի ցուցասրահի ընդհանուր տեսքը, լուս․` Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 5 Թանգարանի ցուցասրահի ընդհանուր տեսքը, լուս․` Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 2 Թանգարանի ցուցասրահի ընդհանուր տեսքը, լուս․` Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 4 Թանգարանի ցուցասրահի ընդհանուր տեսքը, լուս․` Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 6 Թանգարանի ցուցասրահի ընդհանուր տեսքը, լուս․` Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

նկ. 7 Թանգարանում ցուցադրվող գորգերից մեկը, լուս․` Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության։

Վիճակը պատերազմից հետո

44 օրյա պատերազմի ընթացքում թանգարանային ամբողջ ցուցադրությունը և ֆոնդերը մնացել են տեղում, ինչի պատճառով անցել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։

2021  թվականի օգոստոսի 20-ին «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ https://war.karabakhrecords.info» կայք էջը տարածեց տեղեկատվություն առ այն, որ Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի կիսանդրին (Արմենակ Խանփերյանցի կիսանդրու և «ՄիԳ-17» կործանիչի ավերումը Մեծ Թաղերում, 25.08.2021):

Թանգարանը և միջազգային իրավական կարգավորումները

Ինչպես ցանկացած մշակութային արժեքի, այնպես էլ թանգարանի և հավաքածուի պաշտպանության միջազգային իրավա-օրենսդրական հիմքը կազմում են Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թվականի կոնվենցիան և իր երկու արձանագրությունները (1954 և 1999 թվականներ)։ Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի։

Աղբյուրների ցանկ

  1. Արմենակ Խանփերյանցի կիսանդրու և «ՄիԳ-17» կործանիչի ավերումը Մեծ Թաղերում, 25.08.2021 - https://monumentwatch.org/hy/alerts/%D5%A1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%AD%D5%A1%D5%B6%D6%83%D5%A5%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D6%81%D5%AB-%D5%AF%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%B8%D6%82-%D6%87-%D5%B4%D5%AB%D5%A3-17/։
  2. Այդուհանդերձ թանգարանն այցելուների պակաս չունի, 3.02.2020 – Ազատ Արցախ - https://www.artsakhtert.com/arm/index.php/carriage/item/28206-2020-02-03-14-27-17։